Բաղդադում ցույց է անցկացվում ամերիկյան ներկայության դեմ. Al-Sumaria
Հունվարի 24-ին Իրաքի մայրաքաղաք Բաղդադում ցույց է անցկացվում ամերիկյան ներկայության դեմ: Այդ մասին հայտնել է Al-Sumaria հեռուստաալիքը։Հեռուստաալիքի հաղորդագրության համաձայն, բազմամարդ ցույցն սկսվել է հունվարի 24-ի առավոտյան Բաղդադի կենտրոնի ալ-Ջադրիա շրջանում:
Նշվում է, որ ցուցարարները, որոնք բողոքում են Իրաքի տարածքում ամերիկյան ներկայության դեմ, տանում են Իրաքի դրոշները եւ վանկարկում են հայրենասիրական կարգախոսներ: Հեռուստաալիքն ընդգծում է, որ ավելի վաղ ազդեցիկ շիա քաղաքական գործիչ եւ կրոնական առաջնորդ Մուքթադա աս-Սադրը, որը «Սայրուն» դաշինքի ղեկավարներից մեկն է Իրաքի խորհրդարանում, մարդկանց հորդորել է դուրս գալ խաղաղ ցույցի՝ պահանջելով վերջ դնել ամերիկյան զինված ուժերի ներկայությանը երկրում:
Իրաքի խորհրդարանը հունվարի 5-ի արտահերթ նիստում ձայների մեծամասնությամբ քվեարկել է երկրի տարածքից օտարերկրյա զորքերը դուրս բերելու օգտին, ինչպես նաեւ հանդես է եկել ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի միջազգային կոալիցիոն ուժերի հետ համագործակցությունը դադարեցնելու պահանջով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: