Ժողովրդին պետք է Սահմանադրությո՞ւն, թե՞ «զոհեր»

Այն փաստին, որ այսօր մեր քաղաքացիներից շատերը ոչ միայն չեն կարդացել Սահմանադրությունը, այլև չգիտեն, թե այն ինչ է իրենից ներկայացնում, ըստ էության, կհամաձայնեն շատերը․ հավանաբար կհամաձայնեն նաև այն հարցում, որ հենց նման մարդիկ էլ այսօր ջանասիրաբար ու խանդավառված լծվել են առաջիկայում սպասվող հանրաքվեի «Այո»-ի քարոզին։

Սահմանադրությունը բավականին բարդ կոնցեպտուալ իրավաքաղաքական փաստաթուղթ է, և ոտքի վրա այն մեկնաբանելն ու փողոցային մակարդակի քննարկումներ անելը, առաջին հերթին՝ հարված է պետությանն ու պետականությանը։ Սակայն այսօր բոլորս ականատես ենք լինում, թե ինչպես են օրվա իշխանություններն ամեն ինչ անում պետության սահմանադրականությունը ոտքի տակ տալու հարցում։

ՀՀ դատաիրավական համակարգի ամլացման գործընթացը գնալով «ձնագնդի էֆեկտ» է ստանում, քանի որ օրըստօրե իշխանություններն ավելի բացահայտ են ի ցույց դնում ողջ հանրության առաջ, թե ինչքան գերկարևոր է, որ ՍԴ-ում փոխվեն դատավորները։ Ավելին, իշխանության պրիմիտիվ քարոզը փորձում է շարքային քաղաքացուն ավելի համոզիչ ու պարզ մատուցել, թե «հեղափոխության վերջնական արդյունքի համար որքան կարևոր է մաքրել ՍԴ-ն»։ Հրայր Թովմասյանի դեմոնիզացման գործընթացը ներկա փուլում հասել է բավականին բարձր մակարդակի, բայց կարող ենք կանխատեսել, որ առաջիկա ամսվա ընթացքում, այսինքն՝ հանրաքվեի բուն քարոզարշավի ժամանակ, այն կհասնի իր կուլմինացիային

Իրականում Հրայր Թովմասյանի հետ կապված այս խնդիրները, որոնք արհեստականորեն բերված են հանրային օրակարգ, մարդկանց ապացուցում է, որ Փաշինյանն ամենակարող չէ, ինչպես թվում էր երկու տարի առաջ: Ավելին՝ որոշակի դիմադրություն ցույց տալու դեպքում, նա հայտնվում է ցուգցվանգի առաջ։ Այդպես մտածում են նաև Փաշինյանի թիմում, և քանի որ Փաշինյանի թիմն ի սկզբանե գաղափարականացված ինչ-որ կառույց չէ, կան ռիսկեր, որ հնարավոր է՝ թիմում պառակտում տեղի ունենա և ճաքեր տան: Այդ պատճառով է, որ Նիկոլն այսօր կյանքի գնով փորձում է  Հրայրից ազատվել և մեխանիկորեն խուսափել կործանումից: Սա արդեն ոչ թե իրավական վեճ է, այլ՝ կենաց-մահու կռիվ:

Նիկոլ Փաշինյանը, իրեն բնորոշ պոպուլիզմին հավատարիմ, ակնհայտորեն հանրաքվեի քարոզարշավի մեխերը կկազմի հետևյալ թեզերի վրա․ «սա հանրաքվե է՝ ընդդեմ հնի», «սա ՀՀԿ-ի տապալման ու ջախջախման «այո»-ն է», «ժողովուրդն է իր պետության լիիրավ տերը, ոչ ոք չի կարող դեմ կանգնել ժողովրդի ազատ կամարտահայտմանը», «մենք մեր յուրաքանչյուր քվեին տեր ենք կանգնելու», «հայտնի կանտորաներն ու ֆեյքերը կստանան իրենց համարժեք պատասխանը», և նմանատիպ այլ պաթոսախեղդ լոզունգներ։

Փաստն այն է, որ անկախ հանրաքվեի արդյունքից, որը, պարզ է, հակասահմանադրական է, ՀՀ-ն ընկնելու է երկարաժամկետ խնդիրների մեջ, քանզի յուրաքանչյուր ընտրություն ունի իր ռիսկային հետևանքները, և միայն որոշակի ժամանակ անց է ժողովուրդն իր վրա զգալու այդ ընտրության թողած հետևանքը։ Երբ իշխանությունները խոսում են ներդրումների ու «տնտեսական հեղափոխության մասին», հաշվի չեն առնում այն հանգամանքը, որ ներդրումները սիրում են կայունություն և հանգիստ միջավայր, իսկ յուրաքանչյուր ընտրություն իր հետ բերում է հերթական ցնցումը՝ հանրության մոտ առաջացնելով հերթական սպասման ալիքը՝ անորոշ ժամանակով հետաձգելով ներդրումային հեռանկարը։

Առաջիկայում ՀՀ սպասվող խնդիրների զգալի հատվածը կապված է լինելու այս հակասահմանադրական գործընթացի վերաբերյալ ՀՀ միջազգային գործընկերների ունեցած վերաբերմունքին, և արդեն իսկ հնչեցրած բացասական հռետորաբանությանը։ Զարմանալին այն է, որ ԵԽԽՎ հայաստանյան համազեկուցողների և Վենետիկի հանձնաժողովի նախագահի հնչեցրած տեսակետների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը մինչ օրս անձնական կարծիք չի հայտնել․ նա իր տեսակետները հնչեցրել է իր թիմակիցների բերանով՝ հայտարարելով, թե Վենետիկի հանձնաժողովն ընդամենը խորհրդատվական կարծիք հայտնելու լիազորություններ ունեցող կառույց է, և այն երբեք իմպերատիվ բնույթ չի ունեցել։ Իմքայլական թիմի անդամներն իրենց խոսքում անընդհատ փաստում են, թե միջազգային այս գնահատականների նմանօրինակ վարքագծի թիկունքում կանգնած են նախկին իշխանությունները, ինչը ևս մեկ առիթ է հանրության աչքին հերթական «թոզփչոցին» կազմակերպելու և հակակրանքի հերթական արհեստական ալիքի բարձրացմանը նպաստելու համար:

Ըստ էության՝ իշխանությունները  «на ура» մտնում են հավերժ տեղապտույտի մեջ․ նրանք իրենց կառավարման այս ժամանակահատվածում ոչ մի հարցի շուրջ այդպես էլ խորքային ուսումնասիրություն ու վերլուծություն չկատարեցին։ Հետևելով նրանց գործունեության ընթացքին՝ պարզ է դառնում, որ իրենց կատարած որևէ քայլից առաջ՝ լինի դա որևէ ձերբակալություն կամ հնչեցրած հայտարարություն, բացակայում է խորքային հիմքը․ նախ ձերբակալվում են մարդիկ, կամ արվում են հայտարարություններ, հետո նոր միայն սկսում են հետևություններ անել դրանց թողած հետևանքների մասին։

Նախօրեին ֆեյսբուքյան իր էջում հրապարակած ոտանավորով Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն «Այո»-ի ֆալշստարտ արեց՝ հերթական անգամ ապացուցելով, որ առաջիկա նախընտրական կամպանիան անցնելու է «սևի ու սպիտակի» հերթական բևեռացման ֆոնին։ Իշխանություններն իրենց խոսքում արդեն իսկ ատելություն են քարոզում՝ իրենց կարծիքին դեմ գնացող յուրաքանչյուր տեսակետ համարելով սխալ։ Ի դեպ, նման վարքագիծ դրսևորելու «քավորը» նույնպես Փաշինյանն է, ով իր հռետորաբանության մեջ քանիցս ակնարկել է, որ իր հայտարարած գաղափարին դեմ գնացողը դեմ է գնում ժողովրդին․ ստացվում է, որ իրեն մերօրյա Մեսիա հռչակած Նիկոլը լրիվ մտել է դերի մեջ և փորձում է ամենուր տարածել, ինչո՞ւ ոչ, նաև պարտադրել բացառապես սեփական տեսակետն ու պնդումները։

Արմեն Հովասափյան

Տեսանյութեր

Լրահոս