
Ալեն Սիմոնյանը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին առաջարկում է հրաժարական տալ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին առաջարկում է հրաժարական տալ: Այս մասին Սիմոնյանն ասաց «Ազատություն» ռադիոկայանի եթերում:
«Եթե ինքն իրոք Հայաստանի Հանրապետությունը սիրում է, կարծում եմ ճիշտ կլինի, որ մեզ բազմաթիվ մեղքերի մեջ մեղադրող տեքստ գրի և հրաժարական տա, և հանգիստ թողնի Հայաստանի Հանրապետության ժողովրդին»,- ասաց Սիմոնյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 25-ին Կապանում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց, որ Սահմանադրական դատարանը օկուպացվել է Հրայր Թովմասյանի ու մի խումբ անձանց կողմից, իսկ հունվարի 27-ին «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերի ընթացքում հայտնեց, որ անառարկելի փաստ է այն, որ Հրայր Թովմասյանն Ազգային ժողովում ՍԴ նախագահ է ընտրվել կեղծիքի միջոցով: