«Իսկ կարո՞ղ է՝ շաբաթն ուրբաթից շուտ գա». Տիգրան Ուրիխանյանը՝ հանրաքվեի ու ԲՀԿ-ն լքելու մասին

«Եթե ես հայտարարեի, որ իմ և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ինչ-ինչ սկզբունքներն այլևս համահունչ չեն իրար, հիմա կկարողանայի պատասխանել հարցին, թե հստակ ի՞նչ սկզբունքների մասին է խոսքը, բայց քանի որ հայտարարություն տարածողը եղել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, ուստի չեմ կարող ասել, թե հայտարարության տեքստում ի՞նչ սկզբունքների մասին է խոսքը»։ Այս մասին այսօր 168TV«Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը՝ նշելով, որ խմբակցությունից հեռացել է հստակ գիտակցումով:

«Ես պատիվ եմ ունեցել այդ խմբակցության կազմում մասնակցել արված շատ մեծ գործերի և ցանկանում եմ հիշել միայն լավը, հիմնվել միայն բարի, դրական ընկալումների վրա։ Փաստացի տեղի ունեցած իրադարձություններին մշտապես աջակցելու եմ խմբակցությանը»,- ասաց Ուրիխանյանը՝ շեշտելով, որ իր համար բարդ իրավիճակ ստեղծվել էր դեռևս 2016 թվականի վերջին, այդ ժամանակ մանդատը վայր դնելու որոշում էր կայացրել, սակայն բանակցությունների արդյունքում ետ կանգնեց իր որոշումից: Իսկ ինչ վերաբերում է 2019 թվականի վերջին, ապա, նրա խոսքով՝ այն ժամանակ մանդատը վայր դնելու ցանկություն չի ունեցել, և խոսքն ընդամենն աշխատանքային գործունեության դադարեցման մասին էր։

Հարցին՝ իսկ մանդատը վայր դնելու որոշումը կայացնելուց և խմբակցությանը հայտնելուց հետո ո՞վ համոզեց իրեն ետ կանգնել որոշումից, Ուրիխանյանը պատասխանեց, որ այդ պատասխանատվությունը ստանձնել էր խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։ «Իմ բոլոր  քննարկումները եղել են խմբակցության ղեկավարի հետ։ Հենց նրա անձով է պայմանավորված եղել նաև իմ միավորումը «Ծառուկյան» դաշինքին. այդտեղ որևէ հարց չի կարող լինել»,- ասաց Ուրիխանյանը։

Հարցին՝ բացառո՞ւմ է, որ այս անգամ էլ Գագիկ Ծառուկյանն իր հետ զրուցի, և ինքը կրկին համալրի ԲՀԿ-ի շարքերը, Տիգրան Ուրիխանյանն արձագանքեց շատ կարճ. «Ես արդեն դուրս եմ եկել խմբակցությունից, արդեն անկախ պատգամավոր եմ, եկեք այսքանով ավարտենք»։

Անկախ պատգամավորը նշեց, որ ԲՀԿ-ից դուրս է եկել շատ հստակ մեկ նպատակի համար՝ վարել ուրույն, ինքնուրույն և առանձին քաղաքական կուրս։

«Եվ սա չի նշանակում, որ մարդկանց հետ փոխհարաբերություններում պետք է լինեն խնդիրներ։ Ես հայտնել եմ իմ պատրաստակամությունը ժողովրդահաճո նախաձեռնություններին աջակցելու, այդ թվում՝ ոչ միայն ԲՀԿ-ին։ Պարզ տրամաբանությունը հուշում է, որ, եթե լինեն լավ օրենքներ, պետք է աջակցեմ»,- ասաց նա։

Հարցին՝ այդ նույն պարզ տրամաբանությամբ՝ արդյոք կմիանա՞ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի առաջարկին՝ հանրաքվեի մասին օրենքի սահմանադրականության հարցով ՍԴ դիմելու համար, Ուրիխանյանը պատասխանեց.

«Բայց Մարուքյանն ինձ որևէ բան չի ասել, երբ առաջարկի՝ կքննարկեմ և կպատասխանեմ։ Իմ ուղղությունն առավել շատ սոցիալական է, իսկ դա նշանակում է աջակցություն ՀՀ քաղաքացիներին՝ առավել արդյունավետ տնօրինելու իրենց միջոցները»։

Հարցին՝ այդ դեպքում ի՞նչ դիրքորոշում ունի հարկատուների վճարած միջոցներից 2.7 միլիարդ դրամ հանրաքվեի անցկացման համար հատկացնելու որոշման վերաբերյալ, Տիգրան Ուրիխանյանը պատասխանեց. «Ես գիտեմ, որ չարժեր 2.7 միլիարդ դրամ հատկացնել։ Եթե կային այլ ճանապարհներ, պետք էր գնալ այդ այլ ճանապարհներով խնդրի լուծման համար»:

Պատգամավորի համոզմամբ՝ Հայաստանում ապրող 800 հազար աղքատ քաղաքացի ունեցող երկրի համար անընդունելի է 2.7 միլիարդ դրամ հանրաքվեի համար ծախսելը։

Տիգրան Ուրիխանյանն անհասկանալի է համարում հանրաքվեն այն դեպքում, երբ գործող իշխանությունն արդեն ցույց էր տվել, որ կարող է իշխանափոխության հասնել՝ ժողովրդին պարզապես Հանրապետության հրապարակ հրավիրելով։

«Հիմա հարց՝ իսկ ինչո՞ւ ժողովրդին չհրավիրեցին Հանրապետության հրապարակ, չէ՞ որ իշխանություն փոխվեց, համակարգ, հազար ու մի բան փոխվեց՝ ժողովրդին հրապարակ հրավիրելով, կարելի էր դա փորձել, թե՞ էլ չի կարելի, որովհետև խնդիր կա,- ասաց  Ուրիխանյանը՝ շարունակելով հարցը,- Կարող է՝ հանկարծ շաբաթն ուրբաթից շուտ վրա հասնի, և Սահմանադրական դատարանի հարցը դառնա երկրորդական։ Իշխանությունն ասում է, որ հին համակարգի վերջին բաստիոնը պետք է կործանել, իսկ արդյո՞ք այդ բաստիոնի մեջ չեն մտնում կամ առանձին բաստիոններ չեն ներկայացնում նրանք, որոնք այդ նույն նախկին համակարգում զբաղեցրել են այն պաշտոնները, առանց որոնց չէր կարող լինել այն, ինչ եղավ։ Իսկ կարո՞ղ է՝ բաստիոն է Դավիթ Տոնոյանը, որը նախկինների ժամանակ էլ էր աշխատում, իսկ հիմա ճի՞շտ է, որ այսօր նա զբաղեցնի նախարարի պաշտոնը. նրանք՝ Տոնոյանը, Արթուր Դավթյանը, ՊԵԿ նախագահը և այլ շատ պաշտոնյաներ, ի՞նչ է, բաստիոննե՞ր չեն, ի՞նչն է հիմա փոխվել»,- ասաց Ուրիխանյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս