Հանրաքվեի 44-օրյա քարոզարշավը կսկսվի փետրվարի 17-ից, պետբյուջեից կտրամադրվի մոտ 2.7 մլրդ դրամ

Սահմանադրությունում փոփոխություն իրականացնելու համար ապրիլի 5-ին նախատեսված հանրաքվեի քարոզարշավը կմեկնարկի փետրվարի 17-ից: Քարոզարշավի համար սահմանված է 44-օրյա ժամկետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:

«Շատ կարճ ժամկետներ ունենք կազմակերպչական աշխատանքներ իրականացնելու համար: Երեկվանից արդեն տարածքային ընտրական հանձնաժողովների հետ միասին մեկնարկել են նախապատրաստական աշխատանքները»,- ասաց Տիգրան Մուկուչյանը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը այս պահին հստակեցնել չի կարող, թե ՀՀ քանի? քաղաքացի ունի հանրաքվեին մասնակցելու իրավունք: Նրա խոսքով՝ ցուցակներ կազմելու իրավունքը պատկանում է լիազոր մարմնին և դրանք կհրապարակվեն մի քանի օրից:

Հանրաքվեի մասին ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն՝ հանրաքվեի դրված օրենքի կամ փոփոխության նախագիծը համարվում է ընդունված, եթե կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին, սակայն ոչ պակաս, քան քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թվի ¼-ը:

Ընտրությունների համար նախատեսվելիք գումարը, ըստ ԿԸՀ նախագահի, կլինի նույնը, ինչ եղել է նախորդ՝ 2018 թվականի ընտրություններ ժամանակ՝ 2.5-2.7 մլրդ դրամ:

Տիգրան Մուկուչյանի խոսքով՝ պատճառն այն է, որ գործառութային տարբերություններ գրեթե չկան, հարցը միայն նվազագույն աշխատավարձի որոշակի աճն է, իսկ հանձնաժողովներում ընդգրկված քաղաքացիների՝ հանձնաժողովի անդամների և տեխնիկական սարքավորումը սպասարկող մասնագետների աշխատավարձի համար բազային է ընդունվում հենց նվազագույն աշխատավարձը:

Բյուջեով ընտրությունների համար տրամադրվող գումարի ավելացում Տիգրան Մուկուչյանը չի ենթադրում: Ըստ նրա՝ գրեթե անհավականակ է, որ կավելանա նաև ընտրական տեղամասերի թիվը (2018 թվականին եղել է 2010 ընտրական տեղամաս), ու հնարավոր է, որ անգամ կրճատումներ լինեն:

Բացի հասարակական կազմակերպություններից՝ տեղամասերում որպես դիտորդ կարող են ներգրավվել ոչ միայն ԱԺ կուսակցությունների, այլև Հայաստանում գործող ցանկացած կուսակցության ներկայացուցիչներ:

Արդեն հայտնի է, որ «Այո»-ի շտաբը ղեկավարելու է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Օրենքի համաձայն «Ոչ» քարոզչական շտաբ նախաձեռնելու համար կարող է դիմել և գրանցվել նախագծին դեմ քվեարկած պատգամավորը կամ պատգամավորները: Դրա համար սահմանված է 7-օրյա ժամկետ:

«Եթե այդ ժամկետում «Ոչ» քարոզչական կողմ չի գրանցվում, ապա այդ ժամկետի սպառվելուց հետո 50 քաղաքացիներից կազմված խումբը կարող է դիմել և գրանցվել որպես «Ոչ» քարոզչական նախաձեռնություն: Պետք է նաև նկատի ունենալ, որ օրենքը նախատեսում է, որ կարող է գրանցվել միայն մեկ «Այո» և միայն մեկ «Ոչ» քարոզչական  կողմ»,- ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Տեսանյութեր

Լրահոս