«Ուղիղ սադրանք է թվում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որը նա արեց Կապանում. Մոսկվան պետք է ինչ-որ կերպ այն հաշվի առնի». Տրոֆիմչուկ
«Այդ պատերազմը չի հրահրվել Ռուսաստանի կողմից, ինչպես նախկինի նման պնդում է Փաշինյանը: Չէ՞ որ ինքը՝ Փաշինյանը, այն ժամանակ իշխանության ղեկին չէր, իսկ Սարգսյանի դեմ ռուսական կողմը ոչինչ չուներ»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Գրիգորի Տրոֆիմչուկը՝ անդրադառնալով Կապանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսում հնչած որոշ մտքերի:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է ապրիլյան իրադարձությունների վերաբերյալ սեփական հայտարարությունները, որ արել էր ընդդիմություն եղած ժամանակ, թե ապրիլյան պատերազմը եղել է ՌԴ-ի հետ պայմանավորվածությունների արդյունքում:
Հունվարի 25-ին Կապանում մամուլի ասուլիսի ժամանակ հարց տրվեց այն մասին, թե արդյո՞ք ինքն այժմ համաձայն է 2016 թվականին արած այն հայտարարության հետ, որ ապրիլյան իրադարձությունները տեղի են ունեցել Ռուսաստանի գիտությամբ: Ի պատասխան՝ Փաշինյանն ասաց, որ այդ ժամանակվա հայտարարությունները հիմա էլ անխաթար իր ֆեյսբուքյան էջում են: Նրա խոսքով՝ ինքը ռուս գործընկերներ հետ քննարկել է հայ հանրությանը հուզող հարցերը:
«Եվ ես անչափ ուրախ եմ, որ բարեկամական, եղբայրական, գործընկերային, դաշնակցային մթնոլորտում մանրամասն քննարկել են, իրավիճակը վերլուծել և փոխադարձաբար պատասխաններ ստացել մեզ անհրաժեշտ հարցերին»,- հայտարարել է վարչապետը:
Հստակեցնող հարցին՝ արդյոք հիմա՞ էլ է այդպես մտածում, Փաշինյանը պատասխանել է. «Ես ձեր հարցին պատասխանեցի»:
Ի պատասխան այն հարցին՝ փաստեր ունեցե՞լ է, երբ այդպիսի հայտարարություն է արել, Փաշինյանը դրական ենթադրող պատասխան է տվել և կրկին հիշեցրել ռուսաստանցի գործընկերների հետ ձայնագրության և քննարկումների մասին: «Ընդհանրապես միջազգային հարաբերություններում առաջնորդվում եմ առավելագույն հստակ գործընկերային հարաբերությունների միջազգային սկզբունքով և շնորհակալ եմ եվրոպացի գործընկերներին ու ԵՏՄ գործընկերներին, որ նրանց համար այդ մոտեցումն ընդունելի է»,- նշել է Փաշինյանը:
Տրոֆիմչուկն արձանագրեց, որ Նիկոլ Փաշինյանն ուղիղ կերպով ասում է այն մասին, որ ներկայումս ևս չի հրաժարվում սեփական հայտարարություններից, որոնք արել էր մինչ իշխանության գալը:
Փորձագետի կարծիքով՝ դա վերաբերում է Փաշինյանի բոլոր թեզերին, այլ ոչ միայն արտահայտություններին, որոնք վերաբերում են 2016 թվականի ապրիլյան պատերազմին:
Տրոֆիմչուկի խոսքով՝ նա չի փոխել իր տեսակետները, այդ թվում՝ ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի վերաբերյալ, դա վատ չէ, բայց Մոսկվայի համար դժվար է համարել լավ:
«Այդ պատերազմը չի հրահրվել Ռուսաստանի կողմից, ինչպես նախկինի նման պնդում է Փաշինյանը: Չէ՞ որ ինքը՝ Փաշինյանը, այն ժամանակ իշխանության ղեկին չէր, իսկ Սարգսյանի դեմ ռուսական կողմը ոչինչ չուներ, որպեսզի թույլ տար նման, մեղմ ասած, իրադարձությունների տարօրինակ զարգացում: Բայց գլխավորն այն է, որ նաև ՌԴ պաշտոնական ներկայացուցիչներն են դա մշտապես ընդգծում, որ ղարաբաղյան հակամարտությունը միմիայն երկու երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի խնդիրն է: Ուստի, թե ով է այնտեղ առաջինը հարվածել հակառակորդին՝ թող որոշեն վերահսկող միջազգային կառույցները, որոնք մինչ այժմ որևէ լուրջ պատասխան չեն տվել այդ հարցին: Ու թող Նիկոլ Փաշինյանն էլ նրանց դիմի: Այլապես ուղիղ սադրանք է թվում հենց իր այդ հայտարարությունը, որը նա արեց Կապանում: Մոսկվան պետք է ինչ-որ կերպ այն հաշվի առնի»,- ասաց ռուս վերլուծաբանը:
Վերջինս ՀՀ վարչապետին նաև հիշեցրեց, որ հենց այն պահին, երբ Ղարաբաղում բռնկվեց «ապրիլը», Բաքվում էր մեծ և բավականին ներկայացուցչական ռուս հասարակական-քաղաքական գործիչներից բաղկացած պատվիրակություն: «Ռուսաստանը պետք է խելագար լիներ, որպեսզի հենց այդ պահին «նախաձեռներ» մի բան, որից խոսում է Փաշինյանը՝ «քաշելով» և՛ նրանց, և՛ Ադրբեջանին, և՛ իրեն»,- ասաց վերլուծաբանը:
Նրա կարծիքով՝ ՀՀ բարձր ղեկավարության նման հայտարարությունները չեն նպաստում ԼՂ հակամարտության կարգավորմանը: Ավելին, ըստ Տրոֆիմչուկի, դրանք ազատում են այն արտաքին ու տարածաշրջանից հեռու գտնվող ուժերի «ձեռքերը», որոնք իսկապես կցանկանային այնտեղ սադրել նոր պատերազմ, ուղիղ կերպով բախման հասցնելով և՛ Մոսկվային, և՛ Երևանին, և՛ Բաքվին:
«Վստահ եմ, որ ինքը՝ Փաշինյանը, հիանալի կերպով հասկանում է, ամեն դեպքում նա անում է նմանատիպ հայտարարություն, որն ինքնին նշանակալի է: Նիկոլ Վովաևիչը մնում է նույն ընդդիմադիրը: Ընդդիմադիր՝ Ռուսաստանի հետ հարաբերություններին, և դա ներկայումս կոչվում է, նույն Փաշինյանի խոսքերով, «առավելագույն պարզ գործընկերային հարաբերություններ»:
Փաշինյանն այդ մասին ասում է հենց ներկայումս, քանի որ նա ԼՂ հակամարտության իրադարձությունների հետագա զարգացման սեփական պլանն ունի, և, թե ո՞ւմ հետ է նա դա համաձայնեցնում, դեռ լիովին պարզ չէ: Բայց որ Մոսկվայի հետ չէ՝ դա հաստատ է»,- ասաց Տրոֆիմչուկը: