Հայաստանը դուրս է մղվում եվրոպական շուկաներից. Ինչ է կատարվում արտաքին առևտրի կառուցվածքում

Հայաստանի արտաքին առևտրի հաշվեկշիռը կրկին սկսել է վատանալ։ Որքան էլ շատերին գուցե դուր գա կամ չգա, բայց դա տեղի է ունեցել իշխանափոխությանը հաջորդող շրջանում, երբ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը բռնեց տնտեսական հեղափոխության ճանապարհը։

Մինչ այդ արտաքին առևտրի ոլորտում մեր երկրի դիրքերը հասցրել էին նույնիսկ որոշ չափով բարելավվել։ Դրանք շարունակում էին բարելավվել նաև «հեղափոխությունից» անմիջապես առաջ։ Խոսքը 2018թ. սկզբի մասին է։ Սակայն «հեղափոխությունը» կանգնեցրեց այդ ընթացքը։

Արտաքին առևտրի հաշվեկշիռը բավական կտրուկ վատացավ նախ՝ 2018թ., ապա շարունակեց վատանալ նաև անցած տարի։

Մինչհեղափոխական Հայաստանում արտահանման և ներմուծման տարբերությունը հասնում էր 1,8 անգամի։ Նախորդ 2 տարում այն բավականաչափ կրճատվել էր՝ արտահանման առաջանցիկ աճի արդյունքում։

Նոր Հայաստանում այդ պրոցեսը ոչ միայն կանգ առավ, այլև վերսկսեց հետընթաց արձանագրել։ Արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը կրկին խորացել է։ Հիմա արդեն արտահանումը ոչ թե՝ 1,8, այլ՝ գրեթե 2,1 անգամով է զիջում ներմուծմանը։ Եթե 2017թ. արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը կազմում էր 1 մլրդ 860 մլն դոլար, ապա անցած տարի կազմել է 2 մլրդ 874 մլն դոլար։ Այլ կերպ ասած, արտաքին առևտրի հաշվեկշիռը 2 տարում խորացել է առնվազն ևս 1 մլրդ դոլարով։ Դա տեղի է ունեցել արտահանման դիմաց ներմուծման առաջանցիկ աճի հաշվին։

Անցած տարի արտահանումը Հայաստանից ավելացել է։ Արձանագրվեց արտաքին շուկաներ հայկական ապրանքների մատակարարումների 9,4 տոկոս աճ, ինչը համարժեք է 228 մլն դոլարի։ Դրա փոխարեն՝ ներմուծումն ավելացել է 10,8 տոկոսով կամ 538 միլիոնով։ Ահա սա էլ դարձել է արտաքին առևտրի վատացման պատճառը։

Հայաստանին անհրաժեշտ է ոչ թե ներմուծման, այլ արտահանման առաջանցիկ աճ։ Այն, ինչ ունենք վերջին 2 տարիներին՝ ամենևին էլ տնտեսության օգտին չէ։ Դրա հետևանքով թուլանում է տնտեսության ու ֆինանսական հատվածի դիմադրողականությունն արտաքին հնարավոր ցնցումների նկատմամբ։

Անցած տարի Հայաստան է ներկրվել ավելի քան 5,5 մլրդ դոլարի ապրանք։ Այսինքն՝ 5,5 մլրդ դոլար գնացել է մեր երկրից՝ տարբեր տեսակի ապրանքներ ներմուծելու համար։ Այդքան գումարով Հայաստանը ֆինանսավորել է այլ երկրների տնտեսությունները, փոխարենը՝ կարող էր դրա ինչ-որ մասն ուղղել հայրենական արտադրությունների հաշվին՝ ներքին սպառման պահանջարկը բավարարելուն։

Գաղտնիք չէ, որ Հայաստանի տնտեսության զարգացումն անհնարին է պատկերացնել առանց արտահանման խթանման։ Սա գրեթե բոլոր ժամանակներում եղել է կառավարությունների առաջնահերթություններից մեկը։ Այլ հարց է, թե նրանց որքանո՞վ է հաջողվել լուծել այդ խնդիրը։

Այն, ինչ ունենք հիմա արտաքին առևտրի ոլորտում, ամենևին էլ գործող կառավարության օգտին չէ։ Արտահանման խթանումը կամ արտաքին առևտրի բարելավումը հայտարարություններով չի լինում։ Դրա համար անհրաժեշտ է կառուցել արտահանման վրա հիմնված մրցունակ տնտեսություն, պայմաններ ստեղծել մի կողմից՝ արտաքին շուկաներում տեղական արտադրության ապրանքների իրացման հնարավորությունների ընդլայնման, մյուս կողմից՝ ներքին շուկայում ներմուծման փոխարինման համար։

Նախորդ գրեթե 2 տարում կառավարությունը չի արել և ոչ մեկը։ Պատահական չէ, որ արտաքին առևտրի հաշվեկշիռը գնալով վատանում է։

Եվ ոչ միայն հաշվեկշիռը։ Մի շարք շուկաներում հայկական ապրանքները կորցնում են իրենց դիրքերը։

Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանն արագորեն դուրս է մղվում Եվրամիության երկրներից։ Անցած տարի այս շուկայում հայկական ապրանքների մատակարարումները կրճատվել են գրեթե 15 տոկոսով։

2019թ. Հայաստանն ավելի քիչ ապրանք է արտահանել Եվրամիության երկրներ, քան «հեղափոխությունից» 2 տարի առաջ։ 2017թ. ԵՄ արտահանումը կազմել էր 633 մլն դոլար, անցած տարի կազմել է 583 մլն դոլար։ 2017թ. ԵՄ բաժինն արտահանման մեջ ավելի քան 28 տոկոս էր, անցած տարի կազմել է հազիվ 22 տոկոս։

Նվազել է արտահանումը Գերմանիա՝ 49 տոկոսով, Դանիա՝ 50 տոկոսով, Ավստրիա՝ 45 տոկոսով, Բելգիա՝ 10 տոկոսով, Բուլղարիա՝ 3,5 տոկոսով։ Գրեթե դադարել են մատակարարումները Ռումինիա։ Անցած տարի արտահանումն այս երկիր կրճատվել է 99,7 տոկոսով. 2018թ. արտահանվել է՝ գրեթե 55 միլիոն, անցած տարի՝ 137 հազար դոլարի ապրանք։

Իշխանափոխությունից գրեթե 2 տարի անց կառավարությանը չի հաջողվում վերականգնել արտահանման ծավալները դեպի Միացյալ Նահանգներ։ Անցած տարի ԱՄՆ է մատակարարվել շուրջ 54 մլն դոլարի ապրանք։ Արտահանումը նախորդ տարվանից 7 միլիոնով ավելի է, բայց դեռևս չի հասել 2017թ. մակարդակին։ Այս տեմպերով գնալու դեպքում դեռ 1-2 տարի էլ անհրաժեշտ կլինի դրա համար։

Արաբական Միացյալ Էմիրությունների հետ Հայաստանի առևտրային հարաբերությունները, մասնավորապես՝ արտահանման ոլորտում, հաջողությամբ զարգանում էին «հեղափոխությունից» առաջ։ «Հեղափոխությունից» հետո հայկական ապրանքների մատակարարումները ԱՄԷ գրեթե կրկնակի կրճատվել են։

Անցած տարվա սկզբին, երբ վարչապետն այցելեց Իրան, խոսում էր հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերությունների խորացման և ընդլայնման, նոր որակների բարձրացման մասին։ Արդյունքում ունենք այն, որ նույնիսկ նախորդ տարվա մակարդակը չենք կարողացել պահել։ Արտահանումն Իրան կազմել է հազիվ 84 մլն դոլար, ինչն ավելի քան 10 միլիոնով կրճատվել է։ Այնպես չէ, որ դրա վրա ազդել են Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները։ Հայաստանից այդ երկիր է մատակարարվում հիմնականում էլեկտրաէներգիա, ինչի վրա պատժամիջոցների ազդեցությունը գրեթե զրոյական է։

Հայաստանը կորցրել է դիրքերը նաև Վրաստանում։ Ի դեպ, մինչև վերջերս Վրաստանն այն եզակի երկրներից էր, որի հետ Հայաստանն ուներ դրական առևտրի հաշվեկշիռ։ Այսինքն՝ արտահանումը գերազանցում էր ներմուծմանը։ Ցավոք, իշխանափոխությունից հետո այդ առավելությունն էլ է անհետացել։ Հիմա արդեն Վրաստանից ավելի շատ ներմուծում ենք, քան արտահանում։ Բայց ոչ այն պատճառով, որ վրացական ներմուծումն է շատացել, այլ այն պատճառով, որ կրճատվել է Հայաստանից արտահանումը։ Այն էլ՝ բավական կտրուկ։ Անցած տարի վրացական շուկայում մատակարարվել է ընդամենը 69 մլն դոլարի ապրանք։ Մինչդեռ մինչհեղափոխական տարում այն հասել էր 153 միլիոնի։

Հայաստանի առևտրային հարաբերություններն առայժմ ոչ մի կերպ չեն դասավորվում նաև ԵԱՏՄ անդամ որոշ երկրների, մասնավորապես՝ Ղազախստանի հետ. անցած տարի արտահանումն այս երկիր կրճատվել է 45 տոկոսով։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս