«Ես միայն մեծ ավտոմատ տեսա, ինքը պատի հետևում էր». պատմում է ականատեսը
Այսօր կրակոցներ են լսվել «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնի շենքում: Ոստիկանությունն ահազանգ է ստացել 14:40-ին: Ըստ Ոստիկանության տարածած հաղորդագրության՝ ղեկավար կազմը ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի գլխավորությամբ բանակցություններ է վարել զինված տղամարդու հետ, ինչից հետո անձը հանձնել է հրազենը։ Տղամարդը Ոստիկանության պետի պաշտոնակատարի ուղեկցությամբ, նրա ծառայողական մեքենայով տեղափոխվել է ոստիկանություն։ Վնասվածքներ ստացած քաղաքացիներ չկան։ «Էրեբունի պլազայի» շենքում է գտնվում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը: Դեպքի վայրում գտնվող Քոչարյանի աջակիցները լրագրողների հետ զրույցում պնդում էին, որ միջադեպը հենց այդ գրասենյակի հետ է կապված: 2-րդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը լրագրողների հետ զրույցում հրաժարվեց մեկնաբանել այդ կապի մասին լուրերը, քանի որ շենքում գործում են նաև այլ կազմակերպություններ, փոխարենն ասաց, որ իրենք դեպքի պահին բիզնես կենտրոնում չեն եղել:
«Այն պահին, երբ տեղի է ունեցել միջադեպը, աշխատակիցները գրասենյակում չեն եղել, որովհետև ճաշի ժամ էր, հետո չենք կարողացել վերադառնալ և մտնել գրասենյակ, որովհետև Ոստիկանությունը շրջապատել էր շենքը: Թե որքանով է այդ միջադեպը կապված Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հետ, կամ որքանով է մեզ հետ առնչվում, այս պահին չեմ կարող ասել, կգերադասեմ տեղեկությունները ամբողջացնել, եթե ինչ-որ բանով առնչվում է, ապա կմեկնաբանեմ, հայտարարություն կտարածենք»,- ասաց Վիկտոր Սողոմոնյանը:
«Էրեբունի պլազայում» գործող YerevenToday կայքի լրագրող Լուիզա Ավագյանը լրագրողների հետ զրույցում պատմեց, որ դեպքի պահին ինքը շենքում է եղել և լսել է կրակոց.
«Ես վերելակով իջնում էի առաջին հարկ: Դռները բացվեցին, ես միայն մեծ ավտոմատ տեսա, ինքը պատի հետևում էր, կոճակը սեղմեցի, որ բարձրանամ վերև, դռները փակվեցին, ու լսեցի կրակոց: Ուրիշ ոչինչ չեմ լսել»:
Շենքի մյուս աշխատակիցները, որոնց հետ մեզ հաջողվեց զրուցել, չէին լսել կրակոցների ձայն, չէին տեսել խուճապահար մարդկանց, շատերն էլ դեպքի մասին իմացել էին մամուլից: Թե ի՞նչ նպատակով է առայժմ անհայտ անձը մտել «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնի շենք, կիմանանք ավելի ուշ: