«Ձեր թարախ արյունն էս երկրի վրա չպետք է թափվի, տղե՛ք, թողեք հեռացե՛ք». Սասուն Միքայելյան

Արդեն 20 տարի է՝ նախորդ իշխանությունները բռնազավթել են ժողովրդի իշխանությունը և այդ տարիների ընթացքում Սահմանադրական դատարանը դակել է իշխանության որոշումները։ Այս մասին այսօր Ազգային ժողովում իրավական ձևակերպումները թողնելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Էդմոն Մարուքյանին և Տարոն Սիմոնյանին՝ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ խոսելով, իր խոսքերով, ՍԴ-ում ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու մասին։

«Նախորդ իշխանություններն ուզում են տանեն փակուղի, քաղաքացիական պատերազմի, որի գնահատականը պետք է ժողովուրդը տա, որովհետև մենք ժողովրդի ձայնով ենք էստեղ, հետևաբար՝ այս իրավիճակում էլ պետք է ժողովուրդը որոշի»,- ասաց Ս. Միքայելյանը։

Անդրադառնալով օրերս ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին բերման ենթարկելուն ու Հայրապետյանի կողմից հնչեցված պարզաբանումներին, Միքայելյանն ասաց.

«Կներեք, որ այս վերջին «ոտք մաքրել»-ուն եմ անդրադառնում, «Նիկոլիկ» և այլն։ Ես էլ կարող եմ ասել՝ Սերժիկ, Ռոբիկ, բայց ես ինձ թույլ չեմ տվել էսքան ժամանակ, էդքան էլ զրպարտանք ու դաժանություն եմ կրել, որովհետև հարգում եմ այդ ինստիտուտը, և ես հպարտ եմ, որ ամբողջ ՀՀ-ի ժողովուրդը և հայ ազգն ընտրել է վարչապետ։ Մենք շատ ենք Փաշինյանի հետ վիճում, բայց մի հարցի շուրջ իրավունք չունենք վիճելու, որ երկրում հեռացել է էն իշխանությունը, որը բռնազավթել է ժողովրդի իշխանությունը, էս ժողովուրդը պրծավ, էս դահլիճից արյան հոտ ա գալիս, ինչքան էլ բերեն, զարդարեն, մեկ ա՝ արյան հոտ ա գալիս։ Ես էստեղ տեսել եմ բեմի վրա Կարեն Սերոբիչին, երբ գլխից խփել էին, արյունը և ուղեղը լյարդացած, ու երդում եմ կերել, որ սրանց վերջը պետք է գա, որովհետև հայի ձեռքով, թուրքից դաժան իրանք կարողացան այդ ամեն ինչը անել։ Եթե ՍԴ-ն իրեն ճիշտ պահեր ու Հոկտեմբերի 27-ի կամ մարտյան դեպքերից հետո, կամ Քոչարյանի իմպիչմենտ հայտարարելուց հետո ճիշտ պահեր… մի տարի ժամանակ տվին ու ջրին՝ գնաց…

Էդ սաղ տեսել ենք, ժողովուրդ ջան, բայց հիմա փակուղի ենք մտել։ Պրծել եք, ժողովուրդ, գնացեք, հեռացեք, ձեր թարախ արյունն էս երկրի վրա չպետք է թափվի, էլ դուք իշխանության չեք գա, թողեք էս տանջված ժողովուրդը էս երկիրը կառուցի։ Եվ ոտք մաքրել…

Ես երբեք ինձ թույլ չեմ տվել մեկին կպնեմ, որովհետև ինձ եմ նսեմացնում, բայց ես հպարտ եմ, որ ընտրվել է վարչապետ 20 տարի անց, որին ժողովուրդը հավատում է, և  հիմա դու էդ ժողովրդի վրա՞ ես ոտք մաքրում, էդ ժողովուրդը մի հատ էլ Նիկոլի հետ քայլ անի, կտրորի, կանցնի, ուշքի եկեք, տղերք, հեռացեք խաղաղությամբ»,- ասաց  Սասուն Միքայելյանը։

Նա խոսեց նաև Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի մասին և նշեց, որ Թովմասյանին ճանաչում է երկար տարիներ, նա եղել է լավ իրավաբան, որն իրեն օգնել է ընտրությունների ժամանակ, սակայն նախկին իշխանությունները կարողացել են խելոքներին տանել, և եթե նախկինները թողնեն, կթողնի և կգնա։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս