«Եթե Ucom-ի և «Բիլայն»-ի միացման արդյունքում մրցակցության առումով խնդիր լինի, հնարավոր է՝ պետությունը պայմաններ թելադրի». ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյան
2019 թվականի դեկտեմբերի վերջին հայտնի դարձավ, որ Ucom-ը ցանկանում է գնել «Վեոն Արմենիա» ընկերության ապրանքանիշ «Բիլայն»-ը: Այս տեղեկությունը շատերը գնահատեցին՝ որպես մենաշնորհի առաջացում, ինչը կբերի սակագնի բարձրացման:
Գնման գործընթացն այս պահին ուսումնասիրվում է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում: Հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը գնման արդյունքում առաջացող խնդիրների մասին դեռ հստակ մատնանշումներ չի անում. ուսումնասիրություն է իրականացվում:
«Ընդամենն օրեր առաջ առաջին նիստն էր: Տեղեկատվություն ենք հավաքագրում, որպեսզի հասկանանք, թե հնարավոր շուկաներում ինչ է կատարվելու: Ընդ որում՝ շուկաները թե՛ ամրակցված կապն է, թե՛ ինտերնետն է, թե՛ շարժական ինտերնետն է, թե՛ բջջային կապն է, թե՛ ունեցած ենթակառուցվածքներն են, թե՛հեռուստատեսության վերահեռարձակման իրավունքն է: Բոլոր շուկաներում առանձին-առանձին նայելու ենք, հասկանալու ենք սրանք, որոնք ամրակցված կապը համարենք, և ամբողջական պատկեր ենք ներկայացնելու»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը:
Նրա խոսքով՝ եթե նկատեն, որ բջջային օպերատորների միացման արդյունքում շուկայում տնտեսական մրցակցության առումով խնդիրներ են առաջանում, ապա հնարավոր է նաև լինի գործարք որոշակի պայմաններով, ու այդ պայմանները թելադրի պետությունը:
«Բայց այս պահին որևէ վերջնական որոշում չկա, որովհետև ամբողջական տվյալները դեռևս չունենք, վերլուծում ենք, վերլուծում ենք նաև ընկերությունների վերջին ֆինանսական հաշվետվությունները, բացասական և դրական բալանսով աշխատելու երևույթը, և այլն»,- ասաց Գ. Գևորգյանը:
Օպերատորների միացումը նաև շատերի համար ֆիքսված կապի ոլորտում մենաշնորհ կանխատեսելու առիթ հանդիսացավ: Հիմքում այն պնդումն է, որ այսօր ֆիքսված կապի ոլորտում «Բիլայնը» սպասարկում է ֆիքսված կապից օգտվողների 70-80%-ին:
«Մենաշնորհ չի լինի, բայց կլինի գերիշխող դիրքի կենտրոնացվածություն, այսինքն՝ գերիշխող դիրքը կմեծանա»,- նշեց ՏՄՊՊՀ նախագահը՝ հավելելով, որ այս հարցը քննարկելիս պատրաստվում են գնահատել նաև ֆիքսված կապից օգտվողների քանակը՝ հասկանալու համար՝ արդյոք ֆիքսված կապի տենդենցը շարունակվո՞ւմ է, թե՞ ոչ, և դա ի՞նչ հնարավոր ազդեցություն կարող է ունենալ:
ՍՄՊՊՀ նախագահը նաև չի հստակեցնում՝ հնարավո՞ր է՝ գերիշխող դիրքի կենտրանացման արդյունքում սակագնի բարձրացում նկատվի: Ըստ նրա՝ ուսումնասիրել են տարբեր երկրների փորձը և նկատել են, որ կան երկրներ, որտեղ բջջային օպերատորների միացումից հետո եղել է գների բարձրացում, որոշ երկրներում էլ եղել է սակագնի իջեցում, բայց կան նաև երկրներ, որտեղ սահմանվել են որոշակի պայմաններ:
Թե ինչո՞ւ է Ucom-ը ցանկանում գնել «Բիլայն»-ը, կա միայն ՏՄՊՊՀ ներկայացրած սեփականատերերի պաշտոնական հիմնավորումը, որի համաձայն՝ միացումը պայմանավորված է, առաջին հերթին՝ ծախսերի կրճատմամբ, որովհետև երկու տնտեսվարող սուբյեկտ պահելու համար ֆիքսված ծախսերը երկու անգամ շատ են լինում:
«Իսկ հաշվի առնելով նաև այն, որ իրենք անընդհատ կորցնում են հաճախորդներ, հաճախորդների քանակն անընդհատ տրանսֆորմացվում է բջջային զանգից դեպի ինտերնետ տիրույթ, օրինակ՝ whatsupp, viber, իսկ այդտեղից գումարի հավաքագրումը շատ ավելի քիչ է, այդ պատճառով ցանկանում են միավորել ուժերը, որպեսզի կարողանան շուկային դիմակայել»,- նշեց Գեղամ Գևորգյանը:
ՏՄՊՊՀ ուշադրության կենտրոնում է նաև այն հանգամանքը, որ Ucom-ի և «Բիլայն»-ի միավորման արդյունքում երրորդ օպերատորի ներգրավման դժվարություններ կարող են առաջանալ: ՏՄՊՊՀ նախագահի խոսքով՝ եթե գործարքը թույլատրվի, հանրավոր է, որ ընկերությունների առաջ դրված պայմանները վերաբերեն նաև երրորդ օպերատորի ներգրավմանը:
Ucom ընկերության բաժնետոմսերի մեծ մասը պատկանում է Գագիկ Խաչատրյանին, ում այժմ մեղադրանք է առաջադրված պաշտոնեական դիրքը չարաշահելու համար: Արդյոք այս հանգամանքը չի՞ անդրադառնա գնման գործընթացի վրա, կամ ի՞նչ կա իշխանությունների օրակարգում այս խնդրի վերաբերյալ:
«Չգիտեմ՝ իշխանություններն ինչ ունեն օրակարգում: Ես գործադիրի մաս չեմ կազմում, մենք ինքնավար մարմին ենք, գործում ենք բոլորից անկախ: Մեզ նշանակում և ընտրում է ԱԺ-ն, ու մենք որևէ քաղաքական անհանգստություն որևէ ֆիզիկական անձի գործունեության դիրքի ու չափի հետ չունենք»,- հարցին ի պատասխան՝ ասաց Գեղամ Գևորգյանը: