«Մեր սիրելի հայրենակիցների գործողությունները համարում եմ ոչ տրամաբանական. նրանց պատճառով հարցը մտել է փակուղի». Վարչապետը՝ Ամուլսարի մասին

Դեռևս նախորդ տարվա սեպտեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ջերմուկցիներին կոչ արեց ապաշրջափակել Ամուլսար տանող ճանապարհը, որը տևական ժամանակ փակ է, սակայն վարչապետի կոչին որևէ մեկը չհետևեց:

Այսօր Կապան քաղաքում հրավիրած մամուլի ասուլիսին 168.am-ը վարչապետից հետաքրքրվեց՝ Ամուլսարի հետ կապված գործընթացներն արդյո՞ք իրավական խնդիրներ չեն ստեղծի Հայաստանի համար, գուցե կա որևէ խնդի՞ր, որի մասին Կառավարությունը գիտի, սակայն չի բարձրաձայնում:

«Կառավարությունը որևէ խնդրի մասին չգիտի, որը չի բարձրաձայնում, իսկ իրավական խնդիրներ կարող է ունենալ, քանի որ ենթադրում եմ, որ «Լիդիան Արմենիան» կդիմի արբիտրաժ: Ես այսօր էլ եմ կոչ անում բացել ճանապարհը, մեր սիրելի հայրենակիցների գործողությունները համարում եմ ոչ տրամաբանական, քանի որ նրանց պատճառով է, որ հարցը մտել է փակուղի և դուրս չի գալիս»,- շեշտեց նա:

Վարչապետի խոսքով՝ այդ հարցը որևէ կերպ չի լուծվելու, քանի դեռ այդ ճանապարհը փակ է՝ մնալու է նույն ստատուս-քվոյի վրա, ինչ եղել է 2018  թվականին:

«Օրինակ՝ ես շահագրգռություն ունեմ, որ Ամուլսարը և՛ շահագործվի, և՛ ոչ: Ես շահագրգռված եմ, որ շահագործվի, քանի որ այն կապված է Հայաստանի անվտանգային միջավայրի հետ, եթե այն շահագործվեր, ապա մենք ունենալու էինք ոչ թե 7.5,  այլ ավելի մեծ տնտեսական աճ, հազարավոր աշխատատեղեր, և այլն: Մյուս կողմից՝ չեմ համաձայնի, որ սարը շահագործվի՝ ի վնաս Ջերմուկի և հարակից գյուղերի բնակչության առողջությանը, ինչպես նաև Հայաստանի բնապահպանությանը վնասներ հասցնելու ռիսկին: Հիմա որ դուք Երևանից եկել եք Կապան, բնապահպանությանը վնաս եք հասցրել, որովհետև եկել եք մեքենայով, մենք բոլորս»,- ասաց վարչապետ Փաշինյանը:

Նա նաև հավելեց. «Որոշ շրջանակներ բաներ են անում, որ բորսայում բաներ տեղի ունենան, և իրենք այնտեղ ձեռք բերեն բաժնետոմսեր: Բայց իրենց էլ երազախաբություն է սպասվում, քանի որ մենք նման զարգացումներ և մանր պրոցեսներ թույլ չենք տա: Եթե նման բան տեղի ունենա, ապա իրենք կենթարկվեն կոշտ պատասխանատվության»,- նշեց վարչապետը:

Տեսանյութեր

Լրահոս