Վտանգավոր միտումներ ԵԱՏՄ-ում. որքանո՞վ է իրատեսական ԵԱՏՄ-ում վետոյի իրավունքի սահմանափակումը

Օրերս Ալմաթիում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից պարզ դարձավ, որ ԵԱՏՄ-ում մոտենում է ինտեգրացիայի հերթական փուլը: Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրները քննարկում են որոշ հարցերում վետոյի իրավունքից ազգային կառավարությունների հրաժարվելու հնարավորությունը և դրանով որոշումներ կայացնելու իրավունքի փոխանցումը վերազգային մակարդակ: Այդ մասին, ըստ ՌԻԱ Նովոստիի, օրերս հայտնել էր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: «Ես կառանձնացնեի սկզբունքային մի քանի հարց, որոնք մենք այսօր քննարկել ենք: Առաջինը, թե որ հարցերում է հնարավոր հրաժարվել վետոյի իրավունքից ու վերազգային մարմնին՝ Կոլեգիային փոխանցել գործառույթները»,- ասել էր Սարգսյանը՝ հավելելով, որ սա քննարկման կարևոր հարց է:

Նրա խոսքով՝ եթե ազգային կառավարությունները պահպանեն վետոյի իրավունքը, ապա դա թույլ կտա պահպանել ազգային ինքնիշխանությունը, սակայն, եթե ցանկություն կա խորացնելու միությունը, ինչի հետ, ըստ նրա, ակնհայտ է, որ բոլորը համաձայն են, կան որոշ գործառույթներ, որոնք անհրաժեշտ է փոխանցել վերազգային մարմիններին:

Տ. Սարգսյանը նշել է, որ, եթե ազգային կառավարությունները հրաժարվեն վետոյի իրավունքից, ապա դա կհանգեցնի վերազգային մարմնի պատասխանատվության մեծացմանը: «Սա այնպիսի սկզբունքային, կարևոր, քաղաքական հարց է, որ մենք համոզված ենք՝ միջկառավարական խորհրդի հաջորդ նիստին մեզ կհաջողվի այս հարցում համաձայնության գալ»,- եզրափակել էր Սարգսյանը:

Ներկայումս, բացի այս հարցից, ԵԱՏՄ անդամ երկրները պատրաստում են ԵԱՏՄ զարգացման ռազմավարությունը մինչ 2025 թվականն ընկած ժամանակահատվածի համար: Ռուսաստանն ունի մի շարք առաջարկներ: «Ելնում ենք այն բանից, որ դա պետք է լինի շատ բովանդակային փաստաթուղթ, որն արտացոլում է միության զարգացման առանցքային ուղղությունները»,- օրերս ասել էր ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Միխայիլ Բաբիչը:

Նրա փոխանցմամբ՝ խոսքը հանձնաժողովի վերազգային իրավասությունների, միության դատարանի, վետոյի իրավունքի կիրառման և ԵԱՏՄ զարգացման ինստիտուցիոնալ միջոցներին վերաբերող առաջարկների մասին է: «Այսինքն՝ մենք դնում ենք խնդիրներ, որոնք թույլ կտան իսկապես նոր թափ հաղորդել միության զարգացմանը: Այդ աշխատանքն այնպես պետք է իրականացնել, որպեսզի Եվրասիական հանձնաժողովը, Եվրասիական դատարանը ստանան իրական լիազորություններ, որպեսզի Եվրասիական միության միասնական տնտեսական տարածքը լիարժեք գործի»,- ասել էր Բաբիչը:

«168 Ժամի» հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ դա ԵԱՏՄ անդամ երկրների համար անսպասելի թեմա չէ, վետոյի իրավունքի սահմանափակումը որոշ հարցերում ենթադրվել և դիտարկվել է կառույցի ձևավորման հենց սկզբից: Ըստ Լուկիանովի՝ դա կարող էր դիտարկվել նաև կառույցի մեկնարկային փուլում, սակայն նման քննարկումներն այդ փուլում շատ ավելի սուր էին, քանի որ կառույցի ապագան դեռ լիովին ուրվագծված չէր: Ավելին, նրա գնահատմամբ՝ սա բացառիկ ընթացակարգ չէ նման միությունների համար, և նման սահմանափակումներ կան նաև ԵՄ-ում:

«Բայց պետք է հասկանալ, որ ԵԱՏՄ-ն համեմատաբար երիտասարդ և տարաձայնություններով զարգացող կառույց է, դրա ձևավորման հիմքում դրված գաղափարներից ոչ բոլորն են արդարացել, որոնցից գլխավորն այն էր, որ այն պետք է լիներ քաղաքական կառույց, սակայն վերածվեց տնտեսական միության, ինչը ևս քաղաքական բաղադրիչ ունի, բայց այն մասշտաբով չէ, ինչ նախատեսվում էր: Այսինքն՝ այն, ինչ քննարկվում է, նոր չէ ԵԱՏՄ որևէ անդամ երկրի համար: Բնական է նաև, որ կան մտավախություններ, վտանգներ, կարծում եմ՝ դրանք առկա են նաև Ռուսաստանի դեպքում, թեև Ռուսաստանը ևս մասնակցել է նման առաջարկների մշակմանը, և Ռուսաստանը դրանք դեռ պետք է քննարկի երկրի պետական ինստիտուտների մակարդակով:

Նույնը վերաբերում է անդամ մյուս երկրներին, բայց կարծում եմ, որ այն պայմաններում, երբ միությունում շատ հարցեր դեռ հստակեցված չեն, դեռ չկա բավարար միասնականություն, սա կհետաձգվի, քանի որ հարկավոր է վստահություն այս մեխանիզմի նկատմամբ, անհրաժեշտ է վստահություն, որ սա չի լինի ինքնիշխանության անթույլատրելի զիջում, ինչը, կարծում եմ, անթույլատրելի է կառույցում ներգրավված երկրների մեծ մասի համար: Ուստի, ըստ իս, դեռ երկար են շարունակվելու քննարկումներն այս հարցի ուղղությամբ, կարծում եմ՝ դա հաջորդ պաշտոնյաների խնդիրն է լինելու:

Վերջնարդյունքում չեմ բացառում, որ նման մեխանիզմ սահմանվի, սակայն այնպիսի հարցերում, որոնք կդյուրացնեն ԵԱՏՄ ընդհանուր տնտեսական տարածքի գոյությունը, քաղաքական հարցերում վետոյի իրավունքի սահմանափակումը կարող է խնդրահարույց դիտարկվել, և դրա համար հարկավոր է, որպեսզի կառույցը երկար ժամանակ գործի և ապացուցի իր արդյունավետությունը: Այսօր մենք տեսնում ենք, որ անդամ բոլոր երկրները փորձում են վարել ավելի բազմավեկտոր քաղաքականություն, ինչի համար այս գործիքը կարող է սպառնալիք համարվել»,- ասաց Լուկիանովը:

Իր հերթին՝ բելառուս քաղաքական վերլուծաբան Վալեր Կարբալևիչն ասաց, որ սա վտանգավոր սահմանափակում կարող է լինել կառույցի գործունեության այս փուլում: Նրա գնահատմամբ՝ թերևս այս փուլում դա հնարավոր չէ: «Իմ տեղեկություններով՝ մի քանի երկրներ հարցեր ունեն սրա առնչությամբ, և չեմ կարծում, թե հեշտությամբ այն ընդունվի: Բայց հասկանում եմ նաև, որ ի սկզբանե Ռուսաստանի ցանկությունն է եղել, որ վերազգային կառույցները գործեն ամբողջ ծավալով: Ըստ էության, դրա բացակայությունն է ներկայումս դառնում մի շարք տարաձայնությունների խորացման և երկարաձգման պատճառ: Կարծում եմ՝ քննարկումները դեռ երկար կշարունակվեն: Մյուս կողմից՝ հասկանալի էր, որ այս առաջարկը մի օր դրվելու է սեղանին, դա եղել է Ռուսաստանի նպատակը, և յուրաքանչյուր ինտեգրացիոն կառույց ենթադրում է ինքնիշխանության որոշակի սահմանափակում, սակայն հստակ արժեքային համակարգի և կանոնակարգված հարաբերությունների դեպքում դա այնքան վտանգավոր չէ, որքան դրանց բացակայության պայմաններում:

Դեռ չեմ պատկերացնում, թե որ հարցերում կարող է սահմանափակվել վետոյի իրավունքը, ամեն դեպքում, ցանկացած պարագայում սա մեկ-երկու տարվա հարց չէ, երկար ու բարդ քննարկումներ են առաջանալու, քանի որ բոլոր երկրներն էլ ցանկանում են պահպանել իրենց ինքնիշխանությունը, հատկապես, երբ Ռուսաստանից բացի՝ մյուս բոլոր երկրներն այս կառույցները չեն դիտարկել լուրջ միջազգային կառույցներ, այլ միացել են՝ պահպանելու համար Ռուսաստանի հետ հարաբերությունները, առևտրատնտեսական ու էներգետիկ կապերը, արտոնյալ հարաբերությունները որոշ ոլորտներում, ուստի փորձելու են պահպանել դա հնարավորինս երկար»,- ասաց Կարբալևիչը:

Ըստ նրա՝ մինչ նման հնարավորությունը դիտարկելն անդամ բոլոր երկրները պետք է երկար ծանրութեթև անեն: «Սա չափազանց կարևոր հանգրվան է լինելու Ռուսաստանի հետ հարաբերությունների տեսանկյունից, և յուրաքանչյուր երկիր պետք է որոշի՝ ցանկանո՞ւմ է նման զիջում, թե՞ ոչ»,- ասաց վերլուծաբանը:

Տեսանյութեր

Լրահոս