Արարատի մարզային փրկարարական վարչությունն ամփոփել է տարին
Հունվարի 23-ին Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության 2019 թվականի գործունեության ամփոփումը, որին մասնակցել է Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Արմեն Գրիգորյանը:
Ամփոփմանը ներկա էին նաև Արարատի պետական մարմինների տարածքային ստորաբաժանումների ներկայացուցիչներ, ԱԻՆ Արարատի մարզային փրկարարական վարչության աշխատակիցները, մարզպետարանի աշխատակիցներ, այլ պաշտոնատար անձինք:
Արարատի մարզային փրկարարական վարչության 2019 թվականի գործունեության հաշվետվությունը ներկայացրեց վարչության պետ, փ/ծ գնդապետ Մուրադ Մարգարյանը:
2019 թվականին Արարատի մարզում գրանցվել է 1475 արտակարգ դեպք (2018 թ.` 790), որոնց հետևանքով զոհվել է 27 (2018 թ.` 25), մարմնական վնասվածքներ է ստացել 436 մարդ (2018 թ.` 274):
2019 թվականի ընթացքում՝ 2018 թվականի համեմատությամբ, մարզում գրանցված արտակարգ դեպքերն աճել են 685-ով կամ 87 %-ով, զոհերի թիվն աճել է 2-ով, վիրավորների թիվն աճել է 162-ով կամ 59%-ով:
Գրանցված դեպքերից 974-ը տեխնածին են, որը կազմում է ընդհանուր դեպքերի 66%-ը (2018 թ.` 432), որոնց հետևանքով զոհվել է 27 մարդ, (2018 թ.` 23), վիրավորվել` 108 մարդ, որը կազմում է ընդհանուր տուժածների 24.7%-ը (2018 թ.` 88):
Տեխնածին բնույթի արտակարգ դեպքերն աճել են 542-ով կամ 125%-ով, զոհերի թիվն աճել է 4-ով, վիրավորներինն աճել է 20-ով կամ 18.5%-ով: Գրանցված տեխնածին արտակարգ դեպքերից 896-ը (92%) հրդեհների դեպքերն են (2018 թ.՝ 363), հրդեհների թիվը մարզում աճել է 533-ով (147%):
Հաշվետու ժամանակահատվածում ԱԻ նախարարության Փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության գործունեությունն ուղղված է եղել մարզի քաղաքացիական պաշտպանության համակարգի կատարելագործմանը և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության խնդիրների իրականացմանը:
Արարատի մարզային փրկարարական վարչությունն իրականացրել է աշխատանքներ քաղաքացիական պաշտպանության և բնակչության պաշտպանության համակարգերի նախապատրաստման, արտակարգ իրավիճակների և դեպքերի արձագանքման արդյունավետության բարձրացման, մարդկանց կյանքի և առողջության պահպանման, արտակարգ իրավիճակների կանխարգելմանն ու հետևանքների նվազեցմանը միջոցառումներին մարզի բնակչության ներգրավման ապահովման ուղղությամբ, ինչպես նաև իրականացվել են արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության հարցերի հրապարակայնությունն ապահովելու, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության հիմնահարցերով ղեկավար մարմինների և բնակչության ուսուցման կազմակերպման և իրականացման, կանխարգելիչ միջոցառումների իրականացման, հրշեջ-փրկարարական ուժերի պատրաստականության բարձրացմանն ուղղված աշխատանքներ:
Հաշվետու ժամանակահատվածում ուսումնասիրվել և առաջարկություններ են ներկայացվել մարզի գետերի, հեղեղատարների վտանգավոր հատվածների և այդ հատվածներում կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ:
Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության կողմից հաշվետու ժամանակահատվածում հիմնական միջոցառումների պլանով նախատեսված միջոցառումները կատարվել են ամբողջությամբ:
Գնդապետ Մուրադ Մարգարյանի խոսքով, անհրաժեշտ է ավելի սերտ համագործակցություն հաստատել համայնքների, կազմակերպությունների ղեկավարների ու մարզային փրկարարական վարչության միջև, ինչպես նաև աստիճանաբար թարմացնել ստորաբաժանումների հրշեջ-փրկարարական ավտոմեքենաների պարկը:
Գնդապետ Մարգարյանը հավաստիացրեց, որ Արարատի մարզային փրկարարական վարչությունը պատրաստ է կատարելու իր առջև դրված խնդիրները: