«Ձեր անձնական հաշվեհարդարը լեգիտիմացնելու համար ձեզ պետք է ժողովուրդը». Անի Սամսոնյան

Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքը թույլ է տալիս, որ Սահմանադրական փոփոխությունների նախագիծն ընդունվի պատգամավորների 2/3-ով, և դուք կարող էիք այստեղ այդ հարցը լուծել, բայց դուք ասում եք՝ թող ժողովուրդը որոշի, որն, ի դեպ, արդեն մեկ անգամ որոշել է և ձեզ տվել 70 տոկոս քվե, բայց այսօր էլ դուք փորձում եք ձեր լիազորությունները թողնել այդ նույն ժողովրդի վրա, իսկ դա ունի հատուկ նպատակ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ նշելով, որ «Իմ քայլը» հաշվարկել է այս առաջարկվող փոփոխությունների քաղաքական հետևանքները, և, որպեսզի հետագայում կարողանա խուսափել պատասխանատվությունից, դա որոշել է թողնել ժողովրդի վրա։

Ըստ Սամսոնյանի՝ հանրաքվեի ընթացքում «Իմ քայլը» խմբակցությունը դաշտը բաժանելու է սևերի և սպիտակների, ստեղծելու է շոուներ, որովհետև այն խոստումները, որոնք հռչակել էին դատաիրավական համակարգի փոփոխությունների, տնտեսական հեղափոխության և այլ բարեփոխումների մասին,  մնացել են լոկ խոստումների մակարդակում, ուստի պետք է մարդկանց մի բանով զբաղեցնել։

«Անձնական հաշվեհարդար տեսնելու համար դուք նախաձեռնում եք գործողություններ և դրանք լեգիտիմացնելու համար ձեզ պետք է ժողովուրդը։ Դուք սխալ եք վարվում, և մենք ձեզ ասում ենք և դա ապացուցում ենք իրավական հիմքերով, որոնք դուք չեք ընդունում. միգուցե ընդունել եք քաղաքական որոշում և գիտակցված եք գնում այս ամեն ինչին։ Կոչ եմ անում՝ դաշտը չբաժանել սև ու սպիտակների և չփորձել լռեցնել ընդդիմությանը. այդ մեթոդները չեն գործում, արդեն հնացած են»,- ասաց Սամսոնյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս