«Ցածր օղակի հրամանատարները հաճախ բախվում են մի խնդրի. զեկուցում են վերադաս հրամանատարությանը որևէ միջադեպի մասին, սակայն վերադաս հրամանատարները չեն պատժում մեղավորներին». ռազմագետ
Կոմունիստական գաղափարախոսությունը և միլիոնանոց բանակի համար գրված կանոնագիրքը մենք դրել ենք մեր զորքերի ամենօրյա կառավարման հիմքում, ինչը բերում է բավականին մեծ խնդիրների: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցը՝ անդրադառնալով բանակում տիրող իրավիճակին՝ միաժամանակ նշելով, որ դրանում մեղավոր ենք մենք՝ բոլորս, մեզանից յուրաքանչյուրը, ոմանք՝ որպես ծնող, ոմանք՝ որպես հրամանատար, ոմանք՝ որպես իրավական ակտեր ընդունող։
«Սովորաբար, ինչպես բոլոր հետխորհրդային պետություններում է, որտեղ բանակը ստեղծվել է խորհրդային բանակի մոդելով, իրավական տեսանկյունից մեղավոր են անմիջական և ուղղակի պետերը, այսինքն՝ հրամանատարական կազմը։ Այստեղ անհրաժեշտ է ուսումնասիրել և հասկանալ՝ ինչումն է խնդիրը, ինչու հրամանատարական կազմը չի կատարում իր պարտականությունները կամ կատարում է թերացումներով, ինչի արդյունքում տեղի են ունենում բանակային ցավալի դեպքեր։ Զորքերի ամենօրյա կառավարման և կարգապահության պահպանման հիմքը հանդիսանում են երկու օրենքներ՝ «ՀՀ ԶՈւ ներքին ծառայության կանոնագիրքը» և «ՀՀ ԶՈւ կարգապահական կանոնագիրքը»: Սրանցից առաջինն իրենից ներկայացնում է խորհրդային բանակի ներքին ծառայության կանոնագրքի հայերեն թարգմանությունը, որը տարիների ընթացքում որոշակի փոփոխությունների է ենթարկվել, սակայն այդ փոփոխություններն էական չեն զորքերի կառավարումն իրականացնելու համար։ Արդյունքում՝ ստացվում է, որ կոմունիստական գաղափարախոսությունը և միլիոնանոց բանակի համար մշակված կանոնագիրքը մենք դրել ենք մեր զորքերի ամենօրյա կառավարման հիմքում, ինչը բերում է բավականին մեծ խնդիրների, հատկապես՝ կրտսեր հրամանատարական կազմի համար։
Չնայած 2012 թվականին Կարգապահական կանոնագիրքը համարյա ամբողջությամբ փոփոխվել է, սակայն մի կարևոր հանգամանք մնացել է նախկինի նման. զինծառայողին անմիջապես ամենամոտ կանգնած հրամանատարական կազմի կողմից տրվող խրախուսանքները և պատիժները երբեմն զինվորի մոտ միայն ծիծաղ են առաջացնում, քանի որ այն հրամանատարները, որոնք լավագույնս ճանաչում են իրենց ենթականերին, իրականում ոչ մի խրախուսանք կամ պատիժ չեն կարող տալ, ինչը ցույց կտա իրենց պաշտոնի կարևորությունը։ Ցածր օղակի հրամանատարները հաճախ բախվում են մի խնդրի, երբ զեկուցում են վերադաս հրամանատարությանը որևէ միջադեպի կամ խնդրի մասին, սակայն վերադաս հրամանատարները չեն պատժում մեղավորներին, սա ուղղակիորեն դառնում է խթան ցածր օղակի հրամանատարական կազմի՝ իրենց անձնակազմի մոտ հեղինակազրկման համար, ինչի պատճառով կրտսեր հրամկազմը կարող է այլևս չզեկուցել դեպքերի և պատահարների մասին:
Իմ կարծիքով՝ խնդիրը ոչ թե մեկ-երկու կոնկրետ հրամանատարի մեջ է, այլ ամբողջ համակարգի, որի բարեփոխումները և իրավական դաշտի կարգավորումները միայն կարող են մեզ տալ հնարավորինս արդյունավետ և պատահարներից զերծ ծառայություն: Պետք է հասկանանք, որ թերի իրավական կարգավորումները պարարտ հող են ստեղծում այն դեպքում, երբ զորամասի ավագ հրամանատարները պատրաստ չեն հենարան դառնալ կրտսեր հրամանատարական կազմի համար»,- ընդգծեց մեր զրուցակիցը՝ պնդելով, որ, եթե զորամասի ավագ հրամանատարական կազմը կրտսեր հրամկազմի համար հանդես է գալիս որպես ոչ միայն՝ հրամանատար, այլև՝ ուսուցիչ և հենարան, ապա անգամ այսօրվա իրավական կարգավորման պայմաններում հնարավոր է իրականացնել կանոնադրական ծառայություն և առավելագույնս խուսափել պատահարներից:
Այս համատեքստում Հրաչյա Պետրոսյանցը բարձրացրեց սպայական կազմի հանդեպ հասարակական վերաբերմունքի, սպայական մասնագիտությունների հանդեպ հարգանքի բացակայության, ինչպես նաև սպայի սոցիալական պաշտպանվածության խնդիրը:
«Աշխարհի բոլոր երկրներում սպայական կազմի համար ստեղծված պայմանները նրանց դնում են առավել բարձր դիրքում, քան տվյալ երկրի միջին խավն է, ինչը, ցավոք, դժվար է ասել մեր դեպքում, երբ իրավական կարգավորումները բերում են նրան, որ սպան տուն ձեռք բերելու համար պետք է վճարի իր գրպանից, ինչն անմիջապես ազդելու է նրա սոցիալական վիճակի վրա, եթե կողմնակի այլ եկամուտներ չունի։ Ի դեպ, դա էլ օրենքով արգելված է, բացառությամբ մանկավարժական գործունեության։ Առավել ցայտուն է դա երևում, երբ սպան սահմանված ժամկետը ծառայելուց հետո զորացրվում է։ Սպաների գերակշիռ մասը չի կարողանում ադապտացվել քաղաքացիական հասարակությանը, չի կարողանում գտնել աշխատանք, և նրանք ստիպված են լինում կա՛մ տաքսի վարել, կա՛մ պահակ աշխատել։
Պետք է հասկանանք, որ ցանկացած սպա իր ծառայության ընթացքում տասնամյակներ շարունակ հանդես է եկել՝ որպես կառավարիչ, ընդ որում՝ տարիների ընթացքում նրա կառավարչական հմտությունները կատարելագործվում են այնպես, որ նույնիսկ ամենաթույլ սպան առավել կարգապահ, կատարողական և պահանջկոտ կառավարիչ է, քան մի քանի բարձրագույն կրթություն ստացած քաղաքացիական կառավարիչը։ Կան երկրներ, որոնք իրավական կարգավորումներն օգտագործելով՝ սահմանում են կառավարչական պաշտոններ, որոնք պետք է զբաղեցնեն միայն պահեստազորի սպաները։ Մինչդեռ մեզ մոտ ստեղծվում է իրավիճակ, երբ սպան տասնամյակների լարված ծառայությունից հետո, հարյուրավոր, հազարավոր ենթակաների կառավարելուց հետո հայտնվում է կամ մեքենայի ղեկին, կամ ինչ-որ հիմնարկության պահակատանը։
Ըստ այդմ՝ պետք է հետևություն կատարենք՝ այսօր ռազմական համալսարանների դիմորդներն ինչ ապագա են տեսնում իրենց համար»,- եզրափակեց ռազմական փորձագետը: