Ուժեղ քամին վնասներ է հասցրել Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքներում
Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքներում փետրվարի 6-ի եւ 7-ի գիշերային ժամերին գրանցված ուժեղ քամիները նոր վնասներ են հասցրել բնակիչներին եւ տնտեսվարող սուբյեկտներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ճամբարակ խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Օհանյանը, փետրվարի 6-ին եւ 7-ին գրանցված ուժեղ քամիների հետեւանքով վնասվել է բազմաբնակարան 16 շենքերի տանիքներ՝ մատ 780 քառակուսի մետր մակերեսով եւ 25 առանձնատների տանիքներ՝ շուրջ 865 քառակուսի մետր մակերեսով: Վնասել են նաեւ հանրային նշանակության յոթ շենքերի տանիքներ՝ 120 քառակուսի մետր մակերեսով: Մասնակի քանդվել են նաեւ Ճամբարակի թիվ մեկ եւ երկու հիմնական ու Թթուջուր գյուղի միջնակարգ դպրոցների տանիքները, փլվել է 1 անասնագոմի պատ՝ 70 քառակուսի մետր մակերեսով: Վնասվել է Ճամբարակ քաղաքի լուսավորվածության ցանցը 1800 գծամետր երկարությամբ, շարքից դուրս եկել ԼԵԴ տեսակի 25 լամպ, 8 թողարկիչ սարք:
Գավառի քաղաքապետարանի աշխատակազմից ստացված տեղեկատվության համաձայն՝ փետրվար 6-ի գիշերային ժամերին Գավառ քաղաքում քամին վնասել է բազմաբնակարան երկու շենքի տանիքներ Ազատության եւ Զորավար Անդրանիկ փողոցներում՝ մասամբ, իսկ այլ փողոցներում գտնվող երկու առանձնատների տանիքներ՝ ամբողջովին: ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ծովագյուղում վնասվել են մշակույթի տան եւ մանկապարտեզի, ինչպես նաեւ բնակիչներին պատկանող 10 առանձնատների տանիքներ՝ ինչպես մասամբ, այնպես էլ ամբողջությամբ: Սեմյոնովկայում վնասվել է համայնքային սեփականություն հանդիսացող 1 շինության տանիք: Վնասների հնարավոր չափերը ուսումնասիրվում եւ ճշգրտվում են համայնքապետարաններում կազմված համապատասխան հանձնաժողովների կողմից:
Խոսրով Խլղաթյան