Շնորհավոր ծնունդդ, Ռուբեն. ուրախության, ծափերի ու շնորհավորանքների փոխարեն այս օրը լցված է լռությամբ. Վարդան Ավագյան

Վարդան Ավագյանը գրում է. «Շնորհավոր ծնունդդ, Ռուբեն։

Սակայն ուրախության, ծափերի ու շնորհավորանքների փոխարեն այս օրը լցված է լռությամբ։ Լռություն՝ որն ավելի ծանր է, քան խոսքերը, քան շքեղ խոսքերը, քան անգամ աղմկոտ ամբիոնները։ Այս լռության խորքում կա սպասում։ Սպասում՝ Քեզ, Տունդ, Ապագադ վերադարձնելու։

Քո անազատությունն ազատության ամենախորը սահմանումներից է դարձել։ Քեզ զրկել են ազատությունից, բայց չեն կարողացել կոտրել գաղափարներդ։ Քո բացակայությունը դարձել է ներկայություն՝ ամեն հայի խղճում, ով տեսել է սուտը, բայց չի համակերպվել, լսել է քար լռությունը, բայց չի լռել։

Դու ստեղծեցիր ոչ միայն ծրագրեր, դպրոցներ, հիմնադրամներ։ Դու մարդկանց հավատ վերադարձրիր։ Դու ասացիր՝ «հնարավոր է», երբ բոլոր կողմերից ասում էին՝ «ուշ է»։ Դու գնացիր այնտեղ, որտեղ բոլորը հետ էին դառնում։ Դու կանգնեցիր այնտեղ, որտեղ մնացածներն ընկնում էին։

Եվ այսօր, երբ քեզ պահում են մետաղե դռների ետևում, մենք գիտենք՝ դրանք կարող են փակել մարմինը, բայց ոչ՝ արժանապատվությունդ և ոչ՝ հայացքդ, որ նայում է դեպի վաղվա Հայաստանն իր երեխաներով, իր ստեղծագործողներով, իր հիշողությամբ ու իր հույսով։

Այսօր ուզում եմ ասել միայն մեկ բան՝ մենք ամաչում ենք, որ արժանի չենք քեզ։ Բայց հենց այդ ամոթն է ստիպում նորից կանգնել, գործել, շարունակել։

Ծնունդդ շնորհավոր, Ռուբեն։

Թող այս օրը դառնա ոչ թե պարզապես տարեթիվ, այլ հիշեցում՝ որ քեզ սպասում են։ Որ մենք քո կարիքն ունենք։ Որ լույսը միշտ վերադառնում է։

Թող ճշմարտությունը հաղթի։ Եվ դու՝ վերադառնաս»։

Տեսանյութեր

Լրահոս