Զոհրաբ Մնացականյանը դրական է գնահատել ՀՀ ու Վրաստանի ԱԳՆ-ների համագործակցությունը
ՀՀ արտաքին գործերի նախարարությունում հունվարի 24-ին տեղի է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Լաշա Դարսալիայի հանդիպումը, որին ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է վերջին շրջանում հայ-վրացական հարաբերություններում արձանագրված նկատելի առաջընթացը՝ կարևորելով Հայաստանի և Վրաստանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը։ Այս համատեքստում դրական է գնահատվել երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջև ձևավորված արդյունավետ և անմիջական համագործակցության մթնոլորտը։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, նույնը կայացել է ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի աշխատանքային հանդիպումը Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Լաշա Դարսալիայի հետ։
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են օրակարգային հարցերի լայն շրջանակ։ Գոհունակությամբ նշվել է ՀՀ և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստի արձանագրության մեջ տեղ գտած դրույթների կատարման դրական ընթացքը, ընդգծվել է էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում համատեղ նախագծերի իրականացման, ինչպես նաև զբոսաշրջության, հումանիտար և այլ ոլորտներում համագործակցության խորացման կարևորությունը։
Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային արդի խնդիրների և մարտահրավերների վերաբերյալ, երկուստեք կարևորել տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման անհրաժեշտությունը։