Հիմա հերթն Արմեն Սարգսյանինն է

Անցած տարի այս օրերին Նիկոլ Փաշինյանը մեծ շուքով մասնակցում էր Դավոսի միջազգային տնտեսական համաժողովին՝ հույս ունենալով, որ «թավշյա հեղափոխությունից» հետո ներդրողները ոգևորված՝ պիտի շտապեն Հայաստան։ Այս տարի վարչապետն այլևս Դավոս չի գնացել։ Այս անգամ դավոսյան տնտեսական համաժողովին մեկնել է նախագահ Արմեն Սարգսյանը։ Հիմա հերթը նախագահինն է։ Թե ինչու Նիկոլ Փաշինյանը Դավոս չի գնացել, հավանաբար դժվար չէ գուշակել։ Նա այնտեղ, թերևս, անելիք չունի։

Դավոս գնում են համաշխարհային տնտեսական իրավիճակը քննարկելու, լուրջ տնտեսական ծրագրեր ներկայացնելու, և ոչ թե՝ հեղափոխությունների մասին խոսելու համար։ Ի՞նչ պիտի աներ Նիկոլ Փաշինյանը Դավոսում՝ հատկապես այն բանից հետո, երբ դավոսյան նախորդ համաժողովը չարդարացրեց «թավշյա հեղափոխության» առաջնորդի հույսերը։ Դավոսում, իհարկե, Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ հանդիպումներ ունեցավ տարբեր երկրների ղեկավարների ու ընկերությունների ներկայացուցիչների հետ, կամ առնվազն այդպես ներկայացվեց, խոսեց «թավշյա հեղափոխության» բերած արժեքների մասին։ Եղան հայտարարություններ Հայաստանում ներդրումների իրականացման հնարավորությունների վերաբերյալ։ Բայց ներդրումներն այդպես էլ տեղ չհասան։

Անցած տարի արտաքին ուղղակի ներդրումների առումով որևէ աճ չգրանցվեց։ Ավելին, նույնիսկ դրանք կրճատվեցին։ Եվ, որ ավելի վատ է, նկատվեց ներդրումների փախուստ Հայաստանի տնտեսությունից։

Դավոսյան հարթակի միջոցով ներդրումներ բերելու փորձեր նախկինում ևս բազմիցս արվել են։ Բայց ունենք այն, ինչ ունենք։ Ու դրա պատճառը պետք է փնտրել ոչ թե ներդրողների, այլ ներդրումային այն միջավայրի մեջ, որն առկա է Հայաստանում։ Քանի դեռ պահպանվում է այդ իրավիճակը, ներդրումային լուրջ ակնկալիքներ չեն կարող լինել։ Ներդրողները գնում են այնտեղ, որտեղ իրենց լավ են զգում, և ոչ թե այնտեղ, որտեղ շարունակ հեղափոխություններից են խոսում, որտեղ ներդրումային ռիսկերի պակաս չկա, որտեղ կառավարությունն ի վիճակի չէ պաշտպանել ներդրողներին, որտեղ տարիներով կարող են ոտնահարվել ներդրողների իրավունքները, իսկ կառավարությունը ոչինչ չանի այն վերականգնելու համար, որտեղ վարչապետն արհամարհանքով և հեգնանքով է խոսում ներդրողների մասին, որտեղ քաղաքապետը կարող է ներդրողների մասին դատողություններ անել նրանց հագուկապով։

«Հեղափոխությունը», որի հետ այդքան մեծ հույսեր էին կապվում ներդրումների համար, ոչնչով չարդարացրեց սպասելիքները։ Թեև ի սկզբանե էլ պարզ էր, որ ներդրումների հետ կապված լուրջ ակնկալիքներ չպետք է ունենալ։ Կապիտալը հայրենիք չունի և պատրաստ է գնալ այնտեղ, որտեղ իր համար աշխատելու ավելի լավ ու գրավիչ պայմաններ կառաջարկվեն։

Իսկ ի՞նչ ունի Հայաստանն առաջարկելու օտարերկրյա ներդրողներին։ Չկա տնտեսական գործունեության համար բարենպաստ մթնոլորտ, չկա ներդրումային նորմալ օրենսդրություն, ներդրումների պաշտպանությունը ցածր մակարդակի վրա է, խիստ սահմանափակ են ներքին շուկայի իրացման հնարավորությունները, չկան բարվոք ենթակառուցվածքներ, արտահանման և արտաքին շուկաներ դուրս գալու ուղիներ։

Միակ ցամաքային ճանապարհը, որով Հայաստանը կապվում է արտաքին աշխարհի հետ, գրեթե մշտապես խնդիր է ստեղծում բեռնափոխադրողների համար։ Իշխանափոխությունից գրեթե 2 տարի հետո այս առումով ոչինչ չի փոխվել։ Արդեն տևական ժամանակ խոսվում է, որ կառավարությունը մտադիր է 2 լաստանավ ձեռք բերել և բեռնափոխադրումներ կազմակերպել նաև ծովային ճանապարհով։ Բայց գործընթացն առաջ չի գնում։ Ու դեռ հարց է, թե որքանով այն արդարացված կլինի։

Լաստանավային փոխադրումներն անհամեմատ ավելի թանկ են, և մի կողմից՝ նվազեցնելու են հայկական ապրանքների մրցակցությունն արտաքին շուկաներում, մյուս կողմից՝ ներքին սպառողների համար թանկացնելու են ներմուծումը։
Այս պայմաններում միամտություն է կարծել, որ ներդրողներ կգան Հայաստան։

Հայաստանում չկա ներդրումային մթնոլորտ։ Կառավարությունը հասցրել է այս ընթացքում բազմաթիվ խնդիրներ ստեղծել ներդրողների համար։ Ու այս ամենի հետ, տնտեսության մեջ չափազանց քիչ են ներդրումային հետաքրքրություն ներկայացնող ոլորտները։ Ավելին, այդ ոլորտներում խոչընդոտները ներդրողների համար մի բան էլ ավելացել են։ Եվ դա վերաբերում է, առաջին հերթին՝ հանքարդյունաբերությանը։ Կառավարության թեթև ձեռքով ներդրումային հետաքրքրությունները հանքարդյունաբերության մեջ դարձել են խիստ ռիսկային։ Այն, ինչ կատարվում է «Լիդիանի» հետ, բավական է, որպեսզի ներդրողները խուսափեն մտնել ոչ միայն այդ, այլև այլ ոլորտներ։

Մինչդեռ պետք է հասկանալ, որ ներդրումների ներգրավման համար պահանջվում է երկարատև և ծանր աշխատանք։ Այս ընթացքում կառավարությունն իր չտրամաբանված քայլերով լուրջ հարված է հասցրել երկրի ներդրումային միջավայրին։ Ու դեռ հարց է, թե որքան ժամանակ պետք կլինի այն վերականգնելու համար։

Պոտենցիալ ներդրողներին համոզել, որ ներդրումները Հայաստանում պաշտպանված են, երբ բոլորը տեսնում են, թե նրանք ինչպիսի փորձության են ենթարկվում, լուրջ չէ։ Որևէ երաշխիք չկա, որ վաղը նույնը չի կարող կրկնվել նրանց հետ։ Այնպես չէ, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Հայաստանում կոռուպցիա չկա, մրցակցությունն էլ ապահովված է, այլևս որևէ պաշտոնյա չի կարող փայ մտնել ներդրողի հետ կամ փորձել խլել նրա բիզնեսը, ու դրանով բոլոր հարցերը լուծվեցին։

Ներդրողին հարկավոր են իրավական հստակ երաշխիքներ և կայուն միջավայր։ Մինչդեռ կառավարության ղեկավարը պերմանենտ հեղափոխական տրամադրությունների մեջ է պահում երկիրը։ Զարմանալի չէ, որ իշխանափոխությունից շուրջ 2 տարի հետո Հայաստանի ներդրումային դաշտի նկատմամբ վստահություն չունի անգամ ներքին կապիտալը։

Այս պայմաններում ոչ մի Դավոս էլ չի կարող բեկել ներդրողների հետաքրքրությունները Հայաստանի տնտեսության նկատմամբ։ Կլինեն հերթական հայտարարությունները՝ ներդրումային խոստումների ու հնարավորությունների վերաբերյալ, բայց, ինչպես սովորաբար լինում է, ամեն ինչ դրանով կավարտվի։ Սա անիմաստ զբաղմունք է, որը ոչինչ չի տա Հայաստանի տնտեսությանը։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս