«Ամենամեծ պատասխանատվությունը չքվեարկելն է». Բագրատյանը՝ ԱԺ-ում հանրաքվեի քվեարկությանը չմասնակցելու մասին
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունում դեռ քննարկում տեղի չի ունեցել Սահմանադրություն փոփոխություն անելու համար ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեում «այո»-ի կամ «ոչ»-ի ճամբարում լինելու մասին: Այս մասին 168.am–ի հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
«Մենք ասել ենք, որ հանրաքվեի գաղափարին կողմ ենք, բայց իրավական կողմը խոցելի է և, բնականաբար, մենք չքվեարկելով՝ արտահայտել ենք մեր դիրքորոշումը»,- ասաց Սերգեյ Բագրատյանը:
Հենց չքվեարկելու համար «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հասցեին սոցիալական ցանցերում մեղադրական գրառումներ եղան. նրանց մեղադրում էին ընդդիմադիր դիրքերը լքելու մեջ:
Սերգեյ Բագրատյանի խոսքով՝ չպետք է անընդհատ «ջուր ծեծել»: Փոխարենը՝ պետք է հստակ դիրքորոշումներ ներկայացնել: Մեզ հետ զրույցում պատգամավորն ասաց, որ ներկայացրել են իրենց կարծիքը, բայց հաշվի առնելով հանգամանքը, որ կան վիճելի նորմեր՝ գերադասել են չքվեարկել:
«Դրա պատասխանատվությունը այլևս պետք է վերցնի իշխանական խմբակցությունը, որովհետև հենց իշխելը, կառավարելը ենթադրում է պատասխանատվություն: Ընդդիմությունը չի կարող վերցնել իշխանության պատասխանատվությունը»,- 168.am-ին ասաց Ս. Բագրատյանը:
Խորհրդարանական գլխավոր ընդդիմադիր ուժի ներկայացուցիչը նաև համակարծիք չէ այն դիտարկմանը, թե իրենք են պատասխանատվությունից խուսափել: Ըստ նրա՝ ամենամեծ պատասխանատվությունը չքվեարկելն էր:
«Նույն քննիչ հանձնաժողովի ժամանակ իշխանությունը չքվեարկեց, հրաժարվեց քվեարկելուց, որովհետև ինքը կողմ էր քննիչ հանձնաժողովի գաղափարին, բայց գտնում էր, որ իրավական իմաստով թույլ է, և չքվեարկեց: Այսինքն՝ եթե կարելի է, որ իշխանությունը չքվեարկի, դա լա՞վ դիրքորոշում է, եթե ընդդիմությունը չի քվեարկում, դա վա՞տ դիրքորոշում է»,- տարակուսեց Բագրատյանը՝ հորդորելով երկակի ստանդարտներից հեռու մնալ ու հիշել՝ չքվեարկելը քվեարկելու ընդունված ձև է:
Բագրատյանի խոսքով՝ հանրաքվեն հարցը կարգավորելու լավագույն ճանապարհն է: Պատգամավորը վստահ է՝ ժողովուրդը ճիշտ որոշում է կայացնելու: Ու հորդորում է «լեռնային գյուղում անասնապահությամբ կամ հողագործությամբ զբաղվող պարզ գյուղացուց» իրավաբանության իմացություն ակնկալելու փոխարեն՝ պարզապես ժողովրդին ճիշտ մատուցել խնդիրը ու սպասել ժողովրդի հավաքական իմաստնությանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Ազգային ժողովում Սահմանադրությունում փոփոխություն անելու նախագիծը հանրաքվեի դնելու նախաձեռնության քվեարկության ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները դուրս էին եկել դահլիճից՝ այդ կերպ հայտնելով իրենց դիրքորոշումը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում