Ինչու է Վահագն Հովակիմյանի հեղինակած նախագիծը հանվել ԱԺ արտահերթ նիստի օրակարգից
ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի խոսքով՝ արտառոց ոչինչ չի եղել, որ ԱԺ արտահերթ նիստը հետաձգվել է, քանի որ, եթե ներկայացվող նախագծերի հեղինակները նախագծերում հայտնաբերում են որևէ խնդիր, որը կարող է հետագայում առաջացնել ավելի մեծ խնդիր, ապա պարտավորություն են ստանձնում այդ ամենը շտկելու:
«Այս ընթացակարգերից մեկն այն նախագծերը հետ կանչելն է, այն շտկելն ու կրկին շրջանառության մեջ դնելը, օրինակ, տեխնիկական խնդիրները կարող են վերաբերել ժամկետին, ստորագրությանը, ստորակետին և այլն»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Վլադիմիր Վարդանյանը:
Հարցին՝ ինչո՞ւ ինքը չի ստորագրել 37 պատգամավորների ներկայացրած նախագծի տակ, Վլադիմիր Վարդանյանը պատասխանեց, որ Հայաստանում չի եղել և ֆիզիկապես հնարավորություն չի ունեցել ստորագրելու:
«Ազգային ժողովի պատգամավորները կարող են միանալ այս կամ այն նախագծին, նրանց մեկ քառորդը կարող է ձևավորել առանձին սուբյեկտ, որը կարող է հեղինակել այս նախագիծը, որևէ արտառոց բան տեղի չի ունեցել»,- ասաց Վ. Վարդանյանը:
Նա նաև ընդգծեց, որ, եթե չի սխալվում, Վահագն Հովակիմյանի հեղինակած նախագիծն ընդհանրապես հանվել է օրակարգից, մնացել է միայն Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագիծը:
Հիշեցնենք, որ ԱԺ մի խումբ պատգամավորներ ներկայացրել են նախագիծ՝ ՀՀ Սահմանադրության փոփոխության վերաբերյալ, որի համաձայն՝ ՀՀ Սահմանադրության 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխությունների 213-րդ հոդվածը շարադրվում է նոր խմբագրությամբ, ըստ որի՝ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում