Ձուն վաճառվում է ինքնարժեքից ցածր գնով. ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրում է ածան հավերի ներմուծման թիվը
Վերջին օրերին ձվի գնի նվազումը շարունակում է անհանգստության ու մտահոգության պատճառ լինել: Թռչնաֆաբրիկաների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանի խոսքով՝ ձվի գնի նվազեցման հիմնական պատճառը սննդային ձվի գերարտադրությունն է: Սակայն որոշ գնահատականներով՝ գնի նվազեցումը պայմանավորված է նաև ձվի մեծ քանակի ներկրմամբ:
Ահազանգերի հետևանքով ձվի գնի կտրուկ նվազումը նաև Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է: Մոտ 20 օր է՝ ՏՄՊՊՀ-ն սկսել է ուսումնասիրություն ձվի շուկայում:
«Փոքր տնտեսվարող սուբյեկտների կողմից ահազանգեր են ստացել, դրանից հետո մամուլում ևս տեղեկություն հայտնվեց, որ շուկայում ահագնացող վիճակ է, ձվի ինքնարժեքը 20-25 դրամ է, որն աննախադեպ է: Ուզում եմ հստակ ասել՝ մամուլում տեղ գտած այն տեղեկությունը, որ պատճառը ներմուծումն է, այդպիսի բան չկա»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը՝ հավելելով, որ վերջին անգամ ՀՀ ձու ներմուծվել է 2019 թվականի սկզբին:
Հանձնաժողովի նախագահին ևս հայտնի է Թռչնաֆաբրիկաների միության պաշտոնական տեսակետը, որ գնանկման պատճառը գերարտադրությունն է:
«Բայց մենք հենց հիմա ուսումնասիրում ենք, թե ինչքան նոր ածան հավ է ներմուծվել, դրանց ածելու քանակն ու չափը, արդյո՞ք կա ժամկետանց ձու, թե՞ չկա: Մենք ներգրավել ենք նաև մեր ՍԱՏՄ գործընկերներին: Կարծում եմ՝ մոտ ժամանակներս կհասկանանք ինքնարժեքի կառուցվածքն ու արդյո՞ք խոշոր տնտեսվարող սուբյեկտները փորձում են մանրերին դուրս մղել»,- ասաց Գեղամ Գևորգյանը՝ հավելելով, որ շուկայում միանգամից ավելացել է ձու արտադրողների քանակը, ինչի հետևանք է նաև գնանկումը:
Ուսումնասիրության արդյունքում ՏՄՊՊՀ նախագահի առաջին տպավորությունն այն է, որ իրականում ձուն վաճառվում է ինքնարժեքից ցածր: