Սի Ցզինպինը հանձնարարել է վճռականորեն հակազդել կորոնավիրուսի համաճարակին
ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը բոլոր մակարդակների կուսակցական կազմակերպություններից պահանջել է վճռական աշխատանք տանել նոր տիպի կորոնավիրուսի համաճարակի տարածման դեմ մղվող պայքարում: Այդ մասին հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
«Սի Ցզինպինը բոլոր մակարդակների կուսակցական կազմակերպություններից եւ կադրային աշխատողներից պահանջել է միավորվել ժողովրդական զանգվածների շուրջը եւ վճռականորեն կատարել Չինաստանի կոմկուսի կենտկոմի որոշումները, հենվելով ժողովրդական զանգվածների վրա՝ պայքար մղել համաճարակի դեմ եւ հաղթանակ տանել թշնամու նկատմամբ»,- նշել է հեռուստաալիքը:
Հունվարի 27-ին ավելի վաղ, ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հանձնարարությամբ, համաճարակի օջախ հանդիսացող Ուհան քաղաք է ժամանել Պետխորհրդի վարչապետ Լի Կեցյանը: Նա ստուգել է աշխատանքը համաճարակի դեմ պայքարում, ինչպես նաեւ հանդիպել բժիշկների ու հիվանդների հետ: 2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանություններն Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղեկացրել են Ուհան քաղաքում անհայտ թոքաբորբի բռնկման մասին: Մասնագետները պարզել են, որ հիվանդության հարուցիչը 2019-nCoV կորոնավիրուսն է:
Մայրցամաքային Չինաստանի սահմաններից դուրս վարակման դեպքեր են գրանցվել Հոնկոնգում, Մակաոյում, Տայվանում, Թաիլանդում, Ճապոնիայում, Հարավային Կորեայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Վիետնամում, Սինգապուրում, Նեպալում, Ֆրանսիայում, Ավստրալիայում եւ Մալայզիայում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: