«Հրայր Թովմասյանը չի պարտվելու. շնորհիվ Փաշինյանի՝ նա դառնալու է քաղաքական դեմք, շահած է դուրս գալու այս մարտում». Արծրուն Պեպանյան
168 TV-ի «Ռեվյու» հաղորդման շրջանակում զրուցել ենք գրող, քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանի հետ
– Պարոն Պեպանյան, ԱԺ պաշտոնական կայքում ուղիղ 3 անգամ դրվեց և հեռացվեց, որ արտահերթ նիստ է լինելու, ի վերջո, այսօր առավոտյան պետք է այն կայանար, սակայն նիստը սկսելուն պես՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ այն հետաձգվում է՝ նախագծում տեխնիկական խնդիրները շտկելու պատճառաբանությամբ: Երկու ժամ անց ԱԺ արտահերթ նիստը մեկնարկեց, սակայն արդեն հանվեց իշխող խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի նախագիծը և առաջարկվեց ՍԴ ճգնաժամը լուծել հանրաքվեով: Սա անփութությո՞ւն է, քաղաքական փորձառության պակա՞ս, անլուրջ վերաբերմո՞ւնք ԱԺ-ի նկատմամբ, թե՞…
– Ձեր ասած ամեն ինչը կա, բայց փորձենք շարժառիթը հասկանալ, թե ինչու են այդպես համառորեն փորձում Հրայր Թովմասյանի հարցերը լուծել: Սկզբնական փուլում, երբ նոր իշխանությունը եկավ, պարոն Թովմասյանի հետ առանձնակի խնդիրներ չկային, նույնիսկ բարձրագույն պաշտոնյաներից մեկն ասաց, որ իր հետ որևէ խնդիր չունեն, բայց խնդիրը հետո սկսեց ծագել: Իմ կարծիքով՝ այն պատճառով, որ հույս ունեին, որ պարոն Թովմասյանը նախկինից մնացած նույն բարձրաստիճան պաշտոնյաների նման հնազանդությունն ինչ-որ ձևերով կարտահայտի նոր իշխանություններին: Մենք էլի գիտենք բարձր պաշտոնյաներ, որոնց դերակատարությունը շատ ավելի կարևոր է, քան, ասենք, ՍԴ նախագահը, բայց նրանց հետ կապված խնդիր չկա, իսկ պարոն Թովմասյանի հետ եղավ: Փորձեցին պարոն Թովմասյանին վախեցնել, գործեր հարուցել…
– Բայց մյուս կողմից՝ հայտարարվեց, որ Հրայր Թովմասյանը գնացել և իր ծառայությունն է առաջարկել Նիկոլ Փաշինյանին, նույնիսկ գրիչի նկարը հրապարակվեց:
– Դե, Հրայր Թովմասյանն ասաց, որ նման բան չի եղել: Արդեն կասկածի տակ էր դրվում պարոն Փաշինյանի հեքիաթի հերոսի կերպարը: Մինչ այդ կար այդ կերպարը ժողովրդի մի մասի մոտ՝ նա հեռացրել էր նախորդ իշխանություններին, ձերբակալել Ռոբերտ Քոչարյանին, ամենակարողի տպավորություն էր թողել, և հիմա պարզվեց, որ պարոն Թովմասյանին, որ մինչ այդ առանձնակի մկանուտ կերպար չէր, Փաշինյանը չի կարողանում հաղթահարել: Եվ արդեն բանը վերածվեց գլադիատորական մարտի՝ մի կողմում՝ Փաշինյան, մյուս կողմում՝ Թովմասյան: Թովմասյանն ասել էր, որ չի նահանջելու, իսկ Փաշինյանը ևս չի կարող նահանջել, եթե նա հիմա ոչինչ չանի, իր այդ լեգենդը կջարդվի, ժողովրդի մոտ ամենակարողի հույսերը կցնդեն, իսկ քանի որ իր թիմը գաղափարականացված չի, մենք տեսել ենք, որ ԱԺ-ն քասթինգի միջոցով է ձևավորվել, ճաքեր կտան, և Փաշինյանը չի կարող այդ կռիվը չտալ: Իր համար այդ մեկ օրն էլ կարևոր է:
Ինքը հիմա գիշեր-ցերեկ դրա մասին է մտածում, որ՝ հնարավորինս շուտ ես այդ հարցը լուծեմ, բայց հարցն այն է, որ բոլոր դեպքերում Թովմասյանը չի պարտվելու, եթե անգամ հեռացնեն իրեն, ինքը էլի հաղթած է գնալու, որովհետև մարդը մինչև վերջ դիմադրեց, իր վրա հանցանք չկա, և շնորհիվ Փաշինյանի՝ նա դառնալու է քաղաքական դեմք, նա շահած է դուրս գալու այս մարտում:
– Ասում են՝ Հրայր Թովմասյանը կռվում է ժողովրդի դեմ:
– Հեքիաթներ են պատմում: ՍԴ-ն անշառ մի կառույց է, եթե դուք օրենքներով առաջնորդվեք, ընդհանրապես իր տեղը չեք էլ իմանա:
– Արդեն հայտնի է, որ սահմանադրական բարեփոխումների հանձաժողով է ձևավորվել, հետևաբար, Ձեզ համար պա՞րզ է, թե ինչու այդ փոփոխությունները չեն կատարվում սահմանադրական փոփոխությունների միջոցով, այլ այսպես հրատապ կարգով մտցվում է խորհրդարան:
– Փաշինյանին տագնապից ազատելու հույս ունեն, որ օր առաջ կարողանան Հրայր Թովմասյանին հեռացնել, բայց հասկացան, որ այն, ինչ ուզում են անել, չի ստացվի, հիմա մի քիչ ավելի երկար տարբերակ են փորձում իրականացնել: Բոլոր դեպքերում, Թովմասյանը պարտված չի դուրս գալու, Փաշինյանն էլ չի հաղթելու: Ժողովրդի մտածող հատվածը ամեն ինչ տեսնում է, ասում է՝ այս ինչե՞ր եք անում, պարոնայք: Եթե այդ գիտակից հատվածը մեջքով թեքվի դեպի իշխանությունները, այդ իշխանություններն արդեն չեղածի հաշիվ են: Կարող է՝ իրենք պրոլետարիատի աջակցությամբ գոյատևեն, բայց իրականում իրենք չկան: Ինչ վերաբերում է Սահմանադրությանը, ապա ես միշտ էլ պնդել եմ, որ մեր ժողովուրդը քաղաքականապես հասուն չէ՝ Սահմանադրություն ունենալու համար: Դա ես ասել եմ դեռ նախորդ դարավերջին. որոշակի քաղաքագիտական մակարդակ, կրթվածություն, փորձ պետք է անցնես, հետո նոր ունենաս Սահմանադրություն: Անգամ՝ օրենքները: Որ օրենքը վերցնեք, խոշորացույցով քննեք, կտեսնեք, որ չեն աշխատում:
– Այսինքն՝ եթե ժողովուրդը պատրաստ չէ, չպե՞տք է ունենալ Սահմանադրություն, օրենքներ:
– Ոչ: Եթե ժողովրդին տալիս եք Սահմանադրություն, որին ինքը պատրաստ չէ, կարող եք կարդալ Լը Բոնին, որը 125 տարի առաջ է ասել, այդ երկիրն ընկնելու է այս վիճակի մեջ՝ քաղաքացիական պատերազմներ, բախումներ:
– Հրայր Թովմասյանին ասե՞լ եք այդ մասին, երբ Սահմանադրություն էր գրում:
– Ես իր հետ զրույցների ժամանակ ասել եմ, որ, եթե ուզում ենք երկիրը քաոսից հանել, պետք է գրենք մեր իրական Սահմանադրությունը: Պետք է արձանագրենք իրականությունը, ինչ կա այսօր: Ի՞նչ կարող է անել ոստիկանը. ոստիկանը կարող է ցանկացած մարդու ասի՝ ես լուրեր ունեմ, որ ապօրինի զենք ունեք, ես ձեզ պառկեցնում եմ ասֆալտին, տանում եմ ոստիկանություն:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում