«Այս քայլերով մենք կանգնելու ենք երկիր ունենալ-չունենալու հարցի առաջ». Կարեն Բեքարյան
Վերլուծաբան Կարեն Բեքարյանը «Ժնև և Ժնևյան դասեր» պայմանական վերնագրով՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ վերջին զարգացումներում մի քանի արձանագրություն է առանձնացնում:
Վերլուծաբանի խոսքով՝ առաջինը պետք է արձանագրել այն, որ երկար ժամանակ տարածված կեղծիքը, թե բանակցություն չկա կամ սեղանին բանակցային փաստաթուղթ չկա, Ժնևյան բանակցությունը ուղղակիորեն ի ցույց է դրել: Ու դրանում, ըստ Կարեն Բեքարյանի, չկա անգամ մանևրելու հնարավորություն, քանի որ հնգակողմ հայտարարության տակ կա նաև արտգործնախարարի ստորագրությունը:
Կարեն Բեքարյանի կարծիքով՝ հնգակողմ հայտարարությունը եկավ ապացուցելու, որ հայաստանյան իշխանությունը՝ պնդելով, թե բանակցային սեղանին փաստաթուղթ չկա, փորձում էր ապակողմնորոշել սեփական հանրությանը:
Կարեն Բեքարյանն ուշադրություն է հրավիրում նաև Նիկոլ Փաշինյանի՝ Կապանի ասուլիսում ներկայացրած Մադրիդյան սկզբունքների հիշատակումներին՝ ասելով, թե այն «բավական ճղճիմ բեմադրված թատրոն» էր այն ժամանակ հակամարտության մասին ներկայացված մոտեցման վրա:
«Այստեղ իրավիճակի աբսուրդ ունենք: Խոսքը վերաբերում է երկրի գլխավոր բանակցողին, ի պաշտոնե այդ պարտականությունը կրողին, և այդ մարդը նախկինների թողած ժառանգության հետ կապված հղում է անում ինչ-որ լրատվամիջոցի հրապարակման: Սա աբսուրդի ժանրից է, ոչ մի նորմալ տրամաբանության մեջ չի տեղավորվում: Այսինքն, դու տեղյակ չես այդ փաստաթղթային ժառանգությանը, դու տեղյակ չես այդ ժառանգությանը փակ արձանագրություններով, դու պիտի հենվես ինչ-որ լրատվամիջոցի հրապարակման վրա, հետո էլ անես արտահայտություն՝ «քանի որ այդ լրատվամիջոցի հրապարակումից հետո հերքում չեղավ, երևի ես դա ընդունեմ փաստ»,- ասաց Կարեն Բեքարյանը` հավելելով, որ սա ապացուցում է, որ գործ ունենք մի էլեմենտի հետ, երբ սեփական հանրության նկատմամբ կա հարգանքի լիակատար բացակայություն, քանի որ նման ձևով հանրությանը հիմարի տեղ դնել հնարավոր է միայն հարգանքի բացակայության դեպքում:
Ըստ Կ. Բեքարյանի՝ հրապարակված հոդվածին հղում անելով՝ Ն. Փաշինյանն իրականացնում է «իբր թե» հայտնագործում, որովհետև նրա հասցեատերը, իր պատկերացմամբ՝ հանրության ոչ գրաճանաչ հատվածն է:
«Այն, ինչը Կապանում ներկայացնում էր, տարիներ ի վեր գաղտնազերծված էլեմենտ է: Մարդը սա ներկայացնում է՝ որպես բացահայտում»,- ասաց Կարեն Բեքարյանը՝ հավելելով, որ Կապանում «թատրոնը» սրանով էլ չի սահմանափակվել:
Հաջորդը վերլուծաբանի ուշադրության կենտրոնում Նիկոլ Փաշինյանի ուղերձն էր Արցախի նախագահական ընտրությունների թեկնածուներին, որով նրանցից դիրքորոշում խնդրեց այն մասին, թե արդյոք ցանկանո՞ւմ են իր ներկայացրած փաստաթղթի շուրջ բանակցել:
Կարեն Բեքարյանի գնահատմամբ՝ դա շատ էժանագին քայլ էր, որին ոչ բոլոր թեկնածուներն արձագանքեցին:
«Գործընթացին չմասնակից սուբյեկտը, այս դեպքում՝ թեկնածուն, տալիս է արձագանք մի բանի վերաբերյալ, որի նկատմամբ չունի ամբողջական պատկերացում, չունի բանակցային սեղանի և այնտեղ տիրող իրավիճակի ողջ տրամաբանությունն ու հոգեբանությունը, որովհետև իրեն ու բոլորիս որ խոստանում էին, որ Արցախը վայրկյան առաջ գալու է բանակցային սեղան, դա տեղի չի ունեցել, ընդհակառակը, դրա ներքո ռիսկեր են ստեղծվել, որոնք որևէ կերպ նախապես չէին գնահատվել: Այսինքն՝ փորձ է արվում ՀՀ վարչապետի ուղերձը՝ չելենջը, չթողնել օդում»,- նկատում է վերլուծաբանը՝ հավելելով, թե հենց դրանից հետո եղավ «ամենաունիկալ» բացահայտումը:
«ՀՀ արտգործնախարարը Ժնևում՝ թքած ունենալով վարչապետի տված հարցմանը Արցախից եկած պատասխանների վրա, քննարկում է այն փաստաթուղթը, որն իբրև թե որևէ լրատվամիջոց է բացահայտել և հարցնում է Արցախի կարծիքը: Եթե ԱԳՆ-ն շրջանցել է վարչապետի հրահանգները, մենք պետք է տեսնեինք: Եթե չէ՝ ո՞ւմ համար էիք անում այս թատրոնը, ու ո՞րն էր սրա նպատակը: Այսինքն՝ սեփական հանրությանը հիմարի տեղ դնելու այս գործընթացը տարածում է ստացել ու տրանսֆորմացվել է միջազգային հանրության վրա: Ու այս գործընթացում ռիսկերը հաշվո՞ղ է եղել»,- նկատեց Կարեն Բեքարյանը՝ նշելով, որ սրանում կա նաև մեդալի մյուս կողմ:
Նա նաև հռետորական հարց հնչեցրեց, թե որքանո՞վ էր անհրաժեշտ Արցախի նախագահի որոշ թեկնածուների համար՝ ստեղծել խոսք ասելու հնարավորություն, հետո «ի լուր աշխարհի գետնով տալ այդ խոսքը»: Ըստ վերլուծաբանի՝ դրանով գուցե ոչ թե Արցախի սուբյեկտայնությունն են բարձրացնում, այլ Արցախին դարձնում են ձայնազուրկ:
«Չկա որևէ տրամաբանություն այս ընթացքի մեջ, բայց անտրամաբանականն էլ այսպես վտանգավոր դարձնելու համար հունար է պետք ունենալ»,- վստահ է վերլուծաբանը:
Կ. Բեքարյանի պնդմամբ՝ «Ժնևյան ողջ էպոպեան՝ իր տխմարությամբ հանդերձ», շարունակություն ստանում է: Ու դա ՀՀ ԱԳՆ հայտարարությունն է, որում ասվում է.
«Նախարար Մնացականյանը շեշտել է խաղաղ գործընթացում Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչների ներգրավման անհրաժեշտությունը»:
«Սա արտահայտություն էր՝ ֆիքսած նախադասության մեկ հատվածից՝ 1992թ. դեռևս ԵԱՀԿ արձանագրությունից, որտեղ նշում էր Մինսկի կոնֆերանսի պատրաստման մասնակից կողմերին: Եվ այդ մասնակից կողմերի շարքում դնում էր այդ արտահայտությունը մի տարբերությամբ՝ «Ղարաբաղի ժողովրդի ընտրյալ և այլ ներկայացուցիչների»»,- ասաց Բեքարյանը՝ հավելելով, որ տարիներ շարունակ բանակցային գործընթացում Ադրբեջանը փորձել է հիմնվել այս արտահայտության վրա, որպեսզի բանակցային գործընթացում ներգրավի Ղարաբաղի ադրբեջանական համայնքը:
Միաժամանակ Կ. Բեքարյանը նշում է, որ, եթե Հայաստանի ԱԳՆ-ի նպատակը եղել է ֆորմալ հիշեցումը, որ կա հիմք Արցախը բանակցային սեղան բերելու համար, ապա հնարավորություն ուներ հենվելու 1994 թվականի ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի վրա, որտեղ նշված է, որ հակամարտության կողմերը հրադադարը ստորագրած կողմերն են: Այսինքն՝ Արցախի Հանրապետությունը՝ ի դեմս իր իշխանությունների:
«Այս ամեն ինչի համար մենք հետո ունենալու ենք, մեղմ ասած, շատ մեծ խնդիրներ: Մենք չե՞նք նկատում դա: Այս քայլերով մենք կանգնելու ենք երկիր ունենալ-չունենալու հարցի առաջ: Ներսում թշնամի ստեղծելը, զարգացնելը, փչելը, հորինելը, նորը գտնելն ընդամենն այս արհավիրքից ուշադրություն շեղելու նպատակ ունի»,- ասաց Կարեն Բեքարյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում