Երբ կառավարությունն անկարող է

Վարչապետ Փաշինյանն այսօր պատասխանելով Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակի մասին 168.amհարցին՝ մի քանի ուշագրավ հայտարարություն արեց:

Նախ՝ այն մասին, որ սեպտեմբերին հայտարարվեց, որ չկա ոչ մի իրավական խոչընդոտ Ամուլսարի շահագործման համար, և կոչ արվեց բացել Ամուլսար տանող ճանապարհները: Սակայն որևէ մեկը չհետևեց Փաշինյանի կոչին, և ճանապարհները այդպես էլ փակ մնացին, ու «Լիդիան» ընկերությունը չստացավ Ամուլսարի տարածք մուտքի իրավունք:

Փաշինյանն այսօր Կապանում հրավիրված ասուլիսում հաստատեց, որ, ինչպես և սեպտեմբերին, այսօր էլ որևէ նոր բան, որ կխոչընդոտեր Ամուլսարի ծրագիրը, բացի ճանապարհը փակողներից, չկա: Հետևաբար, ճանապարհները շարունակում են փակ մնալ ապօրինի, իսկ պետությունը, փաստորեն,  որևէ քայլ չի ձեռնարկում այս ուղղությամբ, բացի ճանապարհը բացելու կոչից, որը, փաստենք, արդյունք չի տվել:

Վարչապետն այսօր, ըստ էության, առաջին անգամ հաստատեց այն, ինչ բազմաթիվ վերլուծաբաններ, այդ թվում՝ մեր լրատվամիջոցի էջերից, զգուշացնում էին 1,5 տարի, այն է՝ Ամուլսարի շուրջ իրավիճակը լրջագույն հարված է հասցնում տնտեսությանը, և պետության շահերից է բխում խնդրի շուտափույթ հանգուցալուծումը:

Մինչդեռ վարչապետի թիմի որոշ անդամներ՝ ակտիվիստական թևից, պատգամավորներ, և այլք, շարունակում էին համառորեն պնդել, որ ստեղծված իրավիճակը չի ազդի ո՛չ տնտեսության, ո՛չ ներդրումների վրա:

Փաշինյանն այսօր հաստատեց, որ ազդել է, ազդում է, և «Լիդիանի»՝ արբիտրաժ գնալու դեպքում, լուրջ խնդիրներ կստեղծվեն պետության համար: Մի բան, որ նույնպես այս 1,5 տարվա ընթացքում համառորեն հերքում էին վարչապետի թիմի որոշ անդամներ:

Ավելին, այսօր վարչապետ Փաշինյանն ըստ էության ասաց, որ Ամուլսարը պետք է աշխատի, և միայն աշխատանքների վերսկսման դեպքում հնարավոր կլինի պարզել, թե որքանով են ակտիվիստների բնապահպանական գույժերն իրական: Այստեղ, իհարկե, հարց է առաջանում, թե մի՞թե երկու տարվա հետազոտություններից, պետբյուջեի, հարկատուներիս հաշվին 400 հազար դոլարանոց փորձաքննությունից հետո դա դեռևս չի պարզվել:

Ու, թերևս, ակնհայտ է դառնում, որ իրականում միակ խնդիրը, որին բախվել է ու չի կարողանում լուծել կառավարությունը, փակ ճանապարհներն են:

Վարչապետի այսօվա հայտարարությունը ևս մեկ ուշագրավ շեշտադրում էր պարունակում: Եթե մինչ այս կառավարության տարբեր անդամներ ասում էին, որ փակ ճանապարհների հետևում ինչ-որ ուժեր կան, այսօր առաջին անգամ Փաշինյանը խոսեց այն մասին, որ այդ ուժերը նպատակ ունեն նման ճանապարհով բորսայում ինչ-որ գործարքների արդյունքում ձեռք բերել «Լիդիանի» բաժնետոմսերը, և հայտարարեց, որ նման «խաղեր» թույլ չեն տրվելու:

Եթե սա իրականություն է, ապա սա է՛լ ավելի շատ հարցեր է առաջացնում: «Լիդիանը» վերջերս հայտարարեց, որ ընկերությունը փակ ճանապարհների պատճառով կանգնած է լրջագույն ֆինանսական խնդիրների առաջ: Այն, որ երկրի խոշորագույն ներդրողի շուրջ ստեղծված իրավիճակը հանգեցնելու էր բարդագույն խնդիրների, արդեն 1,5 տարի ապարդյուն զգուշացնում էին բազմաթիվ վերլուծաբաններ: Այսօր այդ խնդիրների մասին խոսում է նաև կառավարությունը: Խնդիրը, սակայն, այն է, որ այն, ինչը հանգեցրել է ստեղծված իրավիճակին, այդպես էլ լուծում չի ստացել: Ամուլսարի ճանապարհները շարունակում են փակ մնալ, ու Հայաստան այդպես էլ չեկած պոտենցիալ ներդրողները  շարունակում են շատ լավ տեսնել թե՛ փակ ճանապարհները, թե՛ արդեն 1,5 տարի խնդրին լուծում տալու՝ կառավարության անկարողությունը:

Տեսանյութեր

Լրահոս