«Չի կարելի ապօրինություններով ժողովրդավարություն խաղալ». Նարեկ Մանթաշյան
«Այլընտրանք» ՀԿ համահիմնադիր, հասարակական գործիչ Նարեկ Մանթաշյանի կարծիքով՝ ի դեմս հանրաքվեի՝ ունենք հակասահմանադրական գործընթաց: Նա հղում անելով «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքին՝ պնդում է, որ հանրաքվեի անցկացման համար պարտադիր է ՍԴ-ի համաձայնությունը:
«Սկսվել է «այո»-ի և «ոչ»-ի քարոզ, բայց մենք հեռանում ենք բուն արմատից: Եթե մի քիչ ծայրահեղացված ասեմ՝ ունենք մի իրավիճակ, որ, ենթադրենք, մարդ է սպանվել, բայց մենք սկսում ենք ոչ թե սպանության բուն գործընթացի քրեական կամ իրավական գնահատական տալ, այլ փորձում ենք հասկանալ՝ մահացողը լա՞վ մարդ էր, թե՞ վատ: Այսինքն, թե ի՞նչ է գրված, ինչի՞ն ենք «այո» կամ «ոչ» ասելու, այս պահին երկրորդական է, որովհետև մենք ունենք կոնկրետ հակասահմանադրական գործընթաց: Ի վերջո, հանրաքվեների մասին օրենքի պահանջով ընտրատեղամասերում պետք է փակցված լինի ՍԴ որոշումը առ այն, որ այս փաթեթը համապատասխանում է սահմանադրությանը»,- ասաց Նարեկ Մանթաշյանը:
Նրա խոսքով, եթե չկա այդ որոշումը, ու այդպես հարցը գնում է հանրաքվեի, ապա դա սահմանադրական կարգի տապալում է:
«Այստեղ պետք է փորձենք ամեն ինչ անել, որ հանրաքվեն չկայանա, անկախ նրանից, որ նախագահը, փաստացի դառնալով այս իշխանությունների հանցակիցը, նշանակեց հանրաքվե: Ապօրինի այս գործընթացները, պարզ է, որ միայն Հրայր Թովմասյանի կամ ՍԴ դատավորների աշխատանքից ազատմանը չեն ուղղված, կամ նրանց տեղը յուրայիններով լցնելուն, սրանք շատ ավելի խորքային են: Չպետք է մոռանանք, որ օրվա իշխանությունները ունեն ստանձնած պարտականություններ՝ վավերացնելու Ստամբուլյան կոնվենցիան: Այսօր, ասելով «այո» այս փաթեթին, ունենալու ենք իշխանության յուրայիններով լցված ՍԴ, որոնց միջոցով իշխանությունները փորձելու են այլասերվածության քարոզը շատացնել, ԼԳԲՏ համայնքի քարոզը փաթեթավորված ներկայացնելու են մեր ժողովրդին: Պետք է այսօրվանից սթափ մոտենան սրան և հասկանան, որ չի կարելի ապօրինություններով ժողովրդավարություն խաղալ»,- ասաց Մանթաշյանը:
Հիշեցնենք՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը շրջանառության մեջ է դրվել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ: Ըստ դրա՝ առաջարկվում է 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունված փոփոխություններով Սահմանադրության 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ «Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է»: Ապրիլի 5-ին նախատեսված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը պաշտոնապես կմեկնարկի փետրվարի 17-ից և կտևի 44 օր: Այս ամենի համար կտրամադրվի մոտ 2.7 մլրդ դրամ: