Բաժիններ՝

«Սա անհնար է դարձնում տնտեսվարողի գործունեությունը». Արեն Մելիքյանը՝ ընդունված օրենքի նախագծի մասին

Ազգային ժողովը հունվարի 24-ին 74 կողմ և 41 դեմ ձայնով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց շրջիկ առևտրի ոլորտը կարգավորող օրենքի նախագիծը: «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում առաջարկված փոփոխություններով ու լրացումներով հնարավորություն է տրվում շրջիկ առևտրի թույլտվություններն առանձին վայրերում ավագանու որոշմամբ տրամադրել մինչև 3-օրյա ժամկետով:

«Օրենքում հնարավորություն ենք տալիս, որ թույլտվություններն առանձին վայրերում ավագանու որոշմամբ կարող են տրամադրվել մինչև 3-օրյա ժամկետով` նախապես առաջարկված 1 օրվա փոխարեն: Եվ այդ վայրերում տնտեսվարողներին կթույլատրվի 23:00-ից հետո չտեղաշարժել իրենց մեքենաները, որոնցով իրականացնում են շրջիկ առևտուրը»,- ասել է օրենսդրական փոփոխությունների փաթեթի հեղինակ Սիսակ Գաբրիելյանը:

«Իրենց պատկերացումով՝ թույլտվություն պետք է տրվի մեկ օրով, իսկ երեք օրը բացառության կարգով վերաբերում է ինչ-ինչ  օրերի, որոնց լոկացիան թույլ է տալիս, որ այդ կառույցը մնա երեք օր ու չշարժվի: Ամեն օր տնտեսվարն առավոտյան ժամը 9:00-ին թույլտվության դիմում պետք է ներկայացնի, ու գիշերը 23:00-ին տարհանի այդ վայրից:

Սա անհնար է դարձնում տնտեսվարողի գործունեությունը, այսինքն, պետք է տրեյլերը հանի, չգիտես ուր տանի, հաջորդ առավոտ էլի դիմում գրի, ու այս անգամ չգիտի, թե իր երկրորդ տեղը որտեղ կլինի: Կարող է այդ տեղը չուզենա գնալ, ու ինքն էլ, աշխատողներն էլ մնալու են առանց եկամուտի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Շարժական սրճարանների միության» հիմնադիր Արեն Մելիքյանը:

Նրա փոխանցմամբ՝  կարելի էր երեք օրվա փոխարեն՝ գոնե մեկ ամսվա կտրվածքով տալ տարածք: Մարդիկ պետք է  տարբեր փողոցներում գոնե 3 օր աշխատեն, օրինակ՝ Մաշտոցի պողոտայում, Սայաթ-Նովա փողոցում կամ Օպերայի հարակից տարածքում, որպեսզի հասկանան, թե ինչպիսի՞ն է լինելու իրենց բիզնես պլանը:

«Նույն տեղի համար կարող է 10 հոգի դիմել: Ավագանին 4 ամսվա ընթացքում պետք է Application սարքի ու տա մնացած կարգավորումները»,- նշեց Արեն Մելիքյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս