«Այս քրեական գործով սկզբից մեղավոր են նշանակել, հետո ընտրել են հոդվածը». Ռոբերտ Քոչարյան
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով այսօրվա դատական նիստում Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասին հատկանիշներով քրեական հետապնդումը դադարեցնելու և գործը կարճելու մասին փաստաբանական թիմը միջնորդություն ներկայացրեց, որից հետո ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ելույթով անդրադարձավ գործի նկատմամբ խտրական վերաբերմունքին ու այն փաստին, որ իրենց չեն տրամադրվել «Մարտի 1»-ի մայր գործի ամբողջ նյութերը:
«Ընդհանրապես ակնհայտ է, որ, եթե համեմատենք շենքի հետ, քրեական գործը սկսվել է տանիքից, սկզբից մեղավոր են նշանակել, հետո ընտրել են հոդվածը և դրանից հետո ամբողջ նյութերից փորձել են հանել, ներկայացնել, գործի մեջ ներառել միայն այն նյութերը, որոնք, իրենց կարծիքով, ապացուցողական բազա են ձևավորում»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը:
Նա նաև ներկայացրեց, թե ինչից է նման տպավորություն ձևավորվել:
«Ամբողջ քրեական գործում ընդամենը կա երկու նյութ, երկու նամակ Ազգային անվտանգությունից: Դուք պատկերացնո՞ւմ եք այդ իրադարձությունները, թե ինչ էր կատարվում Հայաստանի Հանրապետությունում, և հանկարծ այդ ժամանակ մեր ամենից կայացած կառույցներից մեկը որևէ վերաբերմունք, որևէ նյութ չունի այս իրադարձությունների վերաբերյալ: Հնարավո՞ր է դրան հավատալ: Այն պարագայում, երբ փետրվարի 24-ին հարուցված է քրեական գործ սահմանադրական կարգի տապալման վերաբերյալ, և այս քրեական գործում կա միայն այդ որոշումը՝ քրեական գործ հարուցելու մասին: Եվ երկրորդ նամակը, որ այդ երեք հատորը՝ 750 էջ, ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն մարտի 2-ին: Հնարավո՞ր է հավատալ, որ ԱԱԾ-ն չուներ որևէ դերակատարություն, որևէ տեղեկատվության չէր տիրապետում այդ ամբողջ ընթացքում: Հնարավոր չէ հավատալ, կամ մարդ ուղղակի պետք է շատ տկար ուղեղի տեր լինի, որ հավատա, որ դա այդպես է»,- նշեց Ռոբերտ Քոչարյանը:
Ելույթում Քոչարյանը նաև անդրադարձավ այն հանգամանքին, որ իր պաշտպանական թիմը բազմիցս դիմել է «Մարտի 1»-ի մայր գործի ամբողջ նյութերը ստանալու համար: ՀՀ երկրորդ նախագահը վստահաբար ասում է՝ հստակ գիտի, թե ինչի մասին է բարձրաձայնում:
«Այն ժամանակ ես նախագահ եմ եղել, և առնվազն շաբաթը մեկ անգամ Անվտանգության ծառայության պետը, բարձր կարգի արհեստավարժ մարդ էր այն ժամանակ, զեկուցում էր ինձ: Ես գիտեմ՝ ինչ էր ինձ զեկուցում, և այդ զեկույցներից որևէ նյութ այս քրեական գործում չեմ տեսել, չկա: Ես չեմ կասկածում, որ այդ նյութերը կան միգուցե այն 600 հատորում, որոնք առանձնացված են, կամ կան այսօր Ազգային անվտանգության ծառայությունում, բայց որոնք չեն տրամադրվել այս գործընթացների համար»,- նշեց Ռոբերտ Քոչարյանը:
«Վիկիլիքսի» հրապարակած նյութերին ծանոթանալիս Քոչարյանի մոտ տպավորություն է ստեղծվել, որ Միացյալ Նահանգների դեսպանատունը շատ ավելի ինֆորմացիա ուներ երկրի ներքաղաքական իրադարձությունների մասին, քան մեր Ազգային անվտանգության ծառայությունը: Քոչարյանի խոսքով՝ այն, ինչ ներկայացված է «Վիկիլիքսի» հրապարակման մեջ, իրեն 2008 թվականին զեկուցել էին, բայց դրանցից այսօր որևէ բան չկա քրեական գործում: Անգամ իրենց չեն տրամադրել այն երեք հատորը, որն Ազգային անվտանգության ծառայությունն ուղարկել է քննչական մարմիններին 2008 թվականի մարտի 2-ին:
«Ես ունեմ հիմնավոր կասկած, որ այդ 600 հատորում կան բավարար նյութեր 10 սպանությունը բացահայտելու համար: Ես ենթադրում եմ, ունեմ ողջամիտ կասկած մտածելու, որ կան բավարար նյութեր, ուղղակի չեն ուզում դա անել: Պատճառներից մեկը կարող է լինել այն, որ չեն ուզում, որովհետև կարող է մեկ ուրիշ տեղ տանել, ինչը կհակասի այս քրեական գործի ուղղվածությանը, և երկրորդ, ներկայացնելու դեպքում հարցեր կառաջանան՝ արդյո՞ք տուժողներն այս նիստին պետք է մասնակցեն, թե՞ ոչ: Այս երկու մոտիվացիան ինձ համար ակնհայտ է՝ կա՛մ նա է, կա՛մ սա:
Փորձեմ նաև հիմնավորել, թե ինչո՞ւ եմ այդպես մտածում երկրորդ դրվագով: 10 սպանության հետ կապված առնվազն երեքի շրջանակները պարզ են՝ մարդիկ զոհվել են հատուկ միջոց «չերյոմուխա»-ի կիրառման պատճառով: 2008 թվականից նաև պարզ է, որ 4 կամ 5 ոստիկան է կիրառել այդ միջոցը, որն իրականում զենք չի անվանվում:
Պարզ է նաև, որ հայտնի են շրջանակները, թե քանի ոստիկան է կիրառել այդ զենքը: Խնդիրը նրա մեջ է, որ չի պարզվել, թե այդ մահվան դեպքերը կոնկրետ որ զենքից են պատճառվել: Բայց պարզ են շրջանակները: Որևէ մեկը, որ այստեղ նստած է, կապ չունի այդ դեպքի հետ, և ակնհայտ է, որ սա դիտավորյալ սպանություն չէ: Իմ համար հարց է առաջանում՝ ինչի՞ ամբողջ նյութերը՝ կապված այս գործերի հետ, չեն տրամադրվում: Տրամադրվելու պարագայում հասկանալի կլինի, որ առնվազն այդ երեք դեպքով այս քրեական գործով՝ սահմանադրական կարգի տապալման, տուժող չի կարող ճանաչվել»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը, նշելով, որ այս մասին բարձրաձայնում է՝ ցույց տալու համար այն, որ ամբողջական նյութերի չտրամադրելը ողջամիտ կասկածներ է առաջացնում, և իրենց չեն տրամադրում դիտավորությամբ: Նա նաև դիմեց դատարանին՝ որոշում կայացնելիս ուշադրություն դարձնել այդ հանգամանքին:
«Բազմաթիվ փաստարկներ են բերվել: Ամեն մի փաստարկ ինքն իրենով բավարար է այս գործը կարճելու համար, այս քրեական հետապնդումը դադարեցնելու համար: Մենք ունենք մի փունջ, մի մեծ փունջ այդպիսի փաստարկներ: Հասկանում եմ նաև, որ Դուք անձամբ բավական դժվար կացության մեջ եք՝ հաշվի առնելով նաև դատավոր Դավիթ Գրիգորյանի ճակատագիրը»,- շեշտեց Քոչարյանը:
Հավանաբար հենց այս նախադասությունը դատավորին դուր չեկավ, որովհետև անմիջապես հորդորեց Քոչարյանին իր դիրքորոշումը ներկայացնել ըստ էության, ու սկսվեց Ռոբերտ Քոչարյան-Աննա Դանիբեկյան երկխոսությունը:
– Շատ ցավոտ եք տանում, շատ ցավոտ եք տանում նման զուգահեռները: Դուք Ձեզ ինքներդ չեք հետևում, մենք Ձեզ հետևում ենք և տեսնում ենք, որ Ձեր ցավոտ կետն է, որի հիշատակման պարագայում ինչպիսի ռեակցիա եք տալիս: Բայց այնուամենայնիվ այս բանը Դուք պետք է հաղթահարեք Ձեր մեջ:
– Եթե միջնորդության վերաբերյալ այլ բան չունեք ավելացնելու, դատարանը կսահմանափակի Ձեր ելույթը:
– Արդե՞ն սահմանափակել եք, թե՞ կսահմանափակեք:
– Եթե ունեք միջնորդության ըստ էության փաստարկներ ներկայացնելու:
– Մինչև հիմա ըստ էությա՞ն էր: Ես իմանամ՝ ես նույն ոճով շարունակե՞մ, թե՞ չէ:
– Շարունակեք:
– Շարունակե՞մ, շնորհակալություն, բայց այնուամենայնիվ որոշում եմ չշարունակել, որովհետև տեսնում եմ, որ դա Ձեզ մի քիչ նյարդայնացնում է: Շնորհակալություն:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում