«Մարազմի», իրականության ու հայոց պառլամենտարիզմի մասին

Պառլամենտարիզմը պետության օրենսդիր մարմնի՝ որպես ինքնուրույն մարմին, կայացման և զարգացման մի գործընթաց է: Պառլամենտարիզմը արտահայտվում է պետության ներսում իշխանության երեք թևերի՝ գործադիր, օրենսդիր և դատական, հստակ դրսևորումներով և, որ ամենակարևորն է, այն գործում է միմյանց նկատմամբ վերահսկողության և հակակշռի սկզբունքով:

Ցանկացած պառլամենտական հանրապետության համար առանցքային կառույց է խորհրդարանը, որտեղ էլ պետք է տեղի ունենա ողջ քաղաքական դիսկուրսն ու ծնվեն իրական քաղաքական օրակարգի բաղադրիչները։ Դա օրինաչափ է և բխում է բոլոր աքսիոմատիկ ճշմարտություններից։ Մեր իրականության շատ  ոլորտների պես, սակայն, այստեղ ևս ունենք լուրջ անոմալիաներ, կամ այլ կերպ ասած՝ casus belli (խճճված պատմություն):

Քանիցս խոսվել է այն մասին, որ ՀՀ խորհրդարանները ժամանակի ընթացքում կորցրել են իրենց քաղաքական մակարդակը, և ամենօրյա ռեժիմով ապացուցվում է այն պնդումը, որ քաղաքական կերպարներն ու դիլետանտ սկսնակները փողոցից միանգամից անցան խորհրդարան՝ իրական քաղաքական մակարդակը հասցնելով «պլինտուսի» աստիճանի։ Այս մասին բազմիցս հայտարարել են նաև քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչներ։

Տեղի ունեցող քառօրյաների ընթացքում բազմաթիվ անգամներ ենք ականատես եղել, որ շատ քննարկումներ անցնում են դատարկ դահլիճում: Հաճախ ենք տեսնում, թե ինչպես են քննարկումների ընթացքում հարց տվողները և ելույթ ունեցողները բացառապես 4-5 հոգի լինում. ի դեպ, ընդգծենք, որ բացակայողները, որպես կանոն, լինում են իշխանության սեկտորի ներկայացուցիչները:

Իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը, ով ուներ բավական պոպուլյարություն և գերբարձր վարկանիշ, կարողացավ իր համար նախընտրելի տեսք ունեցող խորհրդարան ձևավորել՝ իր քիմքին հաճելի ու գերադասելի ընդդիմությամբ։ Այն, ինչ տեսնում ենք ԱԺ-ում, ոչ մի աղերս չունի դեմոկրատական պետության, առավել ևս՝ պառլամենտական հանրապետության խորհրդարանի հետ, քանի որ ՀՀ թիվ մեկ քաղաքական մարմինը գործում է անատամ, չունի ոչ մի բովանդակային և կառուցողական գործելաոճ։

Յոթերորդ գումարման ԱԺ-ի որակն էականորեն ցածր է և ոչ մի քաղաքական հատկանիշով աչքի չի ընկնում (այստեղ որևէ անձնավորված և թիրախավորված ակնարկներ չկան): Ամեն օր տեսնում ենք նույն դատարկ դահլիճը, քաղաքական գաղջ ու բուտաֆորիկ դեմքերը: Այլ կերպ ասած՝ խորհրդարանում «գալոչկայի» համար զուտ «կալենդարնի» հարցեր են քննարկվում, ավելի կոնկրետ՝ ընտրում են արհեստական թիրախներ և, ըստ այդմ, ողջ իշխանական թիմով գրոհում այդ ուղղությամբ։

Փաստացի արդեն չորրորդ օրն է, ականատես ենք լինում, թե ինչպիսի անբովանդակ ու անհասկանալի քննարկումներ են ընթանում խորհրդարանում, և հատկանշականն այն է, որ իշխանական խմբակցությունն ամեն ինչ անում է, որ այդ «բեսեդկային բանավեճն» օրըստօրե լայն թափ հավաքի, քանի որ ձեռնտու է, որպեսզի բոլոր լրատվականներում, ԱԺ «բոլոլայից» բացի, ուրիշ թեմաներ չքննարկվեն, իսկ հասարակությանը մատուցվի հերթական «ժանգլյորական» տեսարանը։ Այլապես ինչպե՞ս մեկնաբանել, որ ԱԺ նախագահը հանդուրժում է փողոցային բառապաշարներն ու ընդդիմության հասցեին արհեստական ցեխշպրտոցին, այն դեպքում, երբ հենց ներկայիս իշխանություններն ընդդիմություն եղած ժամանակ անընդհատ խոսում ու շահարկում էին «լքված ու ձայնազուրկ» ընդդիմության մասին, դատապարտում «բռնապետական ռեժիմի» նմանօրինակ գործելաոճը։

Պառլամենտում չկա պատշաճ մակարդակի քաղաքագիտական խոսք ու ծանրակշիռ գաղափարական մեկնություն, այդ իսկ պատճառով ՀՀ-ում ընթացող հիմնական քաղաքական օրակարգերը կազմվում են խորհրդարանի կամարներից դուրս։ Երբ ժամանակին ընդդիմադիր Նիկոլը խոսում էր ԱԺ-ի՝ կառավարության կցորդը լինելու և գործադիրի կողմից ներկայացված որոշումներն ու նախագծերը դակող մարմին լինելու մասին, հավանաբար իր ամենադառը երազում անգամ չէր կարող պատկերացնել, որ կառերեսվի նման դաժան իրականության հետ։

ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո հանրության մոտ այնպիսի սպասում կար, որ ընտրությունների արդյունքում կձևավորվի իսկական ժողովրդամետ օրենսդիր, երբ այնտեղ կիշխի մտքի ստեղծարարությունը, հայրենիքին նվիրվածությունը, երբ այնտեղ կաշխատեն ոչ թե ձևականորեն, այլ իրոք երկրի հոգսերով մտահոգ պատգամավորներ, որոնք իրենց օրենսդիր գործունեությամբ պիտի նպաստեն ՀՀ առաջընթացին:

Ցավոք, իրականությունն այս մեկ տարվա ընթացքում այլ բան ապացուցեց. ժողովրդի կողմից ընտրյալները այդպես էլ չգիտակցեցին, որ հարկատուների հաշվին գործունեություն ծավալելն ԱԺ-ից ստացած բարձր աշխատավարձը կամ ստրասբուրգյան թանկարժեք, բայց անարդյունավետ գործուղումները չեն: ԱԺ-ն, իր ուռճացված ապարատով, արդեն իսկ ֆինանսական ծանր բեռ է մեր հասարակության համար, սրան գումարած նաև՝ այն թանկարժեք ու բազմամարդ գործուղումները, որոնք տեղի են ունենում ամեն ամիս, ընդհանուր պատկերը դարձնում են սյուրռեալ:

Արմեն Հովասափյան

Տեսանյութեր

Լրահոս