Փաշինյանը դեմ է գնում էկո Հայաստանին՝ հանուն 0,1% «տնտեսական ակտիվության»

Օրեր առաջ ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակեց 2019թ․ հունվար-դեկտեմբեր ամիսների Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը։

Ըստ հրապարակված տվյալների՝ 2019թ․-ին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 7,8%՝ աճելով նախորդ տարվա համապատասխան ցուցանիշի նկատմամբ։ Ամենահետաքրքիրն այն է, որ տնտեսական ակտիվության ցուցանիշի աճի արագացմանը հիմնականում նպաստել է արդյունաբերության ոլորտի աճի արագացումը։

Չծանրաբեռնելու համար ձեզ տոկոսային ցուցանիշներով` անցնենք բուն խնդրին։ Եթե հետհայացք գցենք տարեսկզբին արձանագրված ցուցանիշներին, կտեսնենք, որ արդյունաբերության ոլորտի աճը պայմանավորված էր մշակող արդյունաբերությամբ։

Իսկ ի՞նչ պատկեր ունենք մենք ամռանից մինչ օրս։ Հանքարդյունաբերություն: Թեղուտ։ Մենք, թերևս, առանձնակի ուշադրություն չէինք սևեռի այս երկու փաստերի վրա, եթե կրկին հետհայացք չգցեինք, բայց այս անգամ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկինում արած հայտարարություններին։

2018թ․-ի օգոստոսին, լրագրողի հարցին ի պատասխան, վարչապետ Փաշինյանը նշում է, որ Հայաստանի տնտեսության զարգացման կարևորագույն հենասյուներից մեկն իրենց իշխանությունը համարում է էկո Հայաստանի հայեցակարգը՝ ընդգծելով, որ ինչ-որ ընկերություններ ընդերքի արտահանմամբ ստանում են գերշահույթներ, մեծ հաշվով, ապահովում են տնտեսական աճի ցուցանիշներ, բայց վերջինները հանրային կյանքի նկատմամբ չունեն այնպիսի ազդեցություն, ինչպիսին պետք է ունենան: Վարչապետ Փաշինյանն իր խոսքում ընդգծում է նաև, որ ռազմավարական առումով հանքարդյունաբերությունը Հայաստանի տնտեսության ապագան չէ։

Այժմ գանք 2019թ․-ի մայիս։ Այս անգամ արտահանման ծավալների կրճատման փաստի վերաբերյալ լրագրողի հարցին պատասխանելիս՝ վարչապետ Փաշինյանը նշում է, որ արտահանման թվերի անկումը պայմանավորված է Թեղուտի հանքի փակմամբ։ Մեկ այլ հանքի՝ «Լիդիան Արմենիա» ընկերությանը վերաբերող հարցին էլ նա կրկնում է իր՝ դեռ 2018թ. ասված միտքն այն մասին, որ բավական է լինել հանքարդյունաբերության վրա հիմնված պետություն։ Նշված հայտարարությունից օրեր անց՝ մայիս ամսվա վերջերին, տեղեկատվություն է տարածվում Թեղուտի հանքավայրի շահագործման վերսկսման վերաբերյալ, ինչը լիարժեք իրականացվում է 2019թ․ հուլիսին։

Ի՞նչ է, այս հարցում Կառավարությունը՝ հանձին վարչապետ Փաշինյանի, հերթական անգամ ոչ սկզբունքայի՞ն գտնվեց, թե՞ գուցե կա այլ դրդապատճառ։ Օրինակ, տնտեսական հեղափոխության գոյության մտացածին և բաղձալի փաստը հնարավոր բոլոր միջոցներով իրականություն դարձնելը, անգամ, եթե այն հակասում է նախկինում արված հայտարարություններին և իշխանության «որդեգրած» էկո Հայաստանի հայեցակարգին։ Եթե վերադառնանք ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված 2019թ․ հունվար-դեկտեմբեր ամիսների Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշներին, կտեսնենք, որ հունվար-դեկտեմբեր ամիսներին արդյունաբերության աճն ապահովվել է մետաղական հանքարդյունաբերության 25% աճի շնորհիվ, որը հիմնականում պայմանավորված էր հենց Թեղուտի հանքի վերագործարկմամբ։ Սակայն անգամ Թեղուտի հանքի շահագործման վերսկսումը չտվեց սպասված տնտեսական թռիչքաձև աճը․ 2019թ․ հունվար-դեկտեմբեր ամիսների տնտեսական ակտիվության ցուցանիշն ընդամենը 0.1 տոկոսային կետով է առաջ անցել 2017թ.-ին` նախորդ կառավարության օրոք գրանցված տնտեսական ակտիվության ցուցանիշից:

Ակամայից հիշում ենք նաև վարչապետ Փաշինյանի մեկ այլ հայտարարություն, որում նշվում էր, թե մետաղական հանքերում լինելու են շատ լուրջ ստուգումներ, և բացառվելու է որևէ հանք, որ խուսափի այդ ստուգումներից: Հիշենք Թեղուտի շահագործման դադարեցման պատմությունը։ Հանքը շահագործող ընկերության ներկայացուցիչները 2018թ․-ի փետրվարին հայտնել էին, որ Թեղուտի պոչամբարի տեխնիկական անվտանգության ցուցանիշները չեն համապատասխանում ՀՀ օրենսդրական և միջազգային ամենաբարձր չափանիշերին: Իսկ միջազգային փորձագետները նշել էին, որ պոչամբարի պատվարի կայունության մակարդակի բարձրացման և դրա սեյսմիկ ու ստատիկ անվտանգության ապահովման, Թեղուտի պղինձամոլիբդենային հանքավայրի օգտակար հանածոյի հանքաքարի արդյունահանման ու հարստացման գործընթացների վերագործարկումն անխուսափելիորեն կառաջացնի պոչամբարի պատվարի մարմնում ջրի մակարդակի բարձրացման ու ջրիկացման ռիսկ՝ ստեղծելով պոչամբարի ինքնափլուզման իրական վտանգ:

Մեկ տարի անց՝ 2019թ․-ի հուլիսից, փլուզման ռիսկեր պարունակող Թեղուտի հանքավայրը, որն այժմ համարվում է «ՎՏԲ» բանկի սեփականությունը, կրկին շահագործվում է։ Հանքի շահագործման թույլտվությունը վարչապետ Փաշինյանն ու նոր իշխանությունները տվել են՝ առանց հանքի հավելյալ փորձաքննության և վիճակի վերագնահատման, ինչի մասին բարձրաձայնել են նաև բնապահպանական ճակատի անդամներ։ Ավելին, այս տարվա հունվարին ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչները հանքարդյունաբերողների հետ հանդիպման ժամանակ կրկին նշել էին, որ պղնձի արտադրության մետալուրգիական ձեռնարկության շահագործումը մեծ դեր է խաղում հանրապետության տնտեսության զարգացման համար, ստեղծում է համախառն ներքին արդյունք, սակայն, միևնույն ժամանակ, բարձր ռիսկայնություն է պարունակում։

Ի՞նչ է ստացվում արդյունքում․ Փաշինյանը դեմ է գնում հայտարարած «էկո Հայաստան» հայեցակարգին, թույլատրում է անվտանգության ռիսկեր պարունակող հանքի շահագործման վերսկսումը՝ ամեն գնով տնտեսական ակտիվության թվային ցուցանիշներ ստեղծելու նպատակով։

Հետաքրքիր է տեսնել, թե իշխանություններն ինչ գործելաոճ կդրսևորեն, երբ հարցը վերաբերի մեկ այլ խնդրահարույց հանքի՝ «Լիդիան Արմենիա»-ին։

ԿԱՐԵՆ ԹՈՍՈՒՆՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս