Դատական համակարգի նկատմամբ էլ վստահություն չկա, ի՞նչ անենք՝ պարալիզացնենք. Մելքումյան
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանից այսօր հետաքրքրվեց՝ արդյոք նրա առաջարկած օրենսդրական փոփոխությունները չե՞ն նսեմացնում պետական ինստիտուտը՝ Սահմանադրական դատարանը, որն անկախ ամեն ինչից՝ շարունակում է գործել, և արդյո՞ք ներկայացված նախագիծը բխում է պետական շահից, որն այս պարագայում ստորադասվում է քաղաքական շահին։
Ի պատասխան Մելքումյանի՝ Հովակիմյանը ասաց, որ հենց պետական շահն է պարտադրում, որ ՀՀ ժողովուրդն ունենա այնպիսի Սահմանադրական դատարան, որի որոշումները կասկածի տակ չեն դրվի, հետևաբար՝ առաջարկված օրենսդրական փոփոխությունները բխում են հենց պատգամավորի մատնանշած պետական շահից։
ԲՀԿ-ական պատգամավորը Հովակիմյանին հարց ուղղեց նաև՝ այդ դեպքում, եթե, ասենք, չկա դատական համակարգի նկատմամբ վստահություն, և մարդիկ չեն վստահում այդ դատարաններին, ի՞նչ պետք է արվի այդ դատական համակարգի հետ. այն պետք է պարալիզացվի՞։
«Այսօրվա Սահմանադրական դատարանն ամեն ինչ անում է դատական համակարգի բարեփոխումները կասեցնելու համար, այդ ճգնաժամն ինքն է ստեղծել»,- ի պատասխան Մելքումյանի՝ ասաց Հովակիմյանը՝ օրինակ բերելով Մոլդովան և Ուկրաինան, որտեղ, ըստ Հովակիմյանի, ՍԴ-ն ստեղծել է ճգնաժամային իրավիճակներ։
Մանրամասները՝ տեսանյութում