«Նման հարցերը պետք է շուտ լուծել, նավակը ճոճելուց շուռ է գալու». ԿԲ նախկին նախագահը՝ Ամուլսարի հարցի մասին

ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը թյուր է համարում իշխանությունների՝ ներդրումային ակնկալիքների հետ կապված ոգևորությունը:

«Հայաստանն այսօր պատրաստ չէ լուրջ ներդրումների համար: Եվ սա այսօրվա խնդիր չի: Հայաստանի զարգացման վերջին տասնամյակն այնպիսին էր, որ ներդրումների հոսքը պիտի կրճատվեր, և, եթե նայում ենք վերջին տասնամյակում վիճակն այս դաշտում, ապա հիմնականում կոնկրետ իրադարձություններով և գործառնություններով էր պայմանավորված ներդրումների աճը: Այս խնդիրը ՀՀ-ում այսօր էլ լուծված չի, ինստիտուցիոնալ լուծումներ են մեզ պետք: Առհասարակ, միջավայրն այդպիսին չի: Իհարկե, հասկանում եմ, որ իշխանություններն ուզում են ավելին տեսնել ամեն տարի, ցույց տալ, որ ավելի լավ է, բայց շատ ավելին է պետք անել, որ այդ միջավայրը ձևավորվի: Ինստիտուցիոնալ առումով, հատկապես, երբ խոսքը գնում է օտարերկրյա ծավալուն ներդրումների մասին, մենք պատրաստ չենք, և պետք չէ սպասել այս տարի, մյուս տարի, մինչև 2023-2024 թվականը»,- լրագրողների հետ հանդիպմանը վստահեցրեց Բագրատ Ասատրյանը:

Հիշեցնենք, որ տարեսկզբին տնտեսական հեղափոխության հայեցակարգը կառավարությունում ներկայացնելիս Փաշինյանն ասել էր, որ ձեռքի տակ կան բազմաթիվ ներդրումային ծրագրեր: Ավելին, 2019-ի հոկտեմբերին Փաշինյանը հայտարարել էր, թե ՀՀ-ում  տնտեսական հեղափոխությունը թափ է հավաքում, որը կարելի է տեսնել նաև անզեն աչքով, և, որ ՀՀ-ում հսկայական ներդրումներ են կատարվում:

ԿԲ նախկին նախագահը ներդրումային միջավայրի գնահատականների համատեքստում անդրադարձավ նաև Ամուլսարի և «Լիդիանի» հետ առկա խնդիրներին՝ չբացառելով, որ այն կարող է խոչընդոտ հանդիսանալ ներդրումների ներգրավման հարցում:

«Այդ էջը պիտի փակվի, քանի բաց է, իհարկե, մենք կորցնում ենք: Նման հարցերը պետք է շուտ լուծեն, չի կարելի ձգձգել: Այդ նավակը շատ ճոճելուց շուռ է գալու՝ անկախ նրանից՝ լա՞վ ես ճոճում, թե՞ վատ: Իշխանությունը պիտի վճռականություն դրսևորի, որի հիմքում պիտի լինեն այն ուսումնասիրությունները և գնահատականները, որոնք կան: Վճիռները պիտի կայացնեն, ոչ թե անընդհատ ձգձգեն»,- նշեց Ասատրյանը՝ հավելելով, որ լուծումները պիտի որակյալ լինեն, այդ թվում՝ բնապահպանական: Միաժամանակ՝ նա ակնարկեց՝ «Լիդիանի» տեխնոլոգիայի, մոտեցումների դեպքում էկոլոգիան անվտանգային առումով ավելի պաշտպանված է, քան այն, ինչ այսօր ունենք ՀՀ-ում, ինչի մասին վկայում է մեր հանքավայրերի վիճակը, բայց դրա մասին չեն խոսում:

Տեսանյութեր

Լրահոս