Հենրի-Հայկ Զաքարեանը հրազենից վիրավորվել է գլխի շրջանում. վիճակը ծայրահեղ ծանր է. Սահակ Օհանյան
Արցախում վիրավորված զինծառայողներից Հենրի-Հայկ Զաքարեանի վիրահատությունն անցել է բարեհաջող, սակայն վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանը:
«Մոտ 1.5 ժամ առաջ վիրահատությունն ավարտվել է, այն անցել է բարեհաջող: Մեր վիրավորի՝ Հենրի-Հայկ Զաքարեանի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, նա հրազենային վիրավորում է ստացել գլխի շրջանում: Ներկայում վիրավորը դեռ գտնվում է Մարտակերտի հոսպիտալում, որոշ ժամանակ հետո կտեղափոխեն Ստեփանակերտ։ Մոտակա օրերը կքննարկենք Երևանի կենտրոնական զինվորական հոսպիտալ տեղափոխելու հարցը, եթե Արցախի մեր գործընկերները նման խնդրանքով դիմեն: Այժմ զինծառայողին Երևան տեղափոխելու խնդիր դեռ չկա, քանի որ վիճակը պետք է կայունացնել: Չվնասելու համար մենք չենք ուզում շտապել: Երբ իրավիճակը թույլ կտա, մենք նրան կտեղափոխենք Երևան»,- մանրամասնեց գնդապետը:
Վիրավորված մյուս զինծառայողի` Արմեն Մեսրոպյանի վիճակը միջին ծանրության է, նա վնասվածք է ստացել ձեռքի շրջանում։
Հիշեցնենք, որ Արցախի ՊԲ-ն հայտնել էր` հունվարի 24-ին, ժամը 06:55-ի սահմանում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ, 2001թ. ծնված Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը և 2000թ. ծնված Արմեն Ջոնիկի Մեսրոպյանը: