Որտե՞ղ են տնտեսական աճի արդյունքները. փնտրեք ձեր գրպաններում
Կառավարությունը հպարտանում է անցած տարվա տնտեսական աճի ցուցանիշով։ Սկսած 2011 թվականից՝ տնտեսական ակտիվության ամենաբարձր ցուցանիշն է արձանագրվել Հայաստանում, ասում է Նիկոլ Փաշինյանը։
Ընդունենք, որ այդպես է։ Բայց մի՞թե դա է կարևորը տնտեսական աճի մեջ։ Նախկինում էլ բազմիցս բարձր տնտեսական աճեր ենք ունեցել։ Իսկ ի՞նչ է շահել դրանից հասարակությունը։
Պետք է հասկանալ, որ տնտեսական աճն ինքնանպատակ չէ։ Տնտեսական աճի իմաստը հասարակության բարեկեցության բարձրացումն է։ Եթե տնտեսությունն աճում է, իսկ դրանից հասարակության բարեկեցությունը չի բարելավվում, ապա այդպիսի տնտեսական աճ ոչ մեկին պետք չէ։
Դրա համար նախկին իշխանությունները բազմիցս քննադատվել են, ու որպեսզի նորերը ցույց տան, որ իրենք տարբերվում են նախկիններից՝ ժամանակին հայտարարեցին ներառական տնտեսական աճի ապահովման մասին։
Թե մինչև հիմա որքանո՞վ են նրանք կարողացել ապահովել տնտեսության ներառական աճ, ամեն մեկը կարող է տեսնել իր գրպանի պարունակության վրա։ Բայց քանի որ մեր նպատակը ամեն մեկի գրպանի պարունակությունը հաշվելը չէ, փորձենք տնտեսական աճի ազդեցությունը հասարակության եկամուտների վրա գնահատել պաշտոնական տվյալների հիման վրա։
Սպասվող 8 տոկոսանոց աճի պայմաններում տնտեսական հատվածում աշխատավարձերը բարձրացել են ընդամենը 3,8 տոկոսով։ Խոսքը միջին աշխատավարձի մասին է։ Դա էլ հնարավոր է եղել ապահովել ցուցանիշների վերանայման կամ ճշգրտումների արդյունքում։
Եկեք խոստովանենք, որ սա ոչ մի կերպ չի տեղավորվում տնտեսական բարձր աճի տրամաբանության մեջ։ Եթե սա է 8 տոկոսանոց աճի ազդեցությունը հասարակության աշխատող հատվածի եկամուտների վրա, ապա նման աճերով հեռուն չենք գնա։ Առավել ևս, այդ պայմաններում անիմաստ է խոսել մարդկանց կյանքի որակը բարելավելու մասին։
Երբ 2018թ. տնտեսական աճը Հայաստանում կազմեց 5,2 տոկոս, տնտեսական հատվածում աշխատավարձերը բարձրացան 4 տոկոսով։ Հիմա տնտեսական աճը շատ ավելի բարձր է, բայց աշխատավարձերի աճի ցուցանիշը նվազել է։
Սպասվող 8 տոկոսանոց աճի պայմաններում տնտեսության ոլորտում զբաղված քաղաքացիների եկամուտներն աշխատավարձերի տեսքով ավելացել են հազիվ 6-7 հազար դրամով։ Պարզ է, որ դա այն գումարը չէ, որ կարող է մարդկանց կյանքում մեծ բան փոխել։ 2018թ. համար պաշտոնական վիճակագրությունը մասնավոր հատվածում արձանագրել էր 186,7 հազար դրամ միջին աշխատավարձ։ Անցած տարվա վերջին այն կազմել է շուրջ 193,3 հազար դրամ։
Ակնհայտ է, որ տնտեսության բարձր աճը այդ աճն ապահոված հատվածում զբաղվածների եկամուտների վրա շատ փոքր ազդեցություն է թողել։
Փոխարենը՝ դրանից մեծապես օգտվել է պետական հատվածը։ Կառավարությունը տնտեսական աճի արդյունքները ծառայեցրել է պետական հատվածում զբաղվածների եկամուտների ավելացմանը։ Այսինքն՝ այն մարդկանց եկամուտների ավելացմանը, որոնց ոչ վաղ անցյալում Նիկոլ Փաշինյանը մեղադրում էր ոչինչ չանելու և կառավարության հեղափոխական ծրագրերի իրականացմանն ընդդիմանալու մեջ։
Եթե տնտեսական հատվածում միջին աշխատավարձն անցած տարի ավելացել է՝ 3,8, ապա պետական կառավարման համակարգում՝ 8,4 տոկոսով։ Այն պարագայում, երբ պետական հատվածում աշխատավարձերի բարձրացում, բացառությամբ շատ սահմանափակ ոլորտների, տեղի չի ունեցել։
Միջին աշխատավարձի աճի տեմպը պետական հատվածում 2,2 անգամ ավելի բարձր է։
Իհարկե, պարզ է, թե ինչու. կառավարությունում ու կառավարությունից դուրս բյուջեի հաշվին համատարած պարգևավճարներ են բաժանել։ Բարձրաստիճան պաշտոնյաների դեպքում աշխատավարձերը կրկնապատկել են պարգևավճարների միջոցով։ Երբեմն էլ չեն բավարարվել ամսական մեկ անգամով ու կրկնակի կամ եռակի են պարգևատրել։
Արդյունքում՝ պետական հատվածում միջին աշխատավարձի աճն անհամեմատ ավելի բարձր է եղել, քան տնտեսության մեջ։ Նախկինում հիմնականում հակառակն էր. տնտեսական հատվածում գրեթե միշտ աշխատավարձի ավելի բարձր աճ էր գրանցվում։
Աշխատող քաղաքացիների դեպքում տնտեսական աճի ազդեցությունը եկամուտների վրա կարծես պարզ է։ Հիմա գանք չաշխատողներին։ Խոսքը, մասնավորապես, կենսաթոշակառուների մասին է։
Սպասվող բարձր տնտեսական աճի պայմաններում անցած տարի կենսաթոշակների բարձրացում Հայաստանում տեղի չի ունեցել։ Այսինքն՝ տնտեսական աճի ազդեցությունը զրոյական է եղել հասարակության այս հատվածի վրա։ Նույնը՝ նաև սոցիալական մյուս խմբերի դեպքում է, չհաշված որոշ մանր-մունր վերանայումները, որոնք միշտ էլ արվում են։
Այս տարի, իհարկե, կենսաթոշակները մի քանի հազար դրամով բարձրացել են, թեև դա այնքան էլ կապված չէ անցած տարվա տնտեսական աճի հետ։ Կենսաթոշակների այդ բարձրացումը վաղուց էր նախատեսված։ Բայց եթե նույնիսկ ընդունենք, որ այդպես է, ապա դժվար չէ պատկերացնել, թե 2-3 հազար դրամ ավելացումն ինչպիսի ազդեցություն պիտի ունենա թոշակառուների կյանքի պայմանների բարելավման վրա։
Թեև նույնը վերաբերում է նաև տնտեսական հատվածում զբաղված ավելի քան 400 հազար քաղաքացիներին։ Հասկանալի է, որ նրանց մեջ կան նաև այնպիսիք, որոնց եկամուտներն ավելի շատ են աճել, բայց դրանով հանդերձ, միջին աշխատավարձի աճի ցուցանիշն այս հատվածում կազմել է ընդամենը 3,8 տոկոս։
Սա սպասվող 8 տոկոսանոց տնտեսական աճի ազդեցությունն է մարդկանց եկամուտների վրա։ Ու դրա պատճառները պետք է փնտրել տնտեսության կառուցվածքում։ Տնտեսական աճը որակ չունի։ Իսկ անորակ աճի ազդեցությունները մարդկանց եկամուտների վրա չեն կարող բարձր լինել։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ