
«Կարողացանք այնպես անել, որ առանց որևէ միջադեպի, առանց որևէ տուժածի զինված տղամարդուն դուրս բերենք այդտեղից». Արման Սարգսյան

ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանն անդրադարձել է օրերս «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնում զինված տղամարդու ներխուժման դեպքին: Նա նշեց, որ իրենց առջև խնդիր է դրված եղել առանց արյուն թափելու իրավիճակը հասցնել հանգուցալուծման:
«Գործի հետ կապված մանրամասները նախաքննական մարմինը կներկայացնի: Մեր մասով կարող եմ ասել, որ կատարել ենք մեր առջև դրված խնդիրը, անարյուն իրավիճակը հանգուցալուծվեց: Կարողացանք այնպես անել, որ առանց որևէ միջադեպի, առանց որևէ տուժածի զինված տղամարդուն դուրս բերենք այդտեղից»,- ասաց Արման Սարգսյանը:
Լրագրողների այն դիտարկմանը, թե զինված տղամարդը դուրս է բերվել առանց ձեռնաշղթաների, Արման Սարգսյանը նշեց, որ բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություն է եղել:
Այն հարցին, թե ինչու է հենց նա բանակցել զինված տղամարդու հետ, Արման Սարգսյանը պատասխանեց, որ երբեմն իրավիճակից բխող գործողությունների կարիք է լինում: