«Գաստրոլյոր» և պետական գործիչ լինելու նուրբ սահմանը

Վերջին օրերին հայ հանրության ողջ ուշադրության կենտրոնում հունվարի 17-ին Երևանում Պարյուր Սևակի փողոցում գտնվող իր բնակարանում ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դիակի հայտնաբերման փաստն էր, որը ամենատարբեր մեկնաբանությունների ու կարծիքների տեղիք տվեց։ Թե իրականում ինչ հանգամանքներում և ինչ պատճառներով է մահացել ԱԱԾ նախկին տնօրենը, զերծ կմնանք որևէ գնահատական և մեկնաբանություն անելուց, քանի որ գործը գտնվում է նախաքննական վարույթում, և դեռևս շատ մանրամասներ հայտնի չեն, կփորձենք ավելի շատ անդրադառնալ դեպքի հոգեբանական և բարոյական հետևանքներին։

Պետք է հստակ փաստենք, որ Կուտոյանի մահվան հետ կապված՝ սոցցանցերում մի այնպիսի արհեստական փսիխոպատիկ իրավիճակ էր ստեղծվել, որտեղ անհասկանալի ու անտրամաբանական մեկնաբանությունների ալիքին հաջորդում էր մի տեսակ արյան ծարավ սեկտորի վայրահաչոցների շարան։ Չխոսելով կատարվածի անմարդկային և պարանոիկ շեշտադրումների մասին՝ պետք է նշել, որ անկախ նրանից, թե իրականում ինչ է տեղի ունեցել, ինչ պատճառներով կամ դրդապատճառներով, մենք ռեալ իրականությունում գործ ունենք մարդու մահվան փաստի հետ․ մարդ, ով ունեցել է ընտանիք, բարեկամներ, ընկերներ, գործընկերներ, հարևաններ, այլ բնորոշմամբ՝ սովորական բանական արարած, և նման բորենիական պահվածքը, որին ականատես եղանք անցնող երկու-երեք օրերի ընթացքում, զուրկ է որևէ մեկնաբանությունից և ընդամենը սրբապղծության մասին է խոսում։

Այն, ինչ տեղի ունեցավ Գեորգի Կուտոյանի մահվան մասին տեղեկատվությունը տարածվելուց հետո, դուրս է ցանկացած բանական մարդու պատկերացումից․ երբ պետության երբեմնի բարձրաստիճան ղեկավարի մարմինը դեռ չսառած, զոմբիական սեգմենտի կողմից սկսվեց ամենատարբեր լկտի ու ամբարտավան տեսակետների ու քաղաքական շահարկումների ալիքի ապահովման գործընթացը։

Տեղեկատվական դաշտում ստեղծված վակխանալիայի մեջ ամենաինտրիգայինն այն էր, որ ՀՀ ներկայիս բարձրագույն իշխանությունը ոչ մի սթափության կոչ չհնչեցրեց կամ չսաստեց տեղի ունեցող անբարոյականության «խրախճանքը», ընդհակառակը, որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ անգամ անհասկանալի ձևակերպումներ էին ներկայացնում՝ փորձելով Կուտոյանի մահվան մեջ, այնուամենայնիվ, քաղաքական հետք տեսնել ու հիմնականում ԱԱԾ նախկին պետի մահվան սլաքներն ուղղել անցյալի գործունեությանը և նախկին իշխանության ներկայացուցիչ լինելուն։ Հանուն արդարության պետք է փաստենք, որ գործող իշխանության ոչ բոլոր ներկայացուցիչներն էին, որ նման  ոչ ադեկվատ ու ստոր տեսակետներ էին  շրջանառում, կային նաև մարդիկ, ովքեր իրականում ցավում էին տեղի ունեցած ողբերգության համար։

Վերադառնանք ինքնահռչակ «ժողովրդական վարչապետին». վերջինս իր ֆեյսբուքյան ակտիվությամբ չի զիջում ոչ մի ակտիվ օգտատիրոջ, և ԱԱԾ նախկին տնօրենի մահվան դեպքի հետ կապված բավականին տարօրինակ վարքագիծ դրսևորեց։ Նա, բոլորի համար զարմանալիորեն, ոչ մի ցավակցական հստակ խոսք չհղեց տեղի ունեցած դեպքի հետ կապված։ Ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ ոչ կառավարության պաշտոնական կայքում, ոչ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում Կուտոյանի մահվան վերաբերյալ ոչ մի ցավակցական ուղերձ չկա։ Առաջին անգամ հայ պետականության պատմության մեջ պետության ղեկավարի ցավակցական ուղերձը ստացել են միայն այն ԶԼՄ-ները, որոնք հետաքրքրվել են դրանով, սա, աբսուրդից բացի, այլ բան չի կարելի որակել։

Ի դեպ, առաջինը 168.am-ն է ՀՀ կառավարության տեղեկատվության վարչությունից հետաքրքրվել, թե ինչո՞ւ մինչ այսօր Նիկոլ Փաշինյանը չի ցավակցել Կուտոյանի մահվան կապակցությամբ, ստանալով համապատասխան մեկնաբանությունը։

Սակայն Նիկոլի այդ անմարդկային վերաբերմունքն էլ ավելի ակնհայտ դարձավ, երբ նա ոչ միայն չմասնակցեց նախօրեին տեղի ունեցած Կուտոյանի հոգեհանգստին, որին մասնակցում էին նախկին իշխանությունների գրեթե բոլոր ներկայացուցիչները, գործող իշխանությունների հատուկենտ ներկայացուցիչներ,  ՀՀ քաղաքական դաշտում ակտիվ դերակատարություն ունեցող և ունեցած անհատներ, ուղղակի շարքային քաղաքացիներ։ Էլ ավելի զարմանալի ու քաղաքականացված էր այն դրվագը, երբ Փաշինյանը ոչ իր, ոչ կառավարության անունից անգամ ծաղկեպսակ չէր ուղարկել Կուտոյանների ընտանիքին՝ ի ցույց հարգանքի։

Նման վարքագծով Փաշինյանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ հեռու է պետական գործիչ ու պետության ղեկավար լինելու բոլոր չափորոշիչներից, իր այս գործելաոճով նա ապացուցեց, որ իր կողմից արվում է ամեն ինչ պետության բնական շարունակականությունը կեղեքելու և պղծելու համար։

Նիկոլ Փաշինյանը դարձյալ հաստատում է, որ պետություն ու պետականություն ասված կատեգորիաներն այս իշխանության համար աբստրակտ պատկերացումներ են, և այս իշխանությունը ոչ մի աղերս չունի ազգ, պետություն, պետականություն ասվածի ու նման արժեքների հետ, իսկ պետության ներկայիս ղեկավարներն  ընդամենը ճիշտ պահին ճիշտ տեղում հայտնված «գաստրոլյորներ» են։

Արմեն Հովասափյան

 

Տեսանյութեր

Լրահոս