«Փաստ է, որ «ադրբեջանական համայնքը» ստատուսով օժտելու՝ բանակցային կողմի վերածելուն ուղղված քայլեր են ձեռնարկվում». Դավիթ Ջամալյան

168.am-ի զրույցակիցն է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը։

– Պարոն Ջամալյան, փետրվարի 12-ին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը հանդիպել է, այսպես կոչված, Լեռնային Ղարաբաղի «ադրբեջանական համայնքի» ղեկավար Թուրալ Գանջալիևի հետ: Այս մասին տեղեկանում ենք վերջինիս թվիթերյան էջից։ Հայկական կողմն ինչպե՞ս պետք է արձագանքի այս հանդիպմանը, ի՞նչ քայլեր ձեռնարկի, և առհասարակ, ինչո՞ւ է Ադրբեջանն այսպես ակտիվացրել այդ «համայնքին»։

– Ակնհայտ է, որ ադրբեջանաարցախյան հակամարտության կարգավորման գործընթացում առկա են տագնապահարույց զարգացումներ։ Այլևս փաստ է, որ, այսպես կոչված, Ղարաբաղի «ադրբեջանական համայնքը» ստատուսով օժտելու, նրան բանակցային կողմի վերածելուն ուղղված քայլեր են ձեռնարկվում։ Ընդ որում՝ մենք տեսնում ենք, որ պաշտոնական Բաքվի այս մտադրությունն ընկալելի է միջնորդների կողմից։ Ըստ այդմ՝ հարցը հետևյալն է՝ հաջողվե՞լ է արդյոք ադրբեջանական կողմին հաջողության հասնել այս հարցում։ Այնպիսի տպավորություն է, որ՝ այո՛։ Տվյալ դեպքում ես որպես հիմք եմ ընդունում ՀՀ արտաքին գերատեսչության վերջին հայտարարություններում տեղ գտած «Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչներ» եզրը։

Այսպես․ ՀՀ ԱԳՆ-ն վերջին օրերի հայտարարություններում հետևողականորեն ընդգծում է, թե այս եզրը նույնական է «Արցախի ընտրյալ իշխանություն» եզրին։ Հարց է ծագում․ ո՞ւմ են հասցեագրված այդ շեշտադրումները․ բանակցային գործընթացի մասնակիցների՞ն, թե՞ մեր՝ հայաստանյան լսարանին։ Եթե բանակցային գործընթացի մասնակիցներին, ապա արդյո՞ք վերջիններս համամիտ են այդ մեկնաբանության հետ։ Ակնհայտ է մի բան․ «Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչներ» և «Արցախի ընտրյալ իշխանություն» եզրերը նույնական լինել չեն կարող։ Չի՛ կարող ժողովրդավարական ավանդույթներ ունեցող կայացած պետության լեգիտիմ իշխանությունը բնորոշվել «ընտրյալ ներկայացուցիչներ» եզրով։ Ակնհայտ է, որ «Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչներ» եզրը ենթադրում է Արցախի ստատուսի իջեցում։ Եվ հետո՝ ինչո՞ւ հենց հիմա շրջանառության մեջ դրվեց «Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչներ» եզրը։ Տարօրինակ կերպով այդ եզրի ներմուծումը համընկնում է Ղարաբաղի «ադրբեջանական համայնքը» լեգիտիմացնելուն ուղղված քայլերի հետ։ Եթե այս ամենին գումարենք նաև իշխանական շրջանակներից հնչող այն թեզը, թե՝ «Ալիևն ում հետ ուզում է՝ թող գա», ապա ակնհայտ է դառնում, որ բանակցային գործընթացում զարգացումները վտանգավոր են։ Տեղին է հստակ շեշտել՝ եթե բանակցային գործընթացում Արցախը ներգրավվելու է ցածր կարգավիճակով, այսպես կոչված, ադրբեջանական համայնքին հավասարեցված, ապա այդ գնով ներգրավվելը գրոշի արժեք չունի։ Դա կնշանակի՝ համայնքների միջև բանակցությունների ձևաչափ, ինչը շահեկան է Ադրբեջանին, քանզի ենթադրում է Արցախի՝ Ադրբեջանի կազմում մնալու ենթատեքստը։ Մեր գերխնդիրն Արցախի սուբյեկտայնությունն ընդգծելն է, առկա իրողությունների լեգիտիմացումը։ Բանակցային գործընթացում Արցախը որպես լիարժեք կողմ պետք է ներգրավվի ներկա ստատուսով, միայն այդ դեպքում այդ ներգրավվածությունն արժեք կունենա։ Այո՛, սա բարդ խնդիր է, և պետք է ըմբռնումով մոտենալ այն հանգամանքին, որ հայկական կողմին դեռևս չի հաջողվել լուծել այն։ Անընդունելին, ինչը պետք է իբրև հանրային պահանջ՝ հստակ ներկայացվի հայկական դիվանագիտությանը, հետևյալն է․ հարկավոր է բացառել Ղարաբաղի «ադրբեջանական համայնքին» լեգիտիմությամբ օժտելը, Արցախի լեգիտիմ իշխանության ստատուսի իջեցում ենթադրող տարաբնույթ ձևակերպումները շրջանառելը, և, ի վերջո, բանակցային ձևաչափը համայնքների միջև երկխոսությանը հանգեցնելը։

– Քաղավիացիայի կոմիտեի ղեկավարն ԱԺ-ում անդրադառնալով Ստեփանակերտի օդանավակայանի շահագործմանը՝ նշել է, որ Ադրբեջանը փակել է Արցախի օդային տարածքը, ուստի այնտեղ թռիչք անել չենք կարող և Քաղավիացիան ոչինչ չի կարող անել։ Թռիչքներ կատարելու համար ի՞նչ կարող է անել Հայաստանը, պե՞տք է բավարարվենք «ոչինչ չենք կարող անել» ասելով, թե՞ գործուն քայլեր են անհրաժեշտ։

– Ստեփանակերտի օդանավակայանի բնականոն աշխատանքը հայկական կողմերը դիտարկել են մարդասիրական իրավունքի, մասնավորապես՝ մարդկանց ազատ տեղաշարժի ապահովման համատեքստում։ Ներկայումս բանակցային գործընթացում ակտիվորեն շրջանառվում է «ժողովուրդներին խաղաղության պատրաստելու» իրականում կեղծ օրակարգը, որն իր գործնական դրսևորումներն է ստանում ոչինչ չտվող ինչ-որ ակցիաների տեսքով։ Հիմա հայկական կողմը կարող է Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման հարցը բանակցային գործընթացում առաջ բերել «ժողովուրդներին խաղաղության պատրաստելու» համատեքստում՝ որպես վստահության մթնոլորտի ստեղծման կարևոր, իրական քայլ։ Ի վերջո, այդ քայլով հայկական կողմերը «ժողովուրդներին խաղաղության պատրաստելու», ըստ իս՝ պարտադրված օրակարգը կհագեցնեն հայանպաստ բովանդակությամբ։

Ի դեպ, կապված ժողովուրդներին խաղաղության պատրաստելու հետ․ ժողովուրդները պետք է խաղաղ ապրեն երկու ադրբեջանական ագրեսիայի արդյունքում ձևավորված Արցախի պետական սահմանի այս ու այն կողմում․ այս տեսլականի շուրջ պետք է պատրաստել ժողովուրդներին խաղաղության։ Վստահ եմ՝ չկա և չի կարող լինել Արցախում այնպիսի իշխանություն, որը նահանջի այս դիրքորոշումից․ դիրքորոշում, որին տեր կանգնելն իրականում ոչ միայն Արցախի, այլև ողջ հայոց պետականության կենսունակության երաշխիքն է։

Տեսանյութեր

Լրահոս