«Ամեն ընտանիքում 2-3-ը վարկառուներ են. բանկին դիմելով՝ մարդու կյանքը ոչ թե բարելավվում է, այլ խորտակվում է». Գագիկ Ծառուկյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի խոսքով՝ Հայաստանում ժողովրդին պահողն ու կերակրողը գյուղատնտեսությունն է, որն այսօր շատ վատ վիճակում է, ոլորտում ոչինչ չի փոխում այն հանգամանքը, որ անասնապահներին սուբսիդավորում են:

«Այսօր մարդն ունի 2-3 կով և համարվում է ֆերմեր, գյուղատնտեսության զարգացման, փոքր ու միջին բիզնեսի համար, որը համարվում է պետության ողնաշարը, պետք է փոխվի բանկային համակարգը, աշխարհով մեկ ընդունված է, որ գյուղատնտեսության համար կան վարկեր՝ հատուկ տոկոսներով, որպեսզի գյուղացիները կարողանան դրանից օգտվել՝ մեկ կովը դարձնելով երկուսը, երեքը, և դառնալ ֆերմեր: Հիմա, ասենք, մարդը վարկ է վերցրել ու հորթ է առել, դրանց պետք է պահի, մեծացնի, բազմացնի, բայց բանկը հենց առաջին ամիսն ասում է, որ վարկը պետք է փակի, հո այդ մարդը հորթը չի՞ մորթի, տանի վարկ փակի»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանը:

Ըստ նրա՝ եթե հնարավորություն տան մարդուն, չորս տարում նա մեկ հորթը կարող է բազմացնել ու գյուղատնտեսություն զարգացնել:

«Նման կերպ վարվողները պետք է մեկ տարի լիարժեք ժողովրդի կյանքով ապրեն, տեսնեն՝ նման բան հնարավո՞ր է, թե՞ ոչ, մենք այսօր պետք է ուժեղ լինենք՝ ժողովրդի բարեկեցությունը բարելավելով: Հիմա ամեն ընտանիքում երկուսից երեքը վարկառուներ են և, բանկին դիմելով՝ մարդու կյանքը ոչ թե բարելավվում է, այլ խորտակվում է: Այս խնդիրները պետք է քննարկվի, և այդ մարդկանց ձեռքից պետք է բռնել, պայմաններ ստեղծել»,- ասաց Գագիկ Ծառուկյանը:

Տեսանյութեր

Լրահոս