«Ցանկացած կանոն չպետք է կուրորեն կատարել, այդ կանոնը կարելի է նաև փոխել, անտեսել». փաստաբանը՝ հանրաքվեի խնդրահարույց հարցերի մասին

Փաստաբան Տիգրան Սարգսյանը այսօր պետական համակարգում անընդհատ առաջացող խնդիրների հիմքը տեսնում է 2015 թվականի Սահմանադրական փոփոխություններով ստեղծված Սահմանադրության՝ «արհեստական ստեղծված փաստաթղթի» հիմքում: Ըստ նրա՝ այն նպատակ չի ունեցել բարելավել պետական կառավարման համակարգը, այլ պարզապես ցանկացել է նախկին քաղաքական ռեժիմի համար գոյության շարունակականություն ապահովել:

«Այդ խնդիրների լուծման համար այսօր գործող իշխանությունը ընտրեց հանրաքվեի միջոցով փոփոխություններ անելու տարբերակը: Կարծում եմ՝ այդ փոփոխությունները պետք է լինեին ավելի ընդարձակ»,- ասաց փաստաբան Տիգրան Սարգսյանը, հավելելով, որ հարցը, թե որքանո՞վ է նպատակահարմար մեկ հարց դնել հանրաքվեի, իր կարծիքով՝ քաղաքական հարց է:

«Մինչև հեղափոխությունը իշխանությունն իր հույսը ժողովրդի վրա չի դրել, իր խնդիրները լուծել է քրեաօլիգարխիկ համակարգի միջոցով: Այստեղ լավ մշակույթ է, որ երկրի ղեկավարն ամեն ինչում որպես իր հենարան՝ տեսնում է ժողովրդին»,- ասաց Տիգրան Սարգսյանը:

Փոփոխությունների ավելի լայն շրջանակ ունենալու անհրաժեշտությունը փաստաբանը հիմնավորում է փաստով, որ Բարձրագույն դատական խորհուրդը հրաժարական տվեց, նոր կազմ ձևավորվեց, բայց դատական համակարգում բարեփոխումները տեսանելի չեն: Ասում է, թե նույն ձևով ապահովագրված չենք նոր ՍԴ կազմ ունենալու դեպքում:

«Սահմանադրական դատարանը մասնագիտական կառույց է, որի խնդիրը օրենքների և ենթաօրենսդրական ակտերի սահմանադրականությունը որոշելն է»,- նշում է փաստաբանը, նկատելով, որ ՍԴ-ի լիազորության շրջանակը պետք է հասցվի հանրությանը, որպեսզի մարդիկ հասկանան, թե ինչ փոփոխության են գնում:

ՍԴ-ն նաև իրավասու է քննել հանրաքվեի բողոքարկումները: Այստեղ փաստաբանը խնդիր է տեսնում: Եթե ապրիլի 5-ին տեղի ունեցող հանրաքվեի արդյունքում «այո»-ն անցնի, ու հաջորդ օրը դատարանի դատավորները իրենց լիազորությունները դադարեցնեն, ու հանրաքվեն բողոքարկվի, ո՞վ է քննելու այն:

Երբ հայտնի դարձավ, որ իշխանությունը Սահմանադրությունում փոփոխություն անելու և ՍԴ ներկա կազմից ազատվելու համար որոշեց հանրաքվե անցկացնել, շատ իրավաբաններ, հիմքում դնելով ՀՀ Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետը, պնդում էին, որ առանց Սահմանադրական դատարան ուղարկելու՝ փոփոխության նախագիծը հանրաքվեի դրվել չի կարող: Փաստաբան Տիգրան Սարգսյանը, որը արդարացնում է հանրաքվեի նշանակումը, այս հարցը դիտարկում է իրավունքի փիլիսոփայության տեսանկյունից:

«Եթե նայում ենք ավելի լայնախոհ, հարցը դրված է ժողովրդի որոշմանը, այս դեպքում տարբեր տեսակի ընթացակարգային, թեկուզ՝ սահմանադրական նորմեր չպետք է խանգարեն այդ որոշմանը»,- ասաց փաստաբանը:

Ստացվում է, որ այս տեսակետը կիսողները համարում են, որ Սահմանադրության 2-րդ հոդվածը, այն է՝ ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին, գերակա է Սահմանադրության 168-րդ հոդվածի նկատմամբ: Փաստաբանը սա բացատրում է նրանով, որ Սահմանադրության առաջին գլուխը, որում ներառված է նաև 2-րդ հոդվածը, կոչվում է Սահմանադրական կարգի հիմունքներ, այսինքն՝ դրանք են սկզբունքները, իսկ մյուս գլուխներում ներառվածները կոչված են այդ սկզբունքները զարգացնելու համար:

«Հանրաքվեի մասին ՀՀ սահմանադրական օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ հանրաքվեի ժամանակ տեղամասային կենտրոնում հանրաքվեի դրված հարցի տեքստից բացի, պետք է լինի նաև հանրաքվեի դրված իրավական ակտի նախագծի՝ Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը, որը չկա, քանի որ որոշումը ԱԺ-ն ՍԴ չի ուղարկել:

Փաստաբանը սրանում խնդիր չի տեսնում: Ասում է՝ մեր իրավագիտությունը ճշգրիտ գիտություն չէ, և օրենքի մեկնաբանությունը չպետք է լինի մարդու, ժողովրդի շահերին հակառակ:

«Օրենքը պետք է լինի իրավական: Ցանկացած կանոն չպետք է կուրորեն կատարել, եթե այդ կանոնի հետևում կան հակաիրավական էլեմենտներ, այդ կանոնը կարելի է նաև փոխել, անտեսել, համարել, որ հիմնական սկզբունքներին հակասում է»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ այդուհանդերձ չի կարողանա վիճել այն մասնագետների հետ, որոնք այդ որոշման բացակայության մեջ խնդիր կտեսնեն:

Ըստ նրա՝ ժողովուրդը պետք է լսի այն կողմին, որը նշում է, թե ընթացակարգային կոպիտ խախտումներ կան, լսի նրանց, ովքեր կարծում են, որ ընթացակարգային խախտումը չի կարող նսեմացնել այս բարի, վեհ գաղափարը, և դատավորի կարգավիճակում՝ պետք է հենց ժողովուրդը որոշում  կայացնի:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս