«Նիկոլ Փաշինյանին պետք է հերանց տուն ուղարկել». Սոնա Աղեկյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունվարի 25-ին Կապանում անցկացրած ասուլիսն ընդդիմադիր շատ գործիչների անհասկանալի, անգամ շոկային իրավիճակի մեջ է դրել:

«Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանը Նիկոլ Փաշինյանի ասուլիսը համեմատում է «ինչ-որ տուն նոր հարս գնացած աղջկա օրինակի հետ»:

Աղեկյանի մոտ տպավորություն է, որ Փաշինյանը ստանձնել է այն հարսի դերը, ով ամուսնուն (այս դեպքում՝ ժողովրդին) տրամադրում է ծնողների (նախկինների) դեմ՝ ասելով, թե տղայի ծնողներն իրեն հնարավորություն չեն տալիս ամուսնու համար համեղ ճաշ պատրաստել:

«Ամաչում եմ, որ երկրի ղեկավարը, քիչ է, որ դասալիք է, սրանից-նրանից զրպարտչական նյութեր գրելու համար փող վերցրած նախկին լրագրող, այս պահին էլ անդաստիարակ հարսի դեր է կատարում մեր հայրենիքում: Կոչ եմ անում ընդդիմությանը՝ համախմբվել՝ այս անդաստիարակ հարսին հեռացնելու համար»,- ասաց Սոնա Աղեկյանը՝ հավելելով, որ այս դեպքում հարսը ձախողված է, ու «պետք է հերանց տուն ուղարկել»:

Սոնա Աղեկյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը, իր խոսքում մեջբերումներ կատարելով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի նախկին հումորներից, ցույց է տալիս, որ ամեն ինչին վերաբերվում է սքեթչերի մակարդակով։

«Նա չի կարողանում հասկանալ, որ այս պահին երկիր է ղեկավարում, ոչ թե շոուի նկարահանման է մասնակցում, չի կարողանում ընկալել, որ ինքը փողով գրող լրագրող չէ, այլ պատասխանատվություն է կրում մեր երկրի անվտանգության համար»,- նշեց ավագանու նախկին անդամը:

Աղեկյանի խոսքով՝ այսօր երկրում այնպիսի մթնոլորտ է, որ փողոցում ընկած քաղաքացուն օգնություն առաջարկելիս՝ հարցնում են՝ հավատո՞ւմ է Նիկոլ Փաշինյանին, թե՞ ոչ, և միայն դրական պատասխան ստանալուց հետո են օգնում:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս