Հանրաքվեն չի կայանա․ 3 տարբերակ
Զարմանալի է Սահմանադրական դատարանի (ՍԴ) հարցը հանրաքվեով լուծելու որոշումը։ Սա խոստովանություն է այն մասին, որ Հրայր Թովմասյանի հրաժարականը կամ ՍԴ լուծարումը Նիկոլ Փաշինյանի համար կարևորագույն խնդիր է այսօր, քանի որ շատուշատ այլ հարցերի, օրինակ՝ Ամուլսարի դեպքում, երբ կարիք կար որոշումն իր վրայից թոթափել ու գցել «ժողովրդի» վրա, նա չգնաց նման քայլի։ Եթե ամիսներ առաջ ենթադրում էինք, որ դրա պատճառը Ռոբերտ Քոչարյանի դատավարությունն է, ապա, կարծում եմ, արդեն չկա նման մտայնություն։ Անգամ Քոչարյանի կալանավորման հարցն այժմ չունի այնպիսի հնչեղություն, որ հանուն դրա Նիկոլ Փաշինյանը գնար ակնհայտ հակաօրինական, հակասահմանադրական քայլերի։ Ըստ ամենայնի այս դեպքում գրավը շատ ավելի ծանր է, իսկ ակնհայտորեն ավելի ծանր արժեք կարող է ունենալ միայն Արցախի հարցը։ Ի վերջո, ցանկացած բանակցած միջազգային պայմանագիր պետք է ստանա ՍԴ վավերացումը, և Նիկոլ Փաշինյանը ենթադրում է, որ այս Սահմանադրական դատարանը, որը իրեն չի ենթարկվում, չի տա այդ համաձայնությունը։
Մյուս կողմից, երբ հանրաքվեում դրական արդյունք ապահովելու համար անհրաժեշտ թվերը համեմատում ենք Նիկոլի ամենաբարձր ռեյտինգի՝ 2018թ․ ԱԺ ընտրությունների ժամանակ ստացած քվեների քանակի հետ, տեսնում ենք, որ ընտրոթյունների ժամանակ նա ստացել է 884.864 ձայն, հանրաքվեի ժամանակ դրական արդյունք կարող է ապահովել առնվազն 647.819 քվեն։
Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի, որ այս ընթացքում նա կորցրել է շատ ավելի շատ ձայներ, քան տարբերության 237.045 ընտրողն է։ Որքան էլ ֆեյսբուքում տպավորություն է ստեղծվում «համաժողովրդական օժանդակության» մասին, հանրաքվեին չեն մասնակցելու ոչ ֆեյսբուքյան ֆեյքերը, ոչ էլ Ռոստովի և Գլենդեյլի տիկինները։
Ավելին, Նիկոլ Փաշինյանի շատ կողմնակիցներ ավելի պասիվ են դարձել և նախընտրում են բազմոցին պառկել, սերիալ նայել և ֆեյսբուքով հայհոյել, քան գնալ միտինգների, ընտրությունների ու հանրաքվեների։
Այնպես որ, հանրաքվեում դրական արդյունք ապահովելը համարյա անհնար է թվում։
Իհարկե, մինչև հանրաքվեն կլինեն նոր ձերբակալություններ, բռնության նոր խոսք ու նոր հայհոյանքներ, սակայն դժվար թե դրանք էապես ավելացնեն Նիկոլ Փաշինյանի վարկանիշը։ Այս ցուցանիշներով հանրաքվեի գնալը նշանակում է, որ Հայաստանի իշխանությունները ոչ միայն չեն բացառում, այլև ավելի շատ ակնկալում են, որ դրված հարցադրումը կտապալվի։
Ուրեմն, ինչի՞ համար է այս հանրաքվեն, ի՞նչ խնդիրներ են փորձում լուծել իշխանությունները։
Տարբերակ 1․
Արդեն իսկ շատ է քննարկվում այն վարկածը, որ հանրաքվեն բլեֆ է, ՍԴ գործող դատավորների վրա շանտաժի միջոց։ Ավելացնելով ճնշումը դատավորների վրա, Նիկոլ Փաշինյանը կարող է ակնկալել դատավորների թոշակի դիմումները՝ համաձայն ՍԴ դատավորներին պետական կաշառք տրամադրելու մասին նոր ընդունված օրենքի։ Այս տարբերակի դեպքում նման դիմումներից հետո նա որևէ պատճառով չեղյալ կհայտարարի հանրաքվեն։
Մինչ մյուս տարբերակների քննարկումը անհրաժեշտ է նկատել, որ բացի Նիկոլի ցածր վարկանիշը բացահայտելուց, հանրաքվեն նաև շատ լուրջ մոբիլիզացիայի առիթ է նրա հակառակորդների համար, և հանրաքվեին նախապատրաստվելու պրոցեսում վերջապես կբացահայտվեն, թե ովքեր են նրա ընդդիմությունները, ավելին՝ նրանք կմիավորվեն։ Հանրաքվեի որևէ արդյունքի դեպքում նրանք հնարավորությունը չեն կորցնի ընդդիմության լատենտ փուլից ակտիվ գործողությունների անցնելու։
Տարբերակ 2․
Նիկոլը ցանկանում է հանրաքվեի բացասական արդյունք, որպեսզի իր վրա ղարաբաղյան հարցով ճնշումներից ձերբազատվի։ Այս դեպքում համանախագահներին, կամ այլ միջազգային ակտորներին, ովքեր Նիկոլից պահանջում են Հայաստանի անունից ընդունել մեր ազգային շահերին չհամապատասխանող փաստաթղթեր, կարող է որպես լուրջ արգումնետ ներկայացնել այն, որ նման փաստաթուղթը, միևնույն է, չի հաստատվի ՍԴ-ում, և ուրեմն ինքը չի կարող գնալ այդ քայլին, քանի որ դա բացի Հայաստանում բացասական ալիք առաջացնելուց, ոչ մի դրական արդյունքի չի հանգեցնի։
Առանձին հարց է՝ եթե Նիկոլ Փաշինյանը վերջնականապես հրաժարվի Արցախի հարցում պարտադրվող լուծումից, ապա ինչպիսի հեռանկար կունենա անձամբ ինքը։ Մինչ այժմ, չնայած վարվող խայտառակ արտաքին քաղաքականությանը, բոլոր ուղղություններով մեր դիվանագիտական կորուստներին թե ԱՄՆ-ը, թե Եվրոպան, թե Ռուսաստանը զարմանալիորեն լոյալ են ու համբերատար են վերաբերվում նրա պետական համակարգի ջարդին, մարդու իրավունքների խայտառակ խախտումներին և, վերջապես, պարզապես անբարոյական բառապաշարին։ Պատճառը պարզ է՝ հազիվ թե այլևս Հայաստանում նրանք գտնեն այնպիսի անսկզբունք և չտես առաջնորդ, ով կգնա Արցախի հարցում առաջարկվող լուծումներին։ Եթե Նիկոլ Փաշինյանը վերջնականապես ցույց տա, որ ինքը տարբեր շուստրիություններով հրաժարվում է նախապես ստանձնած պարտավորություններից, փորձում է պատասխանատվությունը գցել ՍԴ-ի և հանրաքվեի վրա, ապա պետք է ենթադրել, որ հարցականի տակ կդրվի ոչ միայն նրա իշխանության, այլև անձնական պատասխանատվության հարցը։
Եվ, ուրեմն, տարբերակ 3․
Գնալով սահմանադրական հանրաքվեի, Նիկոլ Փաշինյանը, հասկանալով արցախյան հարցի լուծման անհնարինությունը, ցանկանում է գեներացնել ընդդիմության ակտիվությունը, մղել նրան փողոցային պայքարի, արտահերթ ընտրությունների պահանջի, և, ի վերջո, ինչ-որ մեկին հանձնել իշխանությունը, և միգուցե անգամ լքել Հայաստանը։
ԱՂԱՍԻ ԵՆՈՔՅԱՆ