«Ժողովրդին ասելու են՝ դու վա՞տ ես ապրում, թալանվա՞ծ ես եղել՝ Հրայր Թովմասյանն է իր խմբով մեղավոր». Լարիսա Ալավերդյան
Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ժամանակ ասաց, որ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն ապրիլի 5-ին նշանակելու մասին հրամանագիրը ստորագրելը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի անձնական որոշումն էր:
«Նախագահին ուղղված մեր ուղերձի իմաստն այն էր, որ մեկ է՝ այսպես թե այնպես, այդ հակասահմանադրական ձևով ընդունված որոշումն օրենքի ուժով գնալու է և դրվելու է հանրաքվեի, մեր հորդորը եղել է՝ պետք չէ ևս մի պետական մարմին, հաստատություն խառնվի բոլորի համար հայտնի՝ զուտ քաղաքականացված, անձնավորված ոչ իրավական ճանապարհի այս ընթացքին: Բայց դա նախագահի անձնական որոշումն է: Նախագահի աշխատակազմի մեկնաբանությունից տպավորություն է, որ նրանք չեն հասկացել մեզ, նրանք բացատրել էին այն, ինչ գրել ենք մեր ուղերձի մեջ»,- ասաց Լարիսա Ալավերդյանը:
Հիշեցնենք, որ 130-ից ավելի իրավաբան, փաստաբան և իրավապաշտպան դիմել էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ պահանջելով չստորագրել որոշումը և չնշանակել հանրաքվե: Նախագահի աշխատակազմից նշել էին, որ հանրաքվեի օր նշանակելով կամ չնշանակելով՝ Հանրապետության նախագահը չի արտահայտում իր վերաբերմունքն ու դիրքորոշումն Ազգային ժողովի կողմից ընդունված և հանրաքվեի դրվելիք Սահմանադրության փոփոխությունների բովանդակության, ինչպես նաև այդ որոշման կայացման ընթացակարգերի վերաբերյալ:
Դիտարկմանը՝ նախագծի հեղինակ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանն ասում է՝ հանրաքվեի ինստիտուտին դեմ արտահայտվելը նշանակում է՝ Սահմանադրության ոգուն դեմ արտահայտվել, Լարիսա Ալավերդյանն այսպես արձագանքեց. «Վահագն Հովակիմյանին ես արդեն դասական եմ համարում: Ես, արդեն 2-3 օր է՝ իրենից մեջբերումներ եմ անում, որովհետև ավելի պարզունակ ձևով բացատրել, թե դա ինչ գործընթաց է, որևէ մեկը չէր կարող: Այսինքն՝ հստակեցվեց, որ խոսքը քաղաքական մի գործընթացի մասին է, որտեղ այս նոր իշխանությունն արդեն իսկ տիրացել է իշխանության երկու ճյուղերին, մնացել է երրորդը: Հանրաքվեն շատ լավ բան է, եթե հանրաքվեի տարվող նյութն ընդունված լիներ օրինական և սահմանադրական ճանապարհով: Հանրաքվեին նախորդող փուլը պետք է լիներ ոսկերչական աշխատանք, իսկ դա արվել է փնթի, հապճեպ»:
Հարցին՝ եթե կան բացահայտ խախտումներ, ապա միջազգային կառույցներն ինչո՞ւ չեն հենց դրա մասին արձագանքում, նա այսպես պատասխանեց. «Նախ և առաջ՝ արձագանքել են, ի՞նչ են ստացել ի պատասխան: Մենք գիտենք, որ և՛ Վենետիկի հանձնաժողովի նախագահը, և՛ ԵԽԽՎ-ն հայտարարություն էին արել, այնպես որ, ես այդ հարցը հանում եմ: Իսկ ինչո՞ւ պետք է միջազգային կենտրոնների, որոնք լրիվ ուրիշ ծրագրեր ունեն մեր տարածաշրջանի հետ կապված, սիրտը ցավի, թե ներսում ինչ համակարգ է հաստատվում: Միջազգային հանրությունն ունի երկու խոշոր խնդիր՝ կապված Հայաստանի հետ: Առաջինն Արցախի հարցն է, որը նշմարված է այնպես, որ ուղղակի հակասում է մեր ազգային շահերին, և երկրորդ՝ Ռուսաստանից պոկելն ու դարձնելը նրան գլոբալ գյուղի գյուղացիներից մեկը: Այնպես որ, ես երբևէ իմ հույսերը չեմ կապել դրսի հետ, այլ հարց է, որ եկել է այն պահը, որ Հայաստանի իշխանության վերաբերմունքը միջազգային կառույցներին հավասարվում է Ադրբեջանին»:
Նրա դիտարկմամբ՝ իշխանությունները չունեն բավարար իրավական գիտելիքներ. «Եթե իշխանությունը ասում է, որ միջազգային կառույցների արձագանքը կոշտ չէ, ապա նա սպասում է, որ իր հետ խոսեն այնպես, ինչպես վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը խոսել է ԱԺ նիստում: Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, թույլ չեմ տա, որ որևէ մեկն ասի, որ այդ խոսքը վարչապետի խոսք է: Մենք ՄԱԿ-ի անդամ պետություն ենք, որևէ պետության ղեկավար, եթե մի երկու բան թույլ տար իրեն այն տեղատարափից, որը տեղի է ունեցել, ապա հասարակության մտածող մասը բողոք կգրեր, կպահանջեր, որ կառավարության ղեկավարն անպայման օգտագործի այն բառապաշարը, որը հարիր է բարձր պաշտոնատար անձին: Հատկապես՝ բժիշկներն ու ուսուցիչներն ինձ զանգում են, ասում են՝ ի՞նչ անենք, երեխաները դա լսում են: Հայերենը միակ լեզուն է, որով խոսում ենք Աստծո հետ: Պետք չէ Հայաստանս դարձնել հայհոյաստան»:
Մարդու իրավունքների առաջին պաշտպանը նկատեց՝ ՍԴ 7 դատավորների վրա նախորդ իշխանությունը որևէ ազդեցություն չի կարող ունենալ. «Եթե նոր իշխանությունները չեն ուզում կրկնել իմ կողմից մերժված մեթոդը, որ դատական իշխանությունը, այդ թվում՝ ՍԴ-ն, պետք է կախվածություն ունենան իշխանությունից, ապա հիմա լավագույն տարբերակն է: Իշխանության եկած այս խումբն իր բացասական դրսևորումներով որևէ կերպ չի տարբերվում նախկիններից, իսկ ո՞ւր են հիմա նախկինները, արդյո՞ք նորերը ուզում են հայտնվել այնտեղ: Գիտեք, չէ՞՝ հիմա ինչ միֆեր են պտտվում՝ իբր հեղաշրջում է նախապատրաստվում, դրա համար պետք է պաշտպանել Նիկոլին, բայց սիրելիներս, տեղի է ունենում մի շատ լուրջ բան՝ ստեղծվում է մի նախադեպ, երբ ամեն մի նոր իշխանություն փոխելու է ՍԴ-ն, ամբողջ դատական իշխանությունը: Ես գիտեմ, որ ժողովրդին ասելու են՝ դու վա՞տ ես ապրում, թալանվա՞ծ ես եղել՝ Հրայր Թովմասյանն է իր խմբով մեղավոր»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում