«2020թ. բանակցային գործընթացն արագանալու է, ուժեղանալու են համանախագահների ճնշումները հակամարտող կողմերի վրա». Էլիբեգովա

ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների ժնևյան երկօրյա հանդիպումից և դրան հաջորդած պաշտոնական հայտարարություններից հետո կարող ենք արձանագրել՝ փաստացի ունենք բանակցային փուլ, որը ծավալվելու է ինչ-որ փաստաթղթի շուրջ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան:

ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունում կարգավորման գործընթացի առաջմղմանն ուղղված ժամանակացույցի և օրակարգի մասին հիշատակումն Էլիբեգովային հիմք է տալիս ասելու՝ կան առաջարկներ ներկայացնելու, որոշումներ կայացնելու և դրանք քննարկելու ժամկետներ, ինչը նշանակում է՝ 2020-ին ԼՂ հարցի կարգավորման բանակցային գործընթացն արագանալու է, ուժեղանալու են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների՝ հակամարտող կողմերի վրա ճնշումները:

«Ինչ վերաբերում է օրակարգին, հայկական կողմը փաստացի ֆիքսում է, որ 2019-ին ունեցել են պայմանավորվածություններ, հումանիտար ակցիաներ՝ հասարակություններին պատրաստելու խաղաղությանը: Այդ միջոցառումների էֆեկտիվությունը ես ցածր եմ գնահատում, բայց փաստորեն, 2020-ին ևս ունենք որոշում՝ շարունակել դրանք տարբեր ֆորմատներով, և ԱԳ նախարարների ու համանախագների համատեղ հայտարարության մեջ կողմերին կոչ է արվում կրեատիվ լինել, որպեսզի խաղաղասիրական ակցիաների իմիտացիա լինի հասարակության համար»,- նշեց նա:

Անդրադառնալով ԱԳ նախարարների և համանախագների համատեղ հայտարարության մեջ հիշատակված կոնֆիդենցիալության սկզբունքի հանդեպ լիակատար հանձնառությանը, ադրբեջանագետը հանգեց հետևյալ եզրահանգման՝ գնալով փակ է դառնալու բանակցային գործընթացը:

«2020-ին էլ ավելի քիչ ինֆորմացիա ենք ունենալու այնտեղ կատարվողի մասին: Գնալով փակվելու է բանակցային պրոցեսը, և մենք ավելի քիչ հնարավորություն ենք ունենալու եզրակացություններ անել՝ բացի ֆոտոներից, բանակցությունների տևողությունից, երկարությունից և ֆորմալ տեքստից»,- նշեց ադրբեջանագետը:

Չանտեսելով ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ առկա «Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչներ» ձևակերպումը և դրա շուրջ փորձագիտական մտահոգություններին ի պատասխան՝ ՀՀ արտաքին գերատեսչության պարզաբանումը, Անժելա Էլիբեգովան այդքան էլ հաջող չհամարեց այն «արդարացումը», թե ««Արցախի ընտրյալ ներկայացուցիչներ» արտահայտությունը միջազգայնորեն ընդունված տերմինոլոգիա է դեռևս 1992 թվականից»:

Այս համատեքստում ադրբեջանագետն ակնարկեց՝ Նիկոլ Փաշինյանի պնդումը, թե պետք է գտնել մի լուծում, որը ձեռնտու կլինի ՀՀ-ի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդներին, դեռ կենացի մակարդակում է, քանի ոչ ոք մինչ օրս չի մանրամասնել՝ կոնկրետ դա ինչ լուծում է, ավելին, այն գոյություն չունի:

«2020-ին մեզ սպասում է բանակցային լարված շրջան: Համանախագահները ֆիքսեցին՝ հարցը պիտի լուծվի փոխզիջումներով, իսկ այն ցավոտ և բարդ պրոցես է երկու կողմի համար էլ: Այդ պրոցեսում ոչ մեկը գոհ չի մնա»,- եզրափակեց ադրբեջանագետը:

Տեսանյութեր

Լրահոս