Ունե՞նք արդյոք բիզնեսի խրախուսման պետական կառույցների արդյունավետ կառավարում

Վերջերս անդրադարձել էի արտահանման խթանման ուղղությամբ՝ իշխող քաղաքական թիմի և գործող կառավարության ծրագրային փաստաթղթերում ներառված դրույթներին (խոստումներին) և դրանց մասով կատարված (կամ չկատարված) քայլերին։

Արտահանման խթանման հարցում կա առնվազն երկու առաջնային անելիք պետության կողմից՝

– առաջինը՝ արտահանմանն առնչվող բիզնես միջավայրի, ընթացակարգերի բարելավում, պարզեցում,

– երկրորդը՝ պետության կողմից տեղական արտադրանքի արտահանման խրախուսման միջոցառումներ՝ այս միջոցառումներով զբաղվող պետական մարմնի (մարմինների) հզորացում, ֆինանսավորման ավելացում, մասնավորին խրախուսման ֆինանսական և ոչ ֆինանսական գործիքների ու ձևերի ավելացում և այլն։

Վերջերս կատարված գնահատումը, թե ինչ է կատարվել արտահանման համար պատասխանատու պետական մարմինի հետ, հետաքրքիր պատկեր է վերհանում.

Տարիներ ի վեր տեղական արտադրանքի արտահանման խթանման (ինչպես նաև՝ ներդրումների ներգրավման) համար պատասխանատու պետական կառույցը եղել է «Բիզնես Արմենիա» հիմնադրամը։

2019 թվականի մարտին ՀՀ կառավարությունը հրաժարվեց «Բիզնես Արմենիա» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի մասնակցությունից, դրանով իսկ հայտարարելով, որ հիմնադրամը չի հանդիսանալու Հայաստանի արտահանմանն ուղղված արդյունաբերական ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման համար ՀՀ կառավարության կողմից լիազորված մարմին և չի ստանալու համապատասխան պետական ֆինանսավորում։

Սրանով, փաստորեն, պետությունը հրաժարվեց մի կառույցից, որը մոտ հինգ տարի շարունակ (եթե հաշվենք նաև վերջինիս իրավանախորդ հանդիսացող Զարգացման հայկական գործակալությանը, ապա դեռևս 1990-ականներից սկսած) ներկայացրել է Հայաստանը միջազգային հարթակներում, համագործակցել միջազգային կազմակերպությունների և կառույցների հետ, նրանց աջակցությամբ (ներառյալ՝ ֆինանսական) իրականացրել ծրագրեր, աշխարհի տարբեր երկրներում ստեղծել գործընկերների ու ներկայացուցիչների ցանց, նպաստել երկրի ներսում մասնագիտական կարողությունների զարգացմանը, արտահանողների համար պատրաստել փաստաթղթեր և նյութեր, ստեղծել տեղեկատվական հարթակներ, և այլն։ Պետությունն այս կառույցից հրաժարվում է և այն տարօրինակ ձևով՝ առանց մրցույթի, անհատույց թողնում մասնավորին։

 Դրանից հետո արտահանման խթանման և արտահանողների աջակցության նպատակով ՀՀ կառավարության կողմից չի ստեղծվել որևէ այլ կառույց։ Ավելին, ըստ էության որոշվել է, որ այդ միջոցառումներն իրականացվելու են մասնավոր կազմակերպությունների միջոցով։ Որքան տեղյակ եմ, 2019թ. օգոստոսից մինչև դեկտեմբեր մասնավորի միջոցով ապահովվել է տեղական կազմակերպությունների մասնակցությունն արտերկրում կայացած ընդամենը երկու միջոցառումների, որոնց մասնակցել են ընդամենը 9 կազմակերպություններ։

Այսինքն՝ 2019 թվականի մարտ-օգոստոս ամիսներին ոչ մի աջակցություն չի տրամադրվել արտահանողներին, իսկ դրանից հետո ամբողջ երկրում աջակցություն է տրամադրվել ընդամենն 9 արտահանողի։

 Տարիների ընթացքում հիմնադրամի ջանքերով և պետության ուղղորդմամբ միջազգային կառույցների կողմից այս հիմնադրամին տրվել են զգալի դրամաշնորհային միջոցներ և մեծ ծավալի պետական բյուջեի ֆինանսավորում՝ սեփական կարողությունները զարգացնելու, բիզնեսի խթանմանն ուղղված հարթակներ ձևավորելու և աջակցության տարատեսակ միջոցառումներ իրականացնելու մասով։ Եթե ներկա կառավարությունը գոհ չէր իրականացվող գործիքակազմից կամ կառավարչական հմտություններից, ապա դրանք հեշտությամբ կարող էին կատարելագործվել կամ փոխվել։ Սրա փոխարեն, փաստորեն, ընտրվել է կառույցն ամբողջությամբ պետությունից օտարելու ճանապարհը։

Ավելին, «Բիզնես Արմենիա» հիմնադրամն իր գործառույթների շրջանակներում զբաղվել է նաև ներդրումների ներգրավմամբ և ներդրողներին աջակցության տրամադրմամբ։ Չնայած մեծապես կարևորվում է ներդրումների խնդիրը Հայաստանում, կառավարությունը փաստացի օտարել է սրանով զբաղվող կառույցը։

Այնուհետև ամիսներ անց անդրադառնալով խնդրին, պետական մեկ այլ մարմին՝ Փոքր և միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) զարգացման ազգային հիմնադրամը, անվանափոխվում է Ներդրումների աջակցման կենտրոնի։ ՓՄՁ խթանումը աշխարհում լայնորեն տարածված երևույթ է և ունի իր յուրահատուկ խթանման-աջակցության գործիքներն ու ձևերը, որոնք միշտ չէ, որ համընկնում են ներդրումների ներգրավման հետ։

– Եթե ներդրումներով զբաղվող պետական կառույցի անհրաժեշտություն կար, ինչո՞ւ էր օտարվում «Բիզնես Արմենիա» հիմնադրամը։ Եթե նման պետական կառույցի անհրաժեշտությունը չկար, ապա ինչո՞ւ է ՓՄՁ խթանման մարմինը անվանափոխվել։

– Ո՞ր տրամաբանությամբ և ուսումնասիրության հիման վրա ներդրումների խրախուսմամբ պետք է զբաղվի պետական մարմին, իսկ արտահանման խրախուսման համար պետական մարմնի կարիք չկա։

– Եթե խնդիրը «օպտիմալացումն էր», ապա ինչո՞ւ այս երկու հիմնադրամները չեն միաձուլվել, ինչը, սխալ լինելով հանդերձ, գոնե կպահպաներ պետության կողմից «Բիզնես Արմենիա» հիմնադրամում ստեղծված կարողությունները։

– Եթե ՓՄՁ զարգացման կառույցին պետք է ավելացվեին նոր գործառույթներ, ապա ինչո՞ւ են էապես կրճատվել այս մարմնի մարզային մասնաճյուղերի և կենտրոնական գրասենյակի աշխատողների թվաքանակները։

– Եթե անվանափոխված հիմնադրամի գործառույթները չեն ավելացվել, այլ այս կաոռւյցը պետք է զբաղվի միայն ներդրումներով (առնվազն անվանումը գոնե դրա մասին կարող է հուշել), ապա ո՞վ պետք է զբաղվի ՓՄՁ աջակցության գործիքներով, և կրկին՝ այդ դեպքում ինչո՞ւ է օտարվում «Բիզնես Արմենիա» հիմնադրամը, և այլն։

Հայաստանի և ընդհանրապես որևէ երկրի պարագայում տնտեսական զարգացման դրական արդյունքներ ունենալու հարցում կարևոր է պետական արդյունավետ կառավարումն ու թիրախավորված հետևողական աշխատանքը։ Նման քայլերի պարագայում, սակայն, դժվար թե արձանագրվի արդյունավետ կառավարում կամ թիրախավորված հետևողական աշխատանք։

Գարեգին ՄԵԼՔՈՆՅԱՆ
ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարարի առաջին տեղակալ,
Նիդեռլանդներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

Տեսանյութեր

Լրահոս