Փարիզում Էյֆելյան աշտարակն այցելությունների համար փակել են գործադուլի պատճառով
Փարիզի գլխավոր տեսարժան վայրերից մեկը հունվարի 24-ին այցելուների համար փակ կլինի ազգային գործադուլի պատճառով, որն անցկացվում է երկրի իշխանությունների կողմից առաջարկված կենսաթոշակային բարեփոխման դեմ։
«Ազգային գործադուլի պատճառով ես այսօր փակ եմ»,-հաղորդվում է Twitter-ում Էյֆելյան աշտարակի օգտահաշվում: Այնուամենայնիվ, աշտարակի շրջակա հարթակն այցելուների համար հասանելի կլինի անվճար: Դեկտեմբերի 5-ին Ֆրանսիայում համազգային անժամկետ գործադուլ է սկսվել կառավարության կողմից հայտարարված կենսաթոշակային բարեփոխման դեմ, ինչի արդյունքում ֆրանսիացիների առանձին կատեգորիաներ, այդ թվում՝ տրանսպորտի ոլորտի աշխատողները, կարող են զրկվել մի շարք արտոնություններից ու կենսաթոշակի անցնելու հատուկ ռեժիմներից:
Գործադուլի հետեւանքով ամբողջ երկրում զգալիորեն խախտվել է հասարակական տրանսպորտի՝ մետրոյի, էլեկտրագնացքների, գնացքների աշխատանքը:
Այդ ժամանակահատվածում բողոքի մի քանի ընդգրկուն ակցիաներ են տեղի ունեցել Փարիզում եւ Ֆրանսիայի այլ քաղաքներում: Կենսաթոշակային բարեփոխման օրենքի նախագիծը Ֆրանսիայի խորհրդարանի քննարկմանը դրվելու է փետրվարին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: