Բաժիններ՝

Կասեցվել է կարագի փոխարեն սփրեդի մատակարարումը մանկապարտեզներին

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը 2020թ. հունվարի 20-ին Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի համայնքապետարանից ստացել է գրության, որում կասկածներ են եղել այն մասին, թե պետական գնումների շրջանակներում համայնքի մանկապարտեզներին մատակարարվող կարագը չի համապատասխանում պայմանագրով նախատեսված չափանիշներին:

Տեսչական մարմնի մասնագետները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել Սիսիան քաղաքի նախադպրոցական ուսումնական հաստատություններում: Նախ կատարվել է մատակարարվող կարագի հսկիչ գնում, որի շրջանակներում էլ, ապրանքատեսակի նույնականացման նպատակով, իրականացվել է նաև նմուշառում մանկապարտեզներից: Նմուշները ներկայացվել են լաբորատոր փորձաքննության:

Միաժամանակ անցկացված փաստաթղթային փորձաքննության շրջանակներում պարզվել է, որ նախադպրոցական ուսումնական հաստատությունների մատակարար հանդիսացող «Սիսիանի Հաց» ՍՊԸ-ն որպես «սերուցքային կարագ» մատակարարել է «Крестянское Раздолье» անվանմամբ ապրանքատեսակ, որին կից ներկայացրել է Ռուսաստանի Դաշնության ««Молочный комбинат» Светловодский» կազմակերպության համապատասխանության հայտարարագրերը: Կազմակերպության հայտարարագրերում սակայն բացակայել են «Крестянское Раздолье» ապրանքատեսակի մասին հղումները:

Բացի այդ ապրանքի արկղի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրա վրա առկա մակնշումը կրկնապիտակ է և արտադրողի բնօրինակ մակնշումը բացակայում է:

Տեսչական մարմնի մասնագետները կապ են հաստատել նաև Ռուսաստանի ««Молочный комбинат» Светловодский» կազմակերպության հետ, որի տնօրենը պաշտոնապես հերքել է իրեց կապը տվյալ ապրանքատեսակի հետ և հայտնել, որ «Крестянское Раздолье» ապրանքանիշով արտադրանք իրենց կողմից չի արտադրվում:

Որպես ներմուծող կրկնապիտակի վրա նշված է եղել Ա/Ձ Վիգեն Ստեփանյանը, որի գործունեությունը, սակայն, համաձայն պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում առկա տեղեկատվության, ժամանակավորապես դադարեցված է:

Կրկնապիտակի տակ առկա մասամբ ջնջված մակնշման հետքերի վերծանումից պարզվել է, որ տվյալ տուփի պարունակությունը Ռուսաստանի Դաշնության «ДМФ» կազմակերպության կողմից արտադրված է բուսակաթնային արտադրանք է՝ «Սփրեդ»:

Զուգահեռաբար «Հանրապետական անասնաբուժասանիտսրական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ից ստացված լաբորատոր փորձաքննության արդյունքները ևս փաստել են, որ փորձաքննության ներկայացված ապրանքատեսակն իր ճարպաթթվային կազմով չի համապատասխանում կարագին ներկայացվող պահանջներին և պարունակում է բուսական յուղեր:

Այդպիսով, Սիսիանի մանկապարտեզներին սերուցէքային կարագի փոխարեն մատակարարվել է բուսաճարպային սպրեդ:

Սիսիանի նախադպրոցական ուսումնական հաստատություններում առկա խմբաքանակների իրացումը կասեցվել է, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ կեղծիքի ամբողջ շղթան բացահայտելու ուղղությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս