«Սերժ Ազատիչը քեզ թողել է 8 շրջան, որոնք չի հանձնել։ Ահա թե ինչ է քեզ թողել». Ստանիսլավ Տարասով. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը կապանյան ասուլիսում մի ուշագրավ հայտարարություն արեց՝ պատասխանելով հարցին, թե 2016-ին ասել էր, որ ապրիլյան պատերազմը տեղի է ունեցել Ռուսաստանի գիտությամբ եւ համաձայնությամբ, այս պահին է՞լ է այդպես մտածում։
«Ինչ որ ասել եմ 2016 թվականին, մինչեւ հիմա էլ իմ ֆեյսբուքյան էջին կա,- հպարտացավ Փաշինյանը՝ ավելացնելով։- Ձեզ ավելին ասեմ՝ ես մեր հանրության շրջանում առկա մի շարք մտահոգությունների մասին քննարկում եմ ունեցել նաեւ Ռուսաստանի մեր գործընկերների հետ եւ շատ ուրախ եմ, որ շատ բարեկամական, եղբայրական, ռազմավարական դաշնակցային մթնոլորտում մենք այդ հարցերը քննարկել ենք, խոսել, վերլուծել ենք իրավիճակը մանրամասն եւ փոխադարձաբար ստացել ենք մեզ անհրաժեշտ հարցերի պատասխանները»։
Այս թեմայով զրուցեցինք նաեւ ռուսաստանցի վերլուծաբան Ստանիսլավ Տարասովի հետ, ով հայտնի է իր բավականին հայամետ հայացքներով։ Հարցրինք, թե ինչպես, ինչ մակարդակում կարող էին նման հարցեր բարձրացվել ՀՀ վարչապետի կողմից։
Նա, իհարկե, փորձեց հերքել Փաշինյանին՝ ասելով․ «Եթե ՌԴ-ն էր սադրում, ինչո՞ւ էր, ուրեմն, մեկ օր անց կարմիր գորգին հրավիրել Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբների պետերին եւ ուլտիմատիվ հրահանգել՝ դադարեցնել կրակը»։
Քաղաքագետն ուշադրություն է հրավիրում Կապանում վարչապետի մեկ այլ խոսքի վրա, թե Սարգսյանը պատրաստ էր տալ 7 շրջանները, համադրում է դրանք ու եզրակացնում․ «Իր տրամաբանությամբ ստացվում է, որ Ռուսաստանը պատերազմ է հրահրել այդ սկզբունքների իրագործումը խափանելո՞ւ համար։ Այո՞»։
Նա շեշտում է, որ իր այս հայտարարությամբ Փաշինյանն անհարմար դրության մեջ դրեց Արցախի նախագահի թեկնածուներին, որոնք բոլորն էլ հայտարարեցին, որ դեմ են։ «Ռուսաստանն էլ դեմ է, թեկնածուներն էլ, եւ ստացվում է, որ Արցախի նախագահի բոլոր թեկնածուները ռուսամետ են։ Սա ի՞նչ տրամաբանություն է․․․ մենք չենք կարողանում հասկանալ, թե սա ինչ է, ինչ խաղ։ Նա ոչ մի կերպ չի կարողանում դուրս գալ հրապարակախոսի կերպարից»։ Շարունակելով մեջբերել Փաշինյանին՝ Տարասովն ասաց․ «Սերժ Ազատիչն ինձ այսպիսի ժառանգություն է թողել․․․ Սերժ Ազատիչը քեզ թողել է 8 շրջան, որոնք չի հանձնել։ Ահա թե ինչ է քեզ թողել։ Եվ ոչ այդ կասկածելի բովանդակությամբ թուղթը»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: