
Գյուլբենկյանի՝ «Էքսցենտրիկ մագնատի» «Արծաթե ուրվականը» հանվել է աճուրդի

Հայ գործարարի կողմից նախագծված ու «Ռոլս-Ռոյս» ընկերության կողմից սկզբնականորեն մերժված մեքենան հավանաբար կվաճառվի 30․000 ֆունտ ստերլինգով, չնայած այն հանգամանքին, որ այն արդեն ներկայիս տիրոջ վրա արժեցել է շուրջ 7 անգամ ավելի գումար։
Ինչպես հաղորդում է բրիտանական «Daily Mail» օրաթերթը, 73 տարի առաջ պատրաստված «Արծաթե ուրվական» (Silver Wraith) անսովոր մեքենան, որը պատկանել է գործարար Նուբար Գյուլբենկյանին (Գալուստ Գյուլբենկյանի որդուն) հանվել է վաճառքի։
Հետաքրքրական է, որ այն ունի անսովոր կառուցվածք ու դիզայն, ինչը եղել է Գյուլբենկյանի ցանկությունը։ Ըստ մի շարք աղբյուրների՝ Գյուլբենկյան կրտսերը մի շարք նման լյուքս դասի մեքենաներ է նախագծել ու պատրաստել, ու ունեցել է թանկարժեք փոխադրամիջոցների տպավորիչ պարկ։
1965թ․, խոսելով իր տարօրինակ հոբբիի մասին, նա ասել է․ «Ես կարծում եմ, որ ժամանակակից մեքենան պետք է լինի ալիքաձև, կորություններով և ունենա այնպիսի տեսք, որը հուշի, որ այն նախագծվել է մարդու կողմից, ով երբևէ կառք չի տեսել և առաջին անգամ է իրականացնում ներքին այրման շարժիչի շուրջ ավտոմարմնի կառուցման աշխատանքը»։
Հատկանշական է, որ Ռոլս- Ռոյսում բացասաբար են տրամադրված եղել մեքենայի գաղափարի նկատմաբ, սակայն հետևողական Գյուլբենկյանը ի վերջո հասել է իր նպատակին։
Թերթը ներկայացնում է նաև Նուբար Գյուլբենկյանի կենսագրության այլ մանրամասներ։