«Այո՛, իշխանությունն ունի լեգիտիմություն, բայց դա չպետք է բերի ամենաթողության, դա մենք 90-ականներին տեսել ենք». Գևորգ Գորգիսյանը՝ Մարիա Կարապետյանին
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանն այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին հիշեցրեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կողմից կիրառված սանկցիան՝ դա համարելով Մարուքյանի խոսքի և վարքի արժևորման արդյունք։
Կարապետյանը նաև հավելեց` եթե նախկինում ՀՀԿ-ական ԱԺ նախագահները սանկցիաներ չէին կիրառում Մարուքյանի նկատմամբ, ապա դա նրանից էր, որ վերջիններս գիտեին, որ իրենք ոչ լեգիտիմ են։
Մարիա Կարապետյանի ելույթին արձագանքեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։
«Քիչ առաջ այս ամբիոնից Մարիա Կարապետյանը բողոքում էր նրանից, որ քաղաքական թիվ մեկ կառույցում քաղաքական ուժը մեկ այլ քաղաքական ուժի կողմից արժանացել է քաղաքական գնահատականի։ Հարգելինե՛րս, այս շենքում ինչ կատարվում է՝ քաղաքական է, և դրանից պետք չէ բողոքել։ Իմացե՛ք, ցանկացած արարք ունենում է քաղաքական հետևանքներ»,- ասաց Գորգիսյանը։
ԼՀԿ-ական պատգամավորն անդրադարձավ նաև Երևանի քաղաքապետարանին արված նվիրաբերությունների հարցով քննիչ հանձնաժողովի չստեղծմանը՝ շեշտելով.
«Դուք փաստացի ի՞նչ եք ասում՝ ասում եք՝ եկեք մեր քաղաքապետի կոռուպցիոն սխեմաների մեջ մի՛ մտեք, մենք էլ վաղը, երբ դուք կունենաք քաղաքապետ, չենք մտնի։ Չէ՛, սիրելինե՛րս, կոռուպցիայի դեմ այդպես չեն պայքարում, միայն խոսքերով չի՛ կարելի։ Խոսում եք լեգիտիմության մասին, այո՛, իշխանությունն ունի լեգիտիմություն, բայց դա չպետք է բերի ամենաթողության, որովհետև դա միշտ ունենում է վատ հետևանքներ, և դա մենք 90-ականներին տեսել ենք»։
Վերջում ԼՀԿ-ական պատգամավորն իմքայլական Մարիա Կարապետյանին խորհուրդ տվեց հանդես չգալ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի պաշտպանությամբ։
«Կարծում եմ՝ պարոն Միրզոյանը Ձեր պաշտպանության կարիքը չունի»,- ասաց Գորգիսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում